ՊՆ ԹԻՄԸ՝ «ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ-2013» ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Ավարտվեց արդեն ավանդական դարձած «Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը: Հինգերորդ տարին անընդմեջ անցկացվող ֆուտբոլային մրցաշարի նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է: Կազմակերպիչը և անցկացնողը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է, գլխավոր աջակիցը` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան: Ինչպես նշում են կազմակերպիչները, ամենամյա այս միջոցառումը նպատակաուղղված է պետական կառավարման մարմինների աշխատակիցների ֆիզիկական ակտիվացմանը, սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպի արմատավորմանը:
«Վարչապետի գավաթ-2013» ֆուտբոլային մրցաշարին մասնակցեցին 15 գերատեսչությունների թիմեր: Շուրջ մեկ ամիս տևած պայքարից հետո որոշվեցին առաջատարները: Բրոնզե մեդալների արժանացավ ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը, որը երրորդ տեղի համար խաղում 3:1 հաշվով առավելության հասավ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության թիմի նկատմամբ:
Եվ ահա նոյեմբերի 22-ին անցկացվեց «Վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին ՀՀ պաշտպանության նախարարության և Ոստիկանության թիմերը: Խաղին ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ:
Խաղի առաջին իսկ վայրկյաններից դաշտում ծավալվեց լարված և անզիջում պայքար: Երկու թիմերն էլ գրոհում էին և ձգտում արագ արդյունքի հասնել: Սակայն ընդմիջման գնալիս խաղատախտակին թիմերի անվանումների դիմաց դեռևս զրոներ էին: Խաղադադարին հանդիսականների ոգևորությունն իրենց ելույթներով բարձր պահեցին զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտիկները` ցուցադրելով ձեռնամարտի, ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության գեղեցիկ հնարքներ: Ընդմիջումից հետո ֆուտբոլիստները նոր ուժով գրոհեցին, սակայն խաղի մնացած ժամանակահատվածում հաշիվն այդպես էլ չփոխվեց` 0:0: Ի վերջո, հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ արդեն մարզական բախտը ժպտաց զինվորականներին: Նրանք ավելի դիպուկ էին և հաղթեցին 5:3 հաշվով:
Մրցաշարի հաղթողներին պատվավոր գավաթը և մեդալները հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շնորհավորեց պաշտպանության նախարարության թիմին մրցաշարում տարած փայլուն հաղթանակի համար` հումորով նշելով, որ հանդիպումը մի քիչ ուժային ստացվեց, ինչպես հատուկ է ուժային կառույցներին:
-Այս մրցաշարը շատ հետաքրքիր էր և լարվածության մեջ էր պահում կառավարության ողջ աշխատակազմին: Բոլորն ուշադիր հետևում էին, թե իրենց թիմերն ինչպես են խաղում: Կարևորն այն է, որ ֆուտբոլը դառնում է մասսայական, և թիմերը պատրաստվում են հաջորդ տարվա մրցաշարին:
Վարչապետը նաև հավելեց, որ եզրափակիչ խաղում պարտվողներ չկան, քանի որ բոլորն էլ հաղթել են` այդ գեղեցիկ հանդիպման ականատեսը լինելով:
Այո, խաղն իրոք բավական հաճելի պահեր պարգևեց հանդիսատեսին: Հատկապես ուրախալի է տեսնել, որ մրցաշարը տարեցտարի ավելի մեծ նշանակություն է ստանում, գերատեսչությունների աշխատակիցները ավելի լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում: Վստահ կարելի է նշել, որ հաջորդ տարի թիմերի միջև մրցակցությունը առավել մեծ է լինելու:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ