ՀԵՆԱԿԵՏԵՐԻ ԱՎԱԳՆԵՐԸ
ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆԿԱՐԾԱԿԻԻ ԲԵՐԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
Մարտական հերթապահության պատշաճ կազմակերպման գործում անհնար է գերագնահատել հենակետի, դիրքի պատասխանատուների դերը: Հենց նրանց մարտավարամասնագիտական պատրաստության աստիճանից է կախված ծառայության հաջող կազմակերպման ընթացքը, իսկ պատասխանատուների պատրաստվածության մասին անմիջական կարծիքը ձևավորվում է առաջին իսկ հանդիպումից` զեկույցից: Զինվորի պարզ ու հասկանալի խոսքը, հագուկապը, տեսքն ու կեցվածքն արդեն իսկ որոշակի կարծիք կազմելու նախադրյալներ են ստեղծում մարտական հերթապահության իրականացման մասին: Պաշտպանականում դիրքերի ավագները կարծես մրցակցության մեջ լինեին միմյանց հետ, որովհետև բոլորն էլ առանձնանում էին հրամանատարական հատկանիշներով, իրավիճակին տիրապետելու, ստորաբաժանումը ղեկավարելու հմտություններով: Ոչ, նրանք պայմանագրայիններ չէին, պարտադիր ժամկետային ծառայության զինվորներ էին, ուղղակի պաշտպանական շրջանի և միավորման հրամանատարությունը, ակնհայտորեն, ճիշտ ընտրությունից հետո նրանց հետ ուղղորդիչ լավ աշխատանք է կատարել:
Դիրքի ավագ, ավագ սերժանտ Սմբատ Քեհինյանից հերթական անթերի զեկույցը լսելուց հետո նրան խնդրեցինք պատմել իր մասին:
-Դպրոցից հետո ընդունվել եմ քոլեջ ու ձեռք բերել խոհարար-դիզայների մասնագիտություն: Քոլեջն ավարտել եմ կարմիր դիպլոմով: Դրանից հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետ և առաջին կուրսից զորակոչվել եմ բանակ՝ միամգամից այստեղ: Ընդգրկվել եմ կրտսեր հրամանատարների պատրաստման դասընթացներում, որից հետո նշանակվել եմ ջոկի հրամանատար: Այժմ գումարտակի սերժանտական խորհրդի նախագահն եմ:
Խորհրդում քննարկվող հարցերի մասին ավագ սերժանտն ասաց.
-Քննարկվող խնդիրները բազմազան են, բայց բոլորն էլ միտված են ծառայության կազմակերպման որակի բարձրացմանը, ծառայողական կարգապահության ամրապնդմանը, անվտանգության ապահովմանը: Իհարկե, լինում են նաև առօրյա խնդիրներին, հոգևոր-մշակութային, մարզական միջոցառումների անցկացմանը, առանձին դեպքերին, միջադեպերին, անհատների վարքին վերաբերող քննարկումներ: Նիստերի ընթացքում յուրաքանչյուրն իրեն հետաքրքրող կամ հուզող հարցն է բարձրացնում:
Դիրքի ավագը ներկայացրեց նաև իր ենթականերին, խոսեց նրանց մարտունակության և բարոյահոգեբանական հատկանիշների մասին:
-Մարտական հերթապահության, ինչպես նաև սովորելու, մարզումների ու զորավարժությունների ժամանակ մշտապես աչքի են ընկնում եֆրեյտորներ Յուրիկ Ծառուկյանը, Սամվել Մարգարյանը, շարքայիններ Հովհաննես Խաչատրյանը, Ռաֆայել Սարգսյանը, Գևորգ Ասլանյանը, Նորայր Մկրտչյանը, Բագրատ Թովմասյանը, Արամ Արզումանյանը… Նրանք շատ լավ են պատկերացնում մեր երկրի, մեր բանակի խնդիրները, գիտեն, որ թշնամին զավթել է մեր տարածքների մի մասը և դեռ դրանով չի բավարարվում, բայց մենք աչալուրջ ենք և պատրաստ ենք պատեհ առիթն օգտագործել ու վերադարձնել մեր հողերը, մեր պատմական տարածքները:
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ
Մարտական դիրքում մարզումներ, զորավարժություններ անցկացնելը կարևոր է անհրաժեշտության դեպքում ճիշտ ու արագ կողմնորոշվելու, հակառակորդին դիմագրավելու համար: Երբ ավագ սերժանտ Ս. Քեհինյանն ասաց, որ այստեղ զորավարժություններ հաճախակի են անցկացնում, և դրանք իրենց մարզումների պարտադիր մաս են կազմում, մենք սիրով ընդունեցինք բանակային այդպիսի մի միջոցառման ներկա գտնվելու առաջարկը: Նա անձնակազմին պարզաբանեց թեման. «Մարտական հաշվարկով գործողությունները` հակառակորդի բացահայտ հարձակման դեպքում»: Քիչ անց հնչեց հրամանը.
-Ջո՛կ, ի զե՛ն, բացահայտ հարձակում` մարտի:
Ակնթարթորեն գետնատնակից դուրս թռան սպառազեն զինվորները և մեկը մյուսի հետևից անհայտացան խրամուղում: Եվս մեկ ակնթարթ, և լսվեցին զեկույցները`
-Գնդացրորդ շարքային Սարգսյանը կրակային դիրում է, պատրաստ է մարտի:
-Նռնականետորդ շարքային Մկրտչյանը կրակային դիրքում է, պատրաստ է մարտի:
Եվ այսպես լսվեցին բոլորի զեկույցները: Որոշ դադարից հետո հնչեց ջոկի հրամանատարի հաջորդ հրամանը`
-Օդային հարձակում, ջոկը դեպի թաքստոց:
Այս հրամանն էլ վայրկենապես կատարվեց: Դիրքում մնաց միայն դիտորդ գնդացրորդ շարքային Արամ Արզումանյանը:
-Ես զորավարժությանը մասնակցելու, դիտակետը թեկուզև կարճ ժամանակով լքելու իրավունք չունեմ,- պարզաբանեց նա:
Վերադառնալով դիրք` զինվորները հրամանատարի հսկողությամբ ստուգեցին և հատկացված տեղում` զինապահեստում տեղավորեցին իրենց զենքերը:
Ուսումնասիրեցինք նաև ծառայության պայմանները: Մաքրությունը տեղն էր, սնունդը` հացը, պանիրը, երշիկը, ձուն, կարագը, արագ պատրաստվող ճաշերի տուփերը, հյութերը և մնացած ամեն ինչը խնամքով դասավորված էին պահարանում: Գետնատնակի պատին ամրացված էր փաստատախտակը՝ համապատասխան հրամաններով ու հրահանգներով, ինչպես նաև փակցված էին «Հայ զինվորի» և «Մարտիկի» վերջին համարները:
♦♦♦
Հաջորդ դիրքի ավագը սերժանտ Արմեն Գրիգորյանն էր: Նա նույնպես շատ լավ տպավորություն թողեց մեզ վրա: Պարզվեց թիկնապահական ակադեմիայի ուսանող է: Երբ նրա հետ զրուցում էի կրտսեր հրամանատարի կամային հատկանիշների, ղեկավարման ունակությունների մասին, նա էլ իր կարծիքը հայտնեց.
-Պատասխանատվությունը սթափ գիտակցության արտահայտությունն է, իհարկե, պատշաճ ծառայության համար անհրաժեշտ են ուրիշ շատ որակներ, որոնք պետք է բանակում ծառայելով ձեռք բերես, բայց մարդու բնավորությունը, սովորությունները, դաստիարակությունն ավելի վաղ տարիքում են սկսում դրսևորվել ու զարգանալ, որոնք նաև դպրոցի, ընտանիքի ու շրջապատի ազդեցության արդյունք են: Բանակում մարդկանց մեջ ավելի սուր է արտահայտվում հայրենասիրությունը, մանավանդ՝ սահմանին: Նույնիսկ այն տղաները, որոնք կյանքում եղել են, այսպես ասած, անկարգ, չար, ինչպես ասում են` դժվար դաստիարակվող, բանակում դառնում են իսկական հայրենասերներ, ինչ բարդ առաջադրանք էլ տաս, նրանք ամբողջությամբ կատարում են:
Իր ջոկի մասին նա ասաց.
-Ես բոլորից գոհ եմ: Նրանք խելացի են, կարգապահ, լսող: Այստեղ մի ընտանիքի պես ենք: Հակառակորդն իր մարտավարությունը չի փոխում, կրակոցներ կան, մենք պետք է զգույշ լինենք, անհրաժեշտության դեպքում նաև պատասխանենք:
Դիտորդները շարքայիններ Հայկ Մարգարյանը և Էրիկ Ավագյանն էին, իսկ Անանյան Վլադիմիրը, Մկրտչյան Ռազմիկը, Հակոբյան Վաչիկը և մյուսները հանգստանում էին: Այստեղ էր նաև դիրքի ավագի հանգիստը կազմակերպող ենթասպա Ա. Բադալյանը: Նա փորձառու պայմանագրային է և երիտասարդ զինվորներին շատ է օգնում:
Հենակետում` հանգստի համար առանձնացված տեղում, սեղանի վրա գրքեր էին դարսված. Կամսար Ավետիսյան (աշխարհագրություն), Պուշկինի բանաստեղծությունները, Լոնգֆելոյի «Հայավաթի երգը»: Մտածեցի՝ ընտրությունն այնքան էլ մեծ չէ:
Առաջնագիծ եկան նաև հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Ավանեսյանը և ծառայության պետ մայոր Արման Գրիգորյանը: Նրանց հետ զրույցից հասկացանք, որ այս շրջանի հրամանատարությունը պարբերաբար ստուգում է մարտական դիրքերի զինծառայողների զգոնությունը:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան