ՆԻԶԱՄԻՆ
Փաստագրական վիպակ
Մի քանի օր մեր խոսակցության հիմնական թեման Նիզամին էր: Աբոն էլ չհամբերեց, վերցրեց ու նամակ գրեց Օստրով: Մոտ տասը օրից ստացվեց Արսեն Դավթյանի պատասխան նամակը. «Տղերք ջան,-գրում էր Արսենը,- Նիզամին այժմ զորամասի երկրորդ մարդն է` հրամանատարից հետո: Նա է անձնակազմին շարում տողանի, ստուգում, զեկուցում հրամանատարին, տանում ճաշարան, ուղարկում աշխատանքի… Գերասիմովն ասում է, որ եթե Բայրամօղլին զորամասում է, սպաները կարող են զորամաս չմտնել կամ էլ ոչ մի բանի չխառնվել: Նիզամին է հրամանատարի անունից մարդկանց տույժ տալիս, կալանք հայտարարում, փաստաթղթերը լրացնում, տանում հանձնում կալանատուն, հետ բերում կամ կալանքի ժամկետը երկարաձգում: Նա տարբերություն չի դնում զինվորի, սերժանտի, սպայի, հայի, ռուսի կամ թուրքի միջև: Վերջերս մի «ծերուկ» ադրբեջանցու հետ էր բերել կալանատնից, էդ տղեն տասը օր չէր սափրվել ու կենցաղի սենյակում սափրվում էր, մեկ էլ, Նիզամուն տեսնելով, քթի տակ հայհոյեց: Սրիկան լսել էր. էկավ ու հենց էդպես էլ՝ դեմքի կեսը օճառոտ, կեսը մազոտ, մտցրեց մեքենան ու հետ՝ կալանատուն տարավ… Դուք, հո, տեսել եք, թե ինչ հզոր տղերք կան: Մի երկու անգամ գիշերով ծածկոցը գցել են գլխին ու ծեծել, բայց չի խրատվել, հիմի էլ պահասենյակում է քնում, մենակ…»: Աբոն ընթերցումն ավարտեց, ու մի քանի րոպե բոլորս լուռ էինք:
– Ինչ լավ ա, որ մենք Օստրովում չենք,- վերջապես լռությունը խախտեց Վարդանը:
Մեր ջոկի հին զինվորներից բելառուս Սկակունը, տեսնելով մեզ խմբված, մոտեցավ ու հարցրեց.
– Ինչ-որ բա՞ն է պատահել, հը՞, ինչո՞ւ եք տխուր:
Ասացինք, որ բան չկա, Օստրովի մեր ընկերներից նամակ ենք ստացել:
– Նիզամի Բայրամօղլին ձե՞ր զորակոչից է:
– Հա, մեզ հետ է եկել,- ասաց Սոսը:
– Հա՞յ է:
– Ադրբեջանցի:
– Ախ, «չուրբա՛ն», հիմա պարզ է,- ասաց բելառուսն ու գնաց:
Ռիգայում ցուրտ ձմեռ էր: Ծովածոցի ջրերը սառցակալել էին: Շաբաթ, կիրակի օրերին հարյուրավոր մարդիկ, ձկնորսական փոքրիկ արկղիկներն առած, գալիս էին ձուկ որսալու: Նրանք ձեռքի հորատիչով ծակում էին հաստ սառույցը, նստում արկղիկներին ու կախում իրենց փոքր կարթը: Մի քանի րոպեից ձուկը կուլ էր տալիս խայծը:
-Արա, որ ասում եմ ծով ունենալը բախտավորություն է, ճիշտ եմ ասում էլի,- Բալթիյսկում արտահայտած միտքը զարգացրեց Աբոն:- Ծովափի ժողովուրդը սոված չի մնա: Տեսեք, էսքան մարդ համ հանգստանում է, համ էլ ձուկ բռնում:
Այստեղ մենք աշխատում էինք ռազմական նավերի, սուզանավերի վերանորոգման գործարանի նորակառույց արտադրամասում: Կատարում էինք ներքին հարդարման աշխատանքներ, գործ շատ կար, բայց շուտով մեր բրիգադին տարան շինարարական վարչության շենքը նորոգելու: Պարզվեց նաև, որ մեր ջոկն անցած տարվա տվյալներով լավագույնն է ճանաչվել շինարարական զորամասերի մեջ, եֆրեյտոր Սեմկոն էլ կրտսեր սերժանտի կոչում ստացավ.
– Ես ասել եմ` Սեմկոն Սեմկո չի լինի, եթե սերժանտի կոչումով չզորացրվի,- ասաց բելառուս Սկակունը:
Բելառուսները չէին սիրում այդ բոյով, նեղ դեմքով, սուր ու երկար քթով, կարմիր ակնաբիբերով, կարիերիստ խախոլին, բայց իրենց աշխատանքը լավ էին կատարում ու մեզ էլ սովորեցնում էին առաստաղի, պատերի հղկման ու պաստառապատման նրբությունները: Մարտի վերջին իմացանք, որ վաշտը տեղափոխվելու է Բելառուսիա՝ Բիխով քաղաք: Ավագ լեյտենանտ Կորեյկոն զորանոցին տիրություն անելու համար թողեց Աբոյին ու Գագիկին, իսկ մենք մեկնեցինք:
Բիխովը զինվորական քաղաք էր, որտեղ տեղակայված էր Բալթյան նավատորմի ավիացիայի բազաներից մեկը: Փողոցներում հսկողությունը շատ խիստ էր: 200-300մ հեռավորությամբ շրջում էին պարեկները` փոխգնդապետներ ու մայորներ: Մենք աշխատելու էինք բնակելի շենքի վրա: Սա զորացրվողների համար «վերջին ակորդ» համարվող աշխատանքն էր: Զորացրվելու պատրաստվող զինվորներ էին եկել նաև Օստրովից, ու փաստորեն մեկ գումարտակի չափ մարդ կար:
Հրամանատարը կապիտան Ֆյոդորովն էր, իսկ քաղգծով տեղակալը` ավագ լեյտենանտ Շպակը, որի հետ «կարանտինի» ժամանակ երկար զրուցելու առիթ էի ունեցել, ու մեր միջև փոխադարձ հարգանքի պես մի բան էր առաջացել: Նա նրբանկատ, մարդկանց հանդեպ ուշադիր, դիմացինին լսելու կարողություն ունեցող, կիրթ անձնավորություն էր, ու ես ուրախ էի նրան կրկին հանդիպելու համար, մանավանդ որ հենց առաջին օրը շարքի առջևից անցնելիս գլխի թեթևակի շարժումով հասկացրեց, որ հիշում է ինձ:
Ապրիլի մեկից եղանակը միանգամից փոխվեց, կարծես գարունը քնած տեղից հանկարծ արթնացավ: Մի քանի օրվա մեջ կեչիների ուռած բողբոջները պայթեցին, ու քաղաքի շենքերը թաքնվեցին սաղարթախիտ ծառերի հետևում: Տաք էր, ու գումարտակի ավագ, ենթասպա Խապնցևը պահանջեց պահասենյակ հանձնել շինելները: Աշխատում էինք մինչև երեկոյան ժամը վեցը, որից հետո լվացվում-մաքրվում էինք, բանվորական հագուստը փոխում ամենօրյա մաքուր արտահագուստով և հենց աշխատանքի տեղից գնում ճաշարան, որը նախատեսված էր կայազորի բոլոր զորամասերի զինվորների համար ու գտնվում էր քաղաքի կենտրոնում: Այդ ժամերին փողոցները մարդաշատ էին լինում: Բարձր դասարանների աշակերտուհիները, մանկասայլակներով երիտասարդ կանայք խումբ- խումբ զբոսնում էին, գնում ակումբ: Երկար շարասյուներով անցնող մեր գումարտակը երգում էր.
Լաց մի լինիր աղջիկ,
Անձրևները կանցնեն,
Զինվորը կվերադառնա.
Դու միայն սպասիր…
Աղջիկները կանգնում, նայում էին մեզ, լսում իրենց սիրած երգը, երբեմն էլ օդային համբույրներ ուղարկում: Ճաշարանը շատ մեծ էր: Հազար մարդ միանգամից հացի էր նստում: Միայն մեր գումարտակն էր զինվորական գորշ համազգեստով, մյուսները, որ նավատորմի ավիացիայի զորամասերի զինծառայողներ էին, հագնում էին ծովայինի սև համազգեստ: Այդ հարցում մենք նախանձում էինք նրանց. չէ՞ որ մենք էլ նույն նավատորմի զինվորներ էինք ու մեր ուսադիրներին էլ նույն «ըՂ» տառերն էին: Սակայն մենք ճաշարանում նրանց նկատմամբ առավելություն ունեինք: Կապիտան Ֆյոդորովն ամեն օր մեր փողով (կուտակվող աշխատավարձից) կաթ էր գնում, և մենք ընթրիքին թեյի փոխարեն կաթ էինք խմում: Այս հարցում էլ «ծովայիններն» էին մեզ նախանձում, ոմանք էլ բաժակները վերցրած գալիս կաթ էին խնդրում: Ճաշարանում սնունդը շատ լավն էր, համեղ, չափաբաժինը` առատ:
Այդ ժամանակ մենք արդեն լիովին ընտելացել էինք, հաղթահարել էինք տան կարոտը. ծառայում էինք հաճույքով: Զորացրվողները, որոնք «ճամպրուկային» տրամադրության մեջ էին, նկարների ալբոմներն ու հագուստներն էին ձևավորում, նաև սկսել էին մեզ հաճոյանալ. հավանաբար չէին ուզում, որ համատեղ ծառայության վերջին օրերին մեր ու իրենց միջև թշնամանք լինի:
-Վախենում են գլխներին փորձանք բերենք,- ասում էր ավտոկռունկավար Մանվելը:
Նա և իր ընկեր Ժորան մարտունեցիներ էին, ծնողների հետ մի քանի անգամ մեկնել էին արտագնա աշխատանքի, ասֆալտի գործ արել: Այդ «վաստակավոր խոպանչիներն» ամրակազմ ու շատ ուժեղ տղաներ էին, բանակ էին եկել մեզ հետ նույն գնացքով, ծառայում էին Տալլինի զորամասերից մեկում ու մեզ պես գործուղվել էին Բիխով:
Մայիսի սկզբին, կառուցվող շենքի տանիքի, միջնորմային պատերի ու հատակի աշխատանքներն ավարտելով, զորացրվողները մեկնեցին Օստրով: Աշխատանքը ժամանակավորապես ընդհատվեց: Տասը-տասներկու հոգով օրվա ծառայությունն էինք կազմակերպում, մինչեւ հունիսի կեսերին ժամանեց նոր համալրումը` հարյուր հիսուն թուրքմեններ: Նավատորմի բոլոր շինարարական զորամասերը համալրվել էին Թուրքմենստանից եկած նորակոչիկներով: Նրանցից կազմավորվեցին նոր ջոկեր` բրիգադներ: Աշխատանքը վերսկսվեց: Ես ու Վարդանը, մի օգնական վերցնելով, մեկ շաբաթում պաստառապատեցինք մուտքերից մեկի բոլոր հարկերի բոլոր բնակարանները: Մեր արածը ինչ-որ ռեկորդային ցուցանիշ էր: Սպաները, ինժեներները գալիս ու հիանում էին մեր աշխատանքով: Որտեղից որտեղ Մոսկվայից ժամանեց աշխատանքները վերահսկող ինչ-որ հանձնաժողով, որի կազմում կային նաև նավատորմի գլխավոր վարչության ներկայացուցիչներ: Սկզբից ստուգեցին մեր գործը: Նրանց պահվածքից չէր հասկացվում` գո՞հ են, թե՞ ոչ: Քաղաքացիական հագուստով մեկը, որը, երեւում էր, ընդհանուրի ղեկավարն է, նպատակամղված թերություններ էր որոնում: Սենյակներից մեկում, որը պաստառապատել էինք վարդերի մեծ փնջերով նախշազարդված պաստառով, նա որոշեց, որ «կորուստը շատ է եղել»: Փորձեցի բացատրել՝ նախշերը մեծ են և իրարից հեռու, ինչի պատճառով էլ այդպես է ստացվել, բայց նա տրամադրված չէր ընդունելու իմ հիմնավորումները: Ի վերջո, գնացին նայելու մյուս մուտքերի աշխատանքները: Մի կես ժամից հանձնաժողովը թափով հետ եկավ: Ղեկավարը հիստերիայի մեջ էր, գոռգոռում էր ու հայհոյում: Արագ-արագ սենյակից սենյակ մտնելով մյուսներին ցույց էր տալիս մեր աշխատանքը և ասում, որ ամեն ինչ պետք է լինի այսպես ուղիղ և համաչափ: Վերջապես մի փոքր հանդարտվեց ու ինձ կանչեց իր մոտ: Ես էլ ներկայացա:
-Ուրեմն, հա՞յ ես… որքա՞ն ես ծառայել:
Պատասխանեցի, որ վեց ամսվա զինվոր եմ:
-ՈՒսումնականի՞ց ես եկել:
-Ոչ, այստեղ եմ սովորել, բրիգադի ավագ զինվորներից:
Կապիտան Ֆյոդրովն ավելացրեց, որ մենք (ցույց տվեց ինձ ու Վարդանին), նավատորմի լավագույն բրիգադի զինվորներից ենք: Մարդը, նայելով Ֆյոդորովին ու գլուխը տմբտմբացնելով, ասաց.
-Պարզ է, սովորեցրել են:
Հանձնաժողովը գնաց: Ես ու Վարդանն էլ մտանք հարևան մուտքը, որտեղ Նորիկի բրիգադն էր գործ անում: Նրանք դեռ առաջին հարկում էին:
-Այ քեզ հրաշք,- ասացի առաջին «պաստառապատ» սենյակը մտնելով, ու սկսեցինք խնդալ: Պաստառների մի կեսը ուղիղ, մյուս կեսը գլխիվայր էին փակցված, ոչ մի նախշ մեկը մյուսի հետ չէր խոսում:
-Ես ինչ անեմ, է՛, ոնց բացատրում եմ, չեն հասկանում,- արդարացավ Մուրադյանը:
-Նորիկ ջան, խի դու թուրքերեն գիտե՞ս:
-Ինչ թուրքերեն, ռուսերեն եմ բացատրում:
-Բայց նրանք ռուսերեն չեն հասկանում… կամ դու թուրքերեն ես սովորելու, կամ էլ, որ ավելի հեշտ է, գործը դու ես անելու ու իրենց էլ ցույց ես տալու,- խորհուրդ տվեցինք մեր ընկերոջը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ