ԱՎԵՏԱՐԱՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Ընթերցողների հարցերին պատասխանում է ՄԻՔԱՅԵԼ աբեղա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ
– Մենք հաճախ մեզ անվանում ենք քրիստոնյա ազգ եւ գիտենք, որ ամենակարեւորն Աստծու դատաստանն է, ապա ինչո՞ւ որպես քրիստոնյաներ չենք ձգտում մեր աշխարհիկ օրենքներն ու պատժի մեխանիզմները գոնե փոքր-ինչ մոտեցնել դրան, թե՞ արդեն մոտեցրել ենք. ի՞նչ եք կարծում։
– Ազգը կարող է քրիստոնյա լինել` քրիստոնեական կարգերն ու բարքերը պահելով միայն: Ցավոք սրտի, աստվածային պատվիրանները պահելու տեսանկյունից մենք այնքան էլ քրիստոնյա ազգ չենք: Բնականաբար, նույն թերացումներն էլ տեղի են ունենում նաեւ մարդկային դատարանների պարագայում:
– Անդրադառնանք անմեղ երեխաներին պատահող դժբախտություններին, մասնավորապես` մահվան դեպքերին: Այստեղ կա՞ պատժի հանգամանքը։
– Եթե հոգեւոր տեսանկյունից նայենք հարցին, ապա պիտի ասենք, որ մանկան պարագայում այդ պատիժը շնորհ է, աստվածային ողորմություն, որովհետեւ մահվամբ նա այս վշտերի, չարչարանքների կյանքից տեղափոխվեց հավիտենական, երկնային ուրախություն: Իսկ եթե նայենք մարդկային տեսանկյունից, ապա արժի հիշել Ավետարանից ի ծնե կույրի բժշկության դրվագը (տե՛ս Հովհ. Թ 3): Հրեաները հարցրին Քրիստոսին, թե ո՞ւմ մեղքն է, որ նա կույր է ծնվել` ծնողների՞, թե՞ իր: Եվ Տերը պատասխանեց. «Ո՛չ դրա մեղքն է եւ ո՛չ էլ իր հորն ու մորը, այլ` որպեսզի դրա վրա Աստծու գործերը հայտնի լինեն»: Օրինակ` սուրբ Գր. Տաթեւացին ասում է, որ ծնողների մեղքի պատճառով Աստված պատժում է զավակին, որպեսզի տեսնելով վերջինիս չարչարանքները` նրանք տառապանքով քավեն իրենց կատարած սխալները, մեղքերն ու ակամա ապաշխարեն` դառնալով Աստծուն: Ուրեմն, երբ մարդը կամավորապես չի ապաշխարում, Աստված ակամա ապաշխարությամբ է նրան փրկության մղում:
-Հա՛յր սուրբ, մի այսպիսի մտայնություն կա մեզանում, որ Հին Ուխտի Աստվածը վրեժխնդիր, դաժան ու ոխակալ Աստված է, ինչը չի կարելի դնել Նոր Կտակարանի կողքին, որը սիրո, գթառատության, ներողամտության մարմնավորում է: Այս մասին ի՞նչ կասեք։
– Աստված չի փոխվել երբեք: Թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտակարաններում Աստված նույնն է: Սակայն մարդկային ընկալումները պատժի եւ ողորմության նկատմամբ տարբեր են: Ինչո՞ւ է Աստված նման կերպ կամ օրենքներով խոսում Հին Ուխտի ժողովրդի հետ. որովհետեւ նրանք դեռեւս չէին հասունացել հոգեւորապես, խոր խավարում էին, աշխարհը բարոյական ցածր չափանիշներով էր ապրում, դրա համար էլ գերակա էր պատժի օրենքը: Իսկ Քրիստոսը եկավ ոչ թե ջնջելու, այլ լրացնելու (տե՛ս Մատթ. Ե 17):
– Քրիստոսն ասաց. «Չեկա արդարների, այլ մեղավորների համար»: Նա 99-ին թողեց եւ գնաց 1 կորածի հետեւից: Մեկի հետեւից գնալու, մեկ անձի մեջ ողջ մարդկությանը տեսնելու վեհագույն գաղափարն արդյոք գիտակցվա՞ծ է մեր հասարակության մեջ։
– Քրիստոնեական կրոնի մեծությունն էլ այն է, որ վերաբերում է բոլորին եւ հատկապես` յուրաքանչյուրին: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ այս բանը չենք տեսնում: Մարդիկ հաճախ են բողոքում երկրի վիճակից: Մինչդեռ այն սկսվում է յուրաքանչյուր անձի վիճակից, որովհետեւ քրիստոնեական հավատքը վերաբերում է նախ յուրաքանչյուր անձի, ապա այդ գիտակցությամբ միավորված բոլոր քրիստոնյաներին: Եվ Ավետարանը յուրաքանչյուրի կենսագրությունն է: Այն իմ մասին է գրվել, ուստի առանց խորությամբ, ի սրտե այն ընթերցելու` ես իմ մասին ոչինչ չեմ իմանա: Խորհուրդ կտամ մեր ընթերցողներին, որ կարդան Ավետարանն իբրեւ իրենց կենսագրություն. նրանք շատ ուսանելի բաներ կգտնեն այնտեղ իրենց մասին:
Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Հոգևոր-մշակութային