1. ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ
Ռուսաստանը, Հայաստանի կառավարության համաձայնությամբ և աջակցությամբ, հզորացնում է Հայաստանում գտնվող իր 102-րդ ռազմակայանը` ավելացնելով դրա սպառազինությունն ու անձնակազմի քանակը: Մասնավորապես, ռազմակայանի ռազմաօդային բաղադրիչն ուժեղացվում է մեկ ուղղաթիռային էսկադրիլիայով (18 ուղղաթիռ): Իր հերթին, ՀՀ կառավարությունը «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազային ժամանակավոր (քանի դեռ ռազմակայանը Հայաստանում է) օգտագործման համար տրամադրել է տարբեր նշանակության տարածքներ:
Ինչպես վերլուծաբանների, այնպես էլ հասարակության ուշադրությունն է գրավում ոչ միայն այս գործընթացը, այլև այն, որ Ռուսաստանը զուգահեռաբար Ադրբեջանին է մատակարարում հարձակողական և պաշտպանական սպառազինություն: Ընդ որում, ինչպես հավաստիացնում են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները, Ադրբեջանին սպառազինությունը մատակարարվում է այն հաշվարկով, որ խստորեն պահպանվի ուժային հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ռուսաստանի այս գործելաոճը հարցեր է առաջացնում ինչպես քաղաքագետների, այնպես էլ հայ հասարակության մեջ: Ոմանք ասում են, որ Ռուսաստանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում, դրա համար էլ ուժեղացնում է Հայաստանի իր ռազմակայանը: Մյուսների կարծիքով, Ռուսաստանը Հայաստանի միջոցով ուժեղացնում է իր դիրքերը` հարթակ ստեղծելով Մերձավոր Արևելքում իր ազդեցությունն ընդլայնելու համար: Ոմանք էլ Ռուսաստանին մեղադրում են Հայաստանի թշնամուն զինելու և այդպիսով իր ռազմավարական գործընկերոջը դավաճանելու համար: Ուրիշները սրան հավելում են նաև այն մեղադրանքը, որ Ռուսաստանը ռազմաքաղաքական ու տնտեսական ճնշման լծակներով Հայաստանը պահում է իր ազդեցության ծիրում (խոսքը, մասնավորապես, Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշման մասին է, որը սեպտեմբերի 3-ին հրապարակեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը):
Ստորև կփորձենք պարզել, թե նշված կարծիքներում ի՞նչն է ճիշտ, և ի՞նչը սխալ: Առհասարակ, ի՞նչ է կատարվում մեր և հարևան տարածաշրջաններում, աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխությունների մասին են ակնարկում քաղաքագետներն ու քաղաքական գործիչները:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԱՉՔԵՐՈՎ»
Հասկանալու համար, թե ի՞նչ նպատակով է Ռուսաստանը հզորացնում Հայաստանում գտնվող իր ռազմակայանը, պետք է տարածաշրջանին նայել Ռուսաստանի «աչքերով», այսինքն` պարզել, թե իր շահերի դեմ ուղղված ի՞նչ նոր սպառնալիքներ է տեսնում նա: Չէ՞ որ սպառնալիքների կանխատեսման հիման վրա են մշակվում դրանք չեզոքացնելուն միտված խնդիրները, և հետո միայն տրամադրվում դրանք կատարելու համար անհրաժեշտ նյութական և մարդկային ռեսուրսները: Հետևաբար` Ռուսաստանի` Հայաստանում գտնվող իր ռազմակայանը հզորացնելը վկայում է, որ ռազմակայանի առջև դրվել են ավելի մեծաքանակ և ավելի լավ զինված հակառակորդի դեմ պայքարի խնդիրներ, քան նախատեսվում էր նախկինում: Այլ կերպ ասած` հնարավոր սպառնալիքները, որոնց պետք է դիմակայի ռազմակայանը, մեծացել են:
Ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը: Ակնհայտ է, որ սպառնալիքը հակառակորդի այն մտադրությունն է, որի իրագործումը հակասում է սեփական շահերին: Հետևաբար` Ռուսաստանի շահերի համար սպառնալիքները կարող են հայտնաբերվել նրա հակառակորդների մտադրությունները պարզելով: Խոսքը մեր ընթերցողին քաջ հայտնի Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզի մասին է, որի հեղինակը ամերիկացի գնդապետ Ռալֆ Պետերսն է: Այդ քարտեզում արտահայտված որոշ նպատակներ կարող են ուղղված լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերի դեմ: Մասնավորապես.
ՍՊԱՌՆԱԼԻՔ ԱՌԱՋԻՆ. ԱՆԿԱԽ ՔՐԴՍՏԱՆ
Անկախ Քրդստանի ստեղծում` Պետերսի քարտեզում նշված սահմաններում: Թուրքիան, ըստ այդ նախագծի, դադարում է Հայաստանի սահմանակից պետություն լինել: Դրա փոխարեն Հայաստանի արևմտյան սահմանակից հարևան է դառնում անկախ Քրդստանը, ինչը ամենևին էլ չի ենթադրում, թե այդ պետությունը Հայաստանի հանդեպ ավելի բարեկամաբար է տրամադրված լինելու, քան Թուրքիան: Քրդերը հայոց ցեղասպանությունն իրագործողներից են: Բացի այդ, քրդական պետությունը ավելի անկայուն, հետևաբար` ավելի քրեածին պետական կազմավորում է լինելու, քան Թուրքիան, որովհետև քրդերն անկախ պետականության ավանդույթ ընդհանրապես չունեն: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ամբողջ արևմտյան սահմանից ինչ չարիք ասես, որ չի կարող թափանցել Հայաստան` ահաբեկիչներ, ավազակներ, թմրանյութերի առևտրականներ, զինյալ կրոնական մոլեռանդներ և այլն: Կառաջանա Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգության և քաղաքական ինքնիշխանության սպառնալիք` մոտավորապես այնպիսին, ինչպիսին այսօր Սիրիայում է: Այդ սպառնալիքը կարող է առաջանալ նաև քրդական պետության ստեղծման ընթացքում. չէ՞ որ Թուրքիայի տրոհումն անխուսափելիորեն ուղեկցվելու է քաղաքացիական պատերազմով: Այս ամենը հակասում է նաև Ռուսաստանի շահերին, և նա, ամրացնելով Հայաստանի արևմտյան սահմանը, միաժամանակ չարիքը հեռու է պահում իր սահմաններից:
ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՐԿՐՈՐԴ. ՄԵԾ ԱԴՐԲԵՋԱՆ
Մեծ Ադրբեջանի ստեղծում` Պետերսի քարտեզում նշված սահմաններում: Այս նպատակի իրագործումը ենթադրում է ոչ միայն Իրանի տրոհում, այլև Արցախի վերազավթում Ադրբեջանի կողմից, ինչը նշանակում է տարածաշրջանային արյունահեղ պատերազմներ` իրականում անկանխատեսելի հետևանքներով: Հավանական է, որ Արցախը և Հյուսիսային Իրանը զավթած Ադրբեջանը ուժ կունենա նաև Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու համար: Ավելին, կարող է Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի կազմից հանելու գաղափարախոսական ու ռազմաքաղաքական հարթակ դառնալ:
Նկատենք նաև, որ Մեծ Ադրբեջանի ստեղծումը կարող է իրագործվել նաև ներկայիս Ադրբեջանի Հանրապետության քայքայման և Իրանական Ադրբեջանի կողմից «կլանման» ճանապարհով: Կարելի է պատկերացնել հետևյալ սցենարը. ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը իսպառ հյուծվում են (նկատենք, որ այդ պատերազմին կարող են մասնակցել նաև Պակիստանից, Աֆղանստանից, արաբական և այլ երկրներից եկած ահաբեկիչները. Արցախյան առաջին պատերազմում Ադրբեջանը նրանց օգնությանը դիմելու հանցավոր փորձ արդեն իսկ ունի: Հայաստանը կարող է ենթակա լինել այնպիսի վտանգի, որին ենթարկվեց այսօրվա Սիրիան): Զուգահեռաբար իսրայելա-իրանական պատերազմի (որին կարող են միջամտել նաև ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Սաուդյան Արաբիան և այլք) հետևանքով տրոհվում է Իրանը, և Իրանական Ադրբեջանը կարողանում է զավթել թուլացած Ադրբեջանն ու Արցախը` ստեղծելով պետական անկախ կազմավորում:
Որքան էլ տարօրինակ թվա, նման սցենարի իրագործմանը կարող է խանգարել ներկայիս Ադրբեջանի Հանրապետության քաղաքական կայունությունն ու ինքնիշխանությունը պահպանելու ձգտումը, ինչն ապահովելու համար Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել վերջինիս սպառազինություն մատակարարելով:
Ընդհանրացնելով` կարող ենք ասել, որ հարավից վերոնշյալ սպառնալիքներին դիմակայելու համար Ռուսաստանին անհրաժեշտ են բուֆերային հզոր պետություններ` Հայաստանը և Ադրբեջանը, ուստի Ռուսաստանը հավասար չափով հզորացնում է երկուսին էլ` միաժամանակ կանխելով նրանց միջև պատերազմը:
ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՐՐՈՐԴ. ՀԶՈՐ ԹՈՒՐՔԻԱ
Չպետք է մոռանալ, որ վերոնշյալ հեռանկարներն առայժմ քարտեզի վրա են միայն, և որ դրանց իրագործմանը կարող են նախորդել բազմաթիվ անկանխատեսելի միջանկյալ իրավիճակներ: Օրինակ` Թուրքիայի հզորացումը և միջազգային ահաբեկիչներին Հայաստանի դեմ օգտագործելու հնարավոր նկրտումները, Ադրբեջանի գործընկերությամբ Վրաստանի փաստացի «բռնազավթումը» և այլն: Սա ևս կանխելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է հզորացնել Հայաստանը:
Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի տրոհումը, ուստի այս տեսանկյունից Ռուսաստանն ու Թուրքիան գործընկերներ են: Միաժամանակ Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի նկատելի հզորացումը:
20-րդ դարի սկզբին Թուրքիան կոմունիզմ կառուցելու հարցում Ռուսաստանի «համախոհը» ձևանալու շնորհիվ ստացավ բոլշևիկների աջակցությունը` ընդդեմ Հայաստանի: Այսօր Էրդողանը փորձում է նույն հնարքը գործածել` ձևանալով Ռուսաստանի հետ ինտեգրվելու պատրաստ ղեկավար: Ի վնաս Հայաստանի` Ռուսաստանի օգնությունը ստանալու նպատակ են հետապնդում նրա այն հայտարարությունները, թե իբր Թուրքիան ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը: Եվրոպական տնտեսական գոտում գտնվող Թուրքիան իրականում երբեք չի ցանկանա անդամակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված որևէ միության:
Նոյեմբերի 22-ին Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց. «Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին այնքան աշխուժորեն են զարգանում, որ կարող են շարժել այլ պետությունների նախանձը»: Ամենայն հավանականությամբ, Էրդողանը նկատի է ունեցել Հայաստանը և հենց Հայաստանի «նախանձը շարժելու» համար էլ արել է այդ հայտարարությունը:
Այսօր արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռուս-թուրքական հարաբերություններում ոչ միայն լուրջ հակասություններ կան, այլև փոխադարձ հակակրանք գոյություն ունի Վ.Պուտինի և Ռ.Էրդողանի միջև: Դա ակնառու էր նույն այդ այցի ընթացքում, նախ, Վ.Պուտինի` Էրդողանին ուղղված խոսքից. «Մենք ձեզ հետ վաղուց չենք տեսնվել: Մինչդեռ, առանց մեր անմիջական մասնակցության նույնիսկ, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Կարծում եմ, որ այս հանդիպման ընթացքում էլ ես և դուք չենք կարողանա ԽԱՆԳԱՐԵԼ (!!-Ա.Յ.) այդ զարգացմանը: Մեր ծրագրերում է, ընդհակառակը, նպաստել դրան: Կարծում եմ՝ դա մեզ լիովին կարող է հաջողվել: Մենք համատեղ աշխատանքի լավ ծրագրեր ունենք»:
Ակնհայտ է, որ Վ.Պուտինը, որին բնորոշ է անկեղծ և անմիջական խոսքը, ենթագիտակցորեն արտահայտել է այն միտքը, թե իր և Էրդողանի վատ հարաբերություններն իրականում խանգարում են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը: Եւ իսկապես, երկու երկրների ղեկավարներն էլ հրապարակավ փորձեցին արդարանալ 2013թ. առաջին 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի «փոքր-ինչ» նվազման համար… (Նրանք արդարանալու կարիք չէին ունենա, եթե ներքուստ իրենք իրենց մեղավոր չհամարեին):
Պուտինի և Էրդողանի սանկտպետերբուրգյան հանդիպման ընթացքում ոչ մի կարևոր հարցի վերաբերյալ համաձայնության հասնել չի հաջողվել, չհաշված երրորդական նշանակության 5 հուշագրերն ու համաձայնագրերը: Սա դարձյալ երևում է Վ.Պուտինի խոսքից. «Մենք կարող ենք տարբերություններ (բառացի թարգմանություն է – Ա.Յ.) ունենալ առանձին հարցերի վերաբերյալ, սակայն դա չի հանգեցնում մեր հարաբերությունների ՍԱՌԵՑՄԱՆԸ (!!-Ա.Յ.), ընդհակառակը, մենք ավելի սերտորեն ենք շփվում, շփման եզրեր փնտրում»: Ակնհայտ է, որ «հարաբերությունների սառեցում» արտահայտությունն իր խստությամբ համարժեք չէ «տարբերություններ» արտահայտությանը, ուստի Վ.Պուտինը ենթագիտակցորեն արտահայտել է այն կարծիքը, որ իր և Էրդողանի լուրջ տարաձայնությունները սառնություն են մտցնում իրենց հարաբերություններում:
Իր հերթին Էրդողանն ասել է. «Մենք ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ (!!-Ա.Յ.) մանրամասն քննարկելու նախևառաջ ադրբեջանա-հայկական հակամարտությունը, իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Մերձավոր Արևելքում, Եգիպտոսում: Մենք ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵԻՆՔ քննարկելու, թե ինչպես կարող ենք համատեղ ջանքերով հող ստեղծել այդ տարածաշրջանում ժողովրդավարական պետական կազմավորումների համար»: Ուշադրություն դարձրեք` Էրդողանը չի ասում` «քննարկել ենք», ասում է` «հնարավորություն ենք ունեցել քննարկելու»: Ու քանի որ փորձառու քաղաքական գործիչները նման իրավիճակներում հնարավորինս խուսափում են սուտ ասելուց, ապա կարող ենք եզրակացնել, որ իրականում տարաձայնությունների լրջության պատճառով երկու նախագահների միջև խոսակցությունը չի կարելի նույնիսկ քննարկում անվանել:
Վերոշարադրյալն ամենևին էլ տարօրինակ չի թվա, եթե հիշենք Վ.Պուտինի և Ռ.Էրդողանի միջև 2012 թ. հոկտեմբերի 8-ի միջադեպը: Թուրքական «Aydinlik» թերթի վկայությամբ Էրդողանը փորձել է Ռուսաստանի նախագահին համոզել, որ դադարի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, բայց ստացել է «չոր» և նույնիսկ կոպիտ պատասխան: Թերթը մեջբերել է նրանց հեռախոսազրույցի սղագրությունը.
«Պուտին – Եթե թեկուզ մեկ թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ կոշտ կարձագանքի:
Էրդողան – Դա սպառնալի՞ք է: Մեզ համար դա անընդունելի է:
Պուտին – Համարեք, ինչպես ուզում եք, ես իմ խոսքն ասացի»:
Շարունակելի
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ