Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԻՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՆ ԳԵՐԱԶԱՆՑ



Հրետանային յուրաքանչյուր հաշվարկ ուսումնական փուլի ընթացքում նվազագույնը մեկ անգամ մարտական հրաձգություն է կատարում

Անկասկած ՄՄ-21-ը լավագույն հրետանային զորամասի կարևոր և մարտունակ ստորաբաժանումներից է: Այն արագաշարժ է, մանևրող և առանձնանում է կրակի արդյունավետությամբ:

Զորամասի ուսումնական կետերից մեկում հերթական գործնական պարապունքն էր ընթանում: Մարտկոցի ավագ սպա լեյտենանտ Դավիթ Գրիգորյանը տարեվերջյան ամփոփիչ քննություններից առաջ հրետանային հաշվարկների տեսական գիտելիքներն ու դրանք գործնական աշխատանքում կիրառելու հնարավորություններն էր ստուգում: Հաճելի էր լսել զինվորների վարժ պատասխանը, հետևել գործողությունների արագությանը: Ոչինչ, որ տղաների մի մասը գրական հայերենին լավ չի տիրապետում, կարևորն այն է, որ սպան գոհ լինի իր զինվորների պատասխաններից, առաջադրանքի կատարումից:

♦♦♦

Պարապմունքին հետևում եմ մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ն. Մխիթարյանի հետ: Վերջինս միաժամանակ ներկայացնում է այն կարևոր միջոցառումները, որոնց անցկացման ժամանակ ստուգվել են ուսման ընթացքում ձեռք բերված գիտելիքները, ճշտգրտվել են հետագա աշխատանքների ուղղությունները:

-Ձմռանը՝ ուսումնական փուլի սկզբնական շրջանում, զորամասի` մարտկոցների, առանձին հաշվարկների…, մարտունակությունն ստուգել է հրթիռահրետանային զորքերի հանձնաժողովը: Ստացել ենք «լավ» գնահատական, այնուհետև կազմակերպվել է ճամբարային հավաք, որն ավարտվել է մարտկոցների, դիվիզիոնների՝ առանց մարտական հրաձգության մարտավարական զորավարժությամբ: Ամառային փուլում կրկին կազմակերպեցինք ճամբարային հավաք, որն այս անգամ ավարտվեց մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությամբ, որի ընթացքում ստորաբաժանումները հաջողությամբ կատարեցին բոլոր ոչ պլանային կրակային խնդիրները: Հոկտեմբերի կեսին զորավարժության միջոցով դարձյալ ստուգեցինք անձնակազմերի պատրաստականության աստիճանը: ՄՄ-21-ն ստացավ «գերազանց», զորամասը` «լավ» գնահատական: Ասեմ, որ զորավարժությունն անցկացվեց չնախապատրաստված շրջանում, կատարվեց նաև դիտակետերի տեղափոխում: Անակնկալ փոփոխությունները չազդեցին մարտկոցի պատրաստության համար հատկացված ժամանակի վրա:

Ինչպես ներկայացրեց լեյտենանտ Դավիթ Գրիգորյանը, պարապմունքը մասնագիտական պատրաստականությունից էր` «Կրակի վարումը փակ կրակային դիրքից»: Հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Կարո Պողոսյանն էր, որն էլ ներկայացրեց իր զինակիցներին:

-Ես ինքս մեկ տարի առաջ եմ զորակոչվել բանակ` ընդմիջելով ուսումս համալսարանում: Հաշվարկի անդամները` նշանառու շարքային Արթուր Հովհաննիսյանը, հաշվարկի համարներ շարքայիններ Ալբերտ Պետրոսյանը, Սևակ Իսայանը բանիմաց, լավ սովորող, առաջադրանքներն ամբողջությամբ կատարող զինվորներ են: Զորավարժության ժամանակ մեր մարտկոցն ստացել է «գերազանց» գնահատական, որի մեջ մեր հաշվարկի ավանդը բավականին մեծ է:

Այնուհետև հաշվարկի հրամանատարը մանրամասնորեն պարզաբանեց հրետանային կայանքը մարտական վիճակի բերելու կարգը` նորմատիվ համար 3, որից հետո մարտկոցի ավագ սպայի հրամանով հաշվարկը կատարեց գործողությունը, ապա նշանառու-օպերատոր շարքային Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց նորմատիվ համար 12-ը` հեռավորության և ուղղության մեջ փոփոխություն մտցնելու կարգը: Զինվորներին հարցրեցինք նաև, թե կայանը ինչպես, ինչ կարգով է բաց թողնում հրթիռները և ստանալով ամբողջական պատասխաններ՝ համոզվեցինք, որ հաշվարկն ամբողջությամբ տիրապետում է զենքին:

Հաջորդ ուսումնական կետում էլ պարապում էին կրտսեր սերժանտ Կարեն Մանասյանի հաշվարկի զինվորները` շարքայիններ Հակոբ Միրզոյանը, Արմեն Ալոյանը, Կարեն Հարությունյանը, ղեկավարման դասակը` սերժանտ Արմեն Մադոյանի գլխավորությամբ:

-Ի՞նչ կրթություն ունես,- հարցրի զինվորին` որոշ ժամանակ հետևելով նրա հաշվարկներին:

Ասաց, որ մանկավարժական համալսարանի ուսանող է, ծառայում է մեկուկես տարի, ամեն օր մասնագիտական պարապմունքներ է անցկացնում ստորաբաժանման հետ, ընդգրկվում զորավարժությունների մասնակիցների կազմում, պարգևատրվել է «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

-Մեր դասակը կոլեկտիվ աշխատանք է կատարում, և կարող եմ ասել, ամբողջությամբ համալրված է լիարժեք գիտելիքներ ունեցող զինվորներով: Իրենց պարտականությունները հաջողությամբ են կատարում հետախուզական ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Տարոն Մալխասյանը, հետախույզ-հեռաչափող շարքային Նարեկ Մովսիսյանը, հաշվարկող եֆրեյտոր Գագիկ Բաղդասարյանը, կապավոր շարքային Գարիկ Առաքելյանը: Մենք հասկանում ենք, որ կրակի ճշտությունն ու արդյունավետությունը մեր հաշվարկներից է կախված:

Հաշվարկող շարքային Գագիկ Բաղդասարյանը բանակ է զորակոչվել «ուսանողական նստարանից»: Նա Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող է: Այս տարվա ճամբարային հավաքների և զորավարժությունների արդյունքներով արժանացել է զորամասի «լավագույն հաշվարկող» կոչմանը:

-Իսկ կրակային պատրաստությունից ի՞նչ գնահատականներ ես ստանում,-հարցրի։

-Ինքնաձիգից լավ եմ կրակում, երբեմն «չորս», երբեմն էլ «հինգ» եմ ստանում:

Հետո խոսեցինք նախասիրությունների մասին, ասաց, որ ժամանակին զբաղվել է ֆուտբոլով, բայց տասնվեց տարեկանում զգալով, որ դժվար է համատեղել սպորտն ու ուսումը և երկուստեք լուրջ հաջողությունների հասնել, նախապատվությունը տվել է ուսմանը:

♦♦♦

Հրետանային զորամասում առանձնակի կարևորություն է տրվում հնարավոր պատերազմի դեպքում հակառակորդի առաջխաղացման կասեցման, ռազմական տեխնիկայի դիմագրավման ու ոչնչացման խնդրին: Մարտունակությամբ մյուսներից հետ չեն մնում դիվիզիոնի մյուս ստորաբաժանումները: Զորամասում գտնվելու ժամանակ առիթ ունեցանք հետևելու նաև «Ֆագոտ» մարտկոցի դասակներից մեկի պարապմունքին: Պարապմունքն անցկացնում էր արձակուրդում գտնվող մարտկոցի հրամանատարին ժամանակավորապես փոխարինող ավագ լեյտենանտ Խաչատուր Մնացականյանը: Խնդիրն առանձնապես բարդ չէր: Դասակը պետք է բացազատվեր` զբաղեցներ մարտական գործողություն վարելու համար նախատեսված բնագծերը և ստանալով կողմնորոշիչները` պայմանականորեն խոցելով հակառակորդի տանկերը:

Այստեղ կարևորը հաշվարկների արագությունն է. հաշվարկը պետք է հասցնի ճիշտ նշանառությամբ ոչնչացնել թշնամու տանկը ավելի շուտ, քան տանկը նրան կհայտնաբերի ու կհասցնի կրակել:

«Մարտի՛» հրամանից ակնթարթներ անց լսվեցին զեկույցները`

-Չորրորդ հաշվարկը տեղում է, պատրաստ է մարտի։

– Առաջին հաշվարկը տեղում է, պատրաստ է մարտի…- և այսպես շարունակ, մինչ լսվեց հրամանատարի հաջորդ հրամանը՝

-Երրորդ հաշվարկ, նշանակետը… ոչնչացնե՛լ:

Ամեն ինչ այնպես էր, ինչպես իրական պատերազմում:

Նշենք, որ ջանասիրությամբ, գործողությունների կատարման ու զեկուցումների հստակությամբ առանձնանում էին սերժանտ Արտակ Զուռնաչյան-շարքային Արեն Օհանյան, կրտսեր սերժանտ Սեյրան Ավետիսյան-շարքային Ալեքսան Ստեփանյան, կրտսեր սերժանտ Ռուբեն Մուսայելյան-շարքային Վելգեմ Թովմասյան, սերժանտ Սարգիս Թադևոսյան-շարքային Սերյոժա Ծատուրյան հաշվարկները:

-Մարզումներն ինչպե՞ս եք անցկացնում,- հարցրի ավագ լեյտենանտ Խ. Մնացականյանին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ ազգային բանակում, զորավարժություններից բացի, միայն առանձին առիթների դեպքում են ֆագոտից մարտական հրաձգություն կատարում:

-Մենք էլ մարզումները հիմնականում համակարգչային վարժասարքով ենք անցկացնում, բայց միշտ պետք է պատրաստ լինենք…, վարպետությունը կատարելագործելու համար հրթիռ խնայելու պատճառ չունենք: Այնպես որ, յուրաքանչյուր հաշվարկ ուսումնական փուլի ընթացքում նվազագույնը մեկ անգամ մարտական հրաձգություն կատարելու հնարավորություն է ստանում,-ասաց ավագ լեյտենանտը:

Լավագույն հրետանային զորամասում քրտնաջան աշխատանքները շարունակվում են, մարդիկ ձգտում են ոչ թե ինչ-որ կոչման արժանանալու (թեև դա ամենևին էլ վատ չէ), այլ հայրենիքի պաշտպանությունն ամրապնդելու:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


05/12/2013