Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ՏՂԵՐՔԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ



«Հատուկ նշանակության խումբ» կամավորական ջոկատի ազատամարտիկ ԱՐՏԱԿ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ընթերցողի հետ իր խոհերն է կիսում պատերազմի և խաղաղության, հայրենիքի ու հայրենասիրության մասին

Արտակ Բագրատյանը ծնվել է 1968թ. Երեւանում: Սովորել է մայրաքաղաքի թիվ 49 միջնակարգ դպրոցում: 1986 -88 թթ. ծառայել է խորհրդային բանակի հատուկ նշանակության զորամասում:

-1988-ին ադրբեջանցիներն արդեն մոլեգնել էին, ազգային հողի վրա հաճախադեպ էին դարձել բախումները,-հիշում է Արտակը:- Այդ ժամանակ ես ծառայում էի խորհրդային բանակում, եւ առաջադրանք էինք ստացել ադրբեջանական Զագաթալայի, Բելականի շրջաններից հայ խաղաղ բնակչությանն անվտանգ դուրս բերել, փրկել նրանց ունեցվածքը, մի խոսքով` օգնում էինք հայ ընտանիքներին դուրս գալ դժոխքից: Մինչ այդ նման սարսափ տեսարաններ ես միայն ֆիլմերում էի տեսել. կատաղած ադրբեջանցիների խառնամբոխը եղաններով, հրացաններով, կացիններով զինված` թալանում էր, ջարդում էր, սպանում եւ խոշտանգում եւ միայն նրա համար, որ հայ ես…

Ծառայության ավարտից հետո Արտակը վերադարձավ Հայաստան: Այստեղ ամենուրեք ցույցեր էին, միտինգներ: Արտակը ցույցերի համարյա չէր մասնակցում. վեր պարզած բռունցքով արդարություն, անկախություն ձեռք չես բերի, համոզված էր նա, զինված պայքար էր պետք: Հենց այդ ժամանակ էլ տեղեկանում է, որ խորհրդային բանակի իրենց զորամասում ծառայած տղերքը միավորվելով ջոկատ են ստեղծում:

1989թ. «Հատուկ նշանակության խումբ» (ՀՆԽ) կամավորական ջոկատի հիմնական կորիզն արդեն կար` ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ հետախուզական գլխավոր վարչության հատուկ նշանակության բրիգադներում ծառայություն անցած հետախույզ տղերքը միավորվել էին` իրենց հողի համար, իրենց հայրենիքի համար կռվի ելնելու: Ջոկատի հրամանատարը Վլադիմիր Վարդանովն էր, Արտակը նշանակվում է հետախուզության գծով տեղակալ:

Հատուկ նշանակություն խումբը մասնակցել է Նոյեմբերյանի, Իջեւանի, Շամշադինի, Ճամբարակի, Գորիսի, ԼՂՀ Հադրութի, Ասկերանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին, հետախուզական կարեւոր առաջադրանքներ կատարել թշնամու թիկունքում…

….Այն ծանր, դաժան օրերից երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց տարիների հեռվից հուշերը գալիս, փոթորկում են պատերազմի դառնահամը ճաշակած ազատամարտիկի միտքը, տակնուվրա անում սիրտն ու հոգին:

-Երբ փոքր էի,- հիշում է Արտակը,- ձեռքս ընկած ամեն ինչ (տատիս գործելու շյուղը, փայտի մի կտորը) դառնում էր զենք, ու կռիվ էի տալիս երեւակայական թուրքի դեմ (մերոնք արմատներով Բայազետից են, ու ես բազում տխուր պատմություններ էի լսել թուրքերի ոճրագործությունների մասին): Մանկությանս կռիվը դարձավ իրական ու իրեղեն: Էլ եղեռնահարված չեն համարձակվի կոչել մեզ. հայը կռվել ու հաղթել գիտի, էս կռվով պարտվողի, խեղճի հոգեբանությունն էլ ջնջեցինք մեզնից:

Կռվում էինք անմնացորդ, ոգեղենացած, ուզում էինք նաեւ մեր պապերի վրեժն էլ լուծել:

Կռիվներից էլ ազատ ժամանակ տղերքով մարզվում էինք, կոփվում, տեղացիներին կրակել էինք սովորեցնում, հետախուզության տարրական գիտելիքներին ծանթացնում ջոկատ նոր ընդգրկվածներին:

Վաղինակ Զաքարյանը` դասընկերս, եւս միացավ մեր խմբին: Մաքուր հոգու տեր պարզ տղա էր: Վաղոն մեր ջոկատի առաջին զոհն էր: Աշխարհն ասես գլխիվայր շուռ եկավ, երբ տեսանք նրա խոշտանգված մարմինը: Վաղինակն առաջադրանք էր ստացել Բերդաձորում ջոկատի տեղակայման հարմար բազա պատրաստելու, սակայն ընկել էր ծուղակի մեջ, չէր հանձնվել, վիրավոր շարունակել էր կռվել: 72 հրազենային վնասվածք կար վրան: Վրեժ էր թելադրում մեր սիրտը, միտքը. թշնամու վայրագությունն ու գազանությունը մեզ էլ էր գազան դարձրել:

Վաղոյից հետո Արշակը զոհվեց: Մեզնից յուրաքանչյուրն ուզում էր ինքը փորձարկել նոր ստացած տեղական արտադրության ականանետը, և այդ պատճառով վիճում էինք: Այդ օրը Արշակն ու Սերգեյն էին գնացել, ես վատառողջ էի, նրանց կողքին չէի: Արշակը պատճառաբանել էր, թե Սերգեյը 3 զավակ ունի, և ինքն էր հանձն առել փորձարկելու ականանետը: Արկը փողի մեջ պայթել էր, Արշակը մարմնով փակել էր բեկորների ճամփան ու փրկել բոլորիս: Մարմինը վերածվել էր ցանցի…

Ամեն զոհված ընկերոջ հետ մենք էլ ասես մեռնում էինք, բայց կրկին հարություն էինք առնում.. Մահից չէինք վախենում, բայց ուզում էինք գոնե այնքան ապրել, որ վրեժ լուծեինք զոհված ամեն ընկերոջ համար…

Մեր զինընկերներից մեկը` Վարդան Ենոքյանը, մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել էր, ու նրան միտումնավոր չէինք հայտնում Արշակի, Վաղինակի զոհվելու լուրը, որ վիճակը էլ ավելի չվատթարանա: Ու երբ քաղաք էինք գալիս, անպայման գնում էինք նրան տեսակցելու:

Աշխարհի ամենանշանավոր, ամենատաղանդավոր եւ օժտված դերասանները կնախանձեին մեզ` տեսնելով թե ինչպիսի վարպետությամբ էինք թաքցնում մեր տխրությունն ու դառնությունը եւ դեմքներիս ժպիտ, ծիծաղ նկարելով` մտնում էինք Վարդանենց տուն… Ու ցավներս թաքցնելով` անհոգ ծիծաղում էինք, խաղում Վարդանի երեխաների հետ: Երեխեքն իրենց խաղալիքներն անվանակոչել էին մեր անուններով:

Բայց մի օր տղաներից մեկը բերանից անզգուշորեն թռցրեց` ողորմածիկ Արշակն ու Վաղոն…

Վարդանը ցնցվեց, ծառս ելավ, հուզվեց, լաց եղավ, նեղացավ, որ իրենից թաքցրել էինք ընկերների կորուստը ու պոռթկաց` ամբողջ ջոկատով դերասան եք, չեմ ներելու ձեզ, տարեք ինձ Եռաբլուր… Գրկած իջեցրինք, նստեցրինք մեքենա ու միասին գնացինք Եռաբլուր: Մխիթարանքի խոսքեր չէինք գտնում, մենք ինքներս էլ դրա խիստ կարիքն ունեինք….

….Մեկ-մեկ մտածում եմ, եթե տղերքը ողջ լինեին, ամեն ինչ երեւի ուրիշ կերպ կլիներ, ուրիշ կերպ կդասավորվեր կյանքը, աշխարհը: Կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ ու չեմ հաշտվում, ինչ-որ անորոշ փնտրտուքի մեջ եմ …

Մի քանի անգամ այցելել եմ այն տեղերը, որտեղ կռվել ենք, բայց հիմա խուսափում եմ` վախենում եմ արթնացող հազարաձայն հուշերից: Այն ժամանակ, թեեւ հազար ու մի դժվարության ու փորձության մեջ էինք, բայց երջանիկ էինք` տղերքը ողջ էին, միասին էինք, իրար սարի պես թիկունք ու ապավեն, ոչ ահ կար, ոչ մահ….

Մի անգամ էլ, հիշում եմ, մեր զոհված ընկերոջ` Յուրայի անցած մարտական ճամփաներով ուխտագնացության պես մի բան էին կազմակերպել, գնացինք հասանք Կիրանց, Կոթի: Յուրայի մայրն ասում է` պատմիր որդուս մասին: Ի՞նչ պատմեմ, մա՛յր, ո՞նց պատմեմ, բառերն անզոր են նկարագրելու ապրումներս, զգացողություններս. ոնց բացատրեմ, թե ինչ ծանր է եղբոր պես հարազատ մարդու, մարտական ընկերոջ անշնչացած մարմինը կռվի դաշտից դուրս բերելը: Դժվար է, ինչ ասեմ, պատերազմից էսքան տարի է անցել, բայց հոգուս մեջ դեռ պատերազմը շարունակվում է…

…1992թ. ամուսնացա: 3ուրան նոր էր զոհվել: Ծնողներս ասել էին հրամանատարիս` Վովային, որ ինձ մի քանի օրով քաղաք ուղարկեր` պսակադրվելու: Վովան էլ ինձ լրիվ ուրիշ պատրվակով է քաղաք ուղարկում` պատվիրելով, որ անպայման մերոնց էլ գնամ տեսնելու: Ամեն ինչից անտեղյակ մտնում եմ տուն ու նոր տեղեկանում` ինչն ինչոց է: Յուրայի հայրն էլ եկավ, ինքն իր մեծ վշտի մեջ ինձ ասում է` ամուսնացիր, դու պիտի երեխաներ ունենաս, իմանանք՝ մեր թոռներն են ու էդպես գոնե մխիթարվենք… Էհ, կյանքն ընկել էր իր բնական հունից, այն ժամանակ ոչ ուրախությունն էր ուրախության նման, ոչ տխրությունը:

Ազատամարտիկ ընկերներս էլ եկան հասան հարսանիքիս: Մորուքս սափրած, հագած-կապած, եղբորս ու հորս հետ կանգնած` բաց պատշգամբում սպասում ենք հյուրերին: Մարտական ընկերներս եկել հասել են մեր շենքի մոտ ու ներքեւից ձայն են տալիս. «Արտակենց տունը ո՞րն է»: Մենք վերեւում ծիծաղից ուշաթափ ենք լինում` չեն ճանաչել: Ներքեւում էլ զայրանում են, փրփրում ու նյարդայնանում են մեր ծիծաղից: «Այ հեր օրհնած, ձեր ընկերոջն էլ չեք ճանաչո՞ւմ »,- ասում եմ ժպտալով, ու արդեն ներքեւում են քահ-քահ ծիծաղում` զարմանալով, թե ոնց եմ մի մորուք սափրելով էսքան ջահելացել:

Մեր դպրոցի դահլիճում հարսանիքս արեցինք, շատ ժողովուրդ էր հավաքվել, անգամ դպրոցի միջանցքում էլ սեղաններ դրեցին, մի լավ ուրախացանք, ինչքա՛ն էինք կարոտել կյանքի բնականոն հունին` լիարժեք ուրախությանը, խինդ ու ծիծաղին… Սաքոն երգեց, Մուրոն էլ երգեց: Երգն էլ այսօրվա պես ականջիս մեջ է`

Շավարշավանից մինչեւ քաղաք Վան,

պիտի ծածանվի դրոշ հայկական…

…Քանի տարի է անցել այն օրերից… Ժամանակն իր խելահեղ շրջապտույտի մեջ առավ բոլորին: Շատ բան է փոխվել, շատ մարդիկ են փոխվել, աշխարհն էլ է փոխվել:

Ես այսօր էլ ապրում եմ իմ հողում, հայրենիքիս հպարտ զինվորն եմ, ճակատս բաց: Պատերազմն իրենն արել է` առողջությունս վաղուց արդեն այն չէ… Պատերազմական օրերից «նվեր ստացած» կոնտուզիան էլ իրենն է արել, ավելի դյուրագրգիռ եմ դարձել, շուտ եմ նյարդայնանում… Ամեն ինչ չէ, որ հանդուրժում եմ, շուտ եմ նեղսրտում: Մեկ- մեկ կռիվ եմ տալիս, զայրանում ու փոթորկվում, երբ որոշ մարդիկ խոսում են հայրենասիրությունից:

Հայրենասիրությունը այս երկիրը շենացնելն է, երկիրը ծաղկեցնելն է… Հզոր հայրենիք ունենալն է, հողիդ տեր ու զինվոր զգալն է: Հազար դժվարություն եմ տեսել, հազար դառնություն ու հիասթափություն ճաշակել, բայց տխուր կատակով միշտ էլ կրկնում եմ` հազար փետով էլ ինձ ծեծեն, ես իմ երկրից գնացողը չեմ, ու Աստված չանի, թե վտանգվի իմ երկրի խաղաղությունը, էլի կգնամ մարտի դաշտ: Առաջվա նման ճարպիկ ու ճկուն չեմ կարող շարժվել, առողջությունս շատ է նեղում, բայց հո աչքս տեսնում է, խրամատում կկանգնեմ ու կկրակեմ: Մարտի դաշտ կշտապի նաեւ ընկերս` Վարդանը, որ կես մարդ է թեեւ, բայց ասում է` ինձ միայն կհասցնեք խրամատ, աշխատող թեւովս կկրակեմ… Առանց մի վայրկյան իսկ վարանելու կկռվեն բոլոր իմ մարտական ընկերները, կռված տղերքը, կպաշտպանեն այն հողը, որ իրենց զոհված մարտական ընկերների` հարազատ դարձած տղերքի արյունով է՛լ ավելի է սրբացել:

Ու մեզնից ոչ ոք, հավատացած եղեք, չի տա թշնամուն մեր բաժին հողը, որի վրա ապրում ենք, ուժ առնում, մեր բաժին ջուրը, որ մեր ծարավն է հագեցնում ու մեր բաժին երկինքը, որի լազուրին հայացքներս հառելով` երազում ենք միայն ու միայն հզոր, շատ հզոր Հայաստան ունենալու մասին` մեր ու մեր զոհված տղերքի երազանքների Հայաստանը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


05/12/2013