ՆԻԶԱՄԻՆ
Փաստագրական վիպակ
Մյուս երկու մուտքերի վիճակն ավելի վատ էր: Մենք, որ գրաֆիկից բավական առաջ էինք անցել, սկսեցինք ներկել դռներն ու պատուհանները: Այդ օրերին գումարտակ բերեցին մի ռուս զինվորի` Իվանովին: Նա նույնպես մեր զորակոչի զինվոր էր, ծառայել էր Բելառուսիայի զորամասերից մեկում: Ծանոթանալիս նա իր տեղափոխման պատճառների մասին բան չասաց, մենք էլ չհետաքրքրվեցինք: Իվանովը օրվա մեջ երկու-երեք անգամ պահեստապետ տիկին Գալյայից լիտրանոց բանկայով ներկ էր վերցնում, բայց արած գործը չէր երևում: Մի անգամ, երբ մտա այն բնակարանը, որտեղ նա էր աշխատում, օղու հոտն ընկավ քիթս:
-Խմե՞լ ես,- հարցրի:
Չժխտեց, ընդհակառակը, թաքցրած տեղից հանեց դեղնավուն հեղուկով լի շիշը: Խցանը հանեց ու մեկնեց ինձ:
-Որտեղի՞ց,-հարցրի:
-Խմիր, ընտիր բան է, վաթսուն գրադուս:
Հրաժարվեցի ու դարձյալ հարցրի, թե որտեղից է ճարել: Խոստովանեց:
-Դիմացի շենքից, օդաչուների կանայք են տվել, փոխանակել եմ ներկի հետ,- հետո ավելի մանրամասնեց,- մաքուր սպիրտը ինքնաթիռների մեջ են օգտագործում, թռիչքից հետո դառնում է վաթսուն գրադուս, մի քիչ լիմոն են գցում մեջը, որ հոտ չգա, ու խմում են:
Խորհուրդ տվեցի, որ նման բան այլևս չանի:
Շուտով մենք ավարտեցինք նաև ներկելու գործը, և գումարտակի ավագ, ենթասպա Խապնցևը իմ ու Վարդանի համար կայազորի տարածքում ազատ տեղաշարժվելու վկայական բերեց, իսկ հաջորդ օրը մեզ տարավ իր բնակարանը նորոգելու: Երկհարկանի, չորս բնակարանանոց հին շենք էր, նա ապրում էր առաջին հարկում: Ընտանիքը գնացել էր գյուղ: Բանալին տվեց ինձ ու հարցրեց, թե ինչ նյութեր ու գործիքներ են անհրաժեշտ: Բերեց՝ ինչ ուզել էի, և մենք սկսեցինք աշխատել: Խապնցևը լավ մարդ էր, խիստ էր, բայց մեջը չարություն չուներ, ու ես ձգտում էի, որ գործը հիմնավոր ու որակով արվի: Աշխատելիս բացում էինք տան լուսամուտներն, ու հաճախ բակով անցնողները բարևում էին, կանգնում, հետներս զրուցում: Այդ օրերին դիմացի շենքից Լարիսա անունով մի աղջնակ՝ տսանչորս-տասնհինգ տարեկան, սկսեց պտտվել Խապնցևի բնակարանի լուսամուտների տակ: Վարդանն առիթը բաց չթողեց: Ժամերով իրար հետ խոսում ու ծիծաղում էին:
-Գործ չունես, անչափահաս է,-զգուշացնում էի Վարդանին, բայց նա ինձ չէր լսում:
-Տասնհինգ տարեկանն էստեղ անչափահաս չի:
-Երեխա է, ոնց որ մանկապարտեզի բարձր խմբից լինի:
-Բաներ մի հորինի, փոխվել է ութերորդ դասարան, ամեն ինչ էլ լավ հասկանում է,-առարկում էր ընկերս:
Երկու թե երեք շաբաթից նորոգումն ավարտեցինք: Խապնցևը հիացած էր, ասաց. «Կինս շատ կուրախանա»:
Մի քանի օր ոչ մի գործ չէինք անում, մեզ ասում էին` հանգստացեք: Տնից ստացած նամակով մերոնք հայտնում էին, որ զորամասի հրամանատարից շնորհակալական նամակ են ստացել: Հետո կապիտան Ֆյոդորովը մեզ իր մոտ կանչեց ու մի հասցե տվեց.
-Կայազորի հոսպիտալի պետն է, շատ լավ մարդ է, գնդապետ, խնդրել է՝ օգնենք:
Գնացինք: Տան ապրանքները, կահույքը տեղափոխելու հնարավորություն չկար, նեղվածք էր: Գնդապետը, իրոք, շատ համեստ մարդ էր, իսկ կինը` կչկչան, լեզվանի, ամուսնու հոգին հանող, հրամայող: Երբ գնդապետն իմացավ, որ հայ ենք, ասաց.
-Հմայակ Հակոբյանին պաշտում եմ, զարմանալի տաղանդի տեր մարդ է:
Փոքր տարածություններ ազատելով՝ գործն առաջ էինք տանում ու արժանանում ամուսինների գովեստին: Ճաշին չէին թողնում, որ ճաշարան գնանք: Ուտում էինք տիկնոջ եփածը, իսկ երեկոյան ուշ ժամի գնդապետը մեզ տանում էր ճաշարան: Հագնում էր զինվորական համազգեստը և մեզ ուղեկցում: Տանը խեղճ ու անճար այդ մարդը փողոցում դառնում էր բոլորովին ուրիշ մեկը. անընդհատ նկատողություններ էր անում հանդիպող սպաներին, զինվորներին, գոռգոռում, իսկ ճաշարանում, երբ արդեն ուտելու բան մնացած չէր լինում, մարդիկ աշխատում էին աչքին չերևալ, բայց խոհարարները ստիպված նոր մթերք էին բերում ու արագորեն ինչ-որ առանձնահատուկ բան պատրաստում:
Երբ բժշկի տան գործը պրծանք, Վարդանը որոշեց երեկոյան գնալ Լարիսային տեսնելու:
-Գործ չունես Պետյա,- ասացի` ռուսների նման կրճատելով նրա Հաբեթյան ազգանունը, «բ»-ն «պ» արտասանելով: Չլսեց… գնաց: Անվանականչից առաջ վազելով եկավ ու, շունչը տեղը բերելով, ասաց.
-ճիշտ էիր, շատ փոքր է, պաչեցի, բերանից ոնց որ կաթի հոտ գար:
Հաջորդ օրը նույնպես գնաց, բայց շատ շուտ հետ եկավ: Վախեցած էր: Լարիսայի հայրը բռնացրել էր: Պարզվեց կայազորի պարետն է: Առավոտյան նրա ուղարկած «վիլիսը» Պետյային հինգ օրով տարավ կալանատուն… Վարդանը դեռ կալանատանն էր, երբ Իվանովն անհայտացավ: Մի քանի օր նրան փնտրում էին: Վերջապես գտնվեց, ինչ-որ գյուղում՝ ծեր ու միայնակ կնոջ տանը՝ հարբած ու անգիտակից: Նրան կալանավորեցին:
-Սպասենք հիմարի դատին,- ասաց ավագ լեյտենանտ Շպակը:
♦♦♦
Բնակելի շենքն հանձնվել էր շահագործման: Այնտեղից բնակարաններ էին ստացել նաև Ֆյոդորովն ու Շպակը: Մյուս զորամասերից գործուղվածները հետ վերադարձան, իսկ մեզ տվեցին նոր աշխատանք։ Բետոնե ճանապարհ էինք պատրաստում օդանավակայանի տարածքում: Աշխղեկը տարեց կին էր, Տանյա անունով: Մենք նրան մորաքույր Տանյա էինք ասում: Շաղախը բերում էին գործարանից, բավականին մեծ ուշացումներով, բայց հենց որ մեքենան գալիս էր, թուրքմեններն անցնում էին գործի: Նրանք «բետոնի լեզուն» լավ էին հասկանում,մեզ անելու բան չէր մնում: Շուրջբոլորը կարտոֆիլի դաշտեր էին ու անտառներ: Վարժանքների օրերին վիթխարի տարածք զբաղեցնող օդանավակայանի տարբեր հատվածներից վեր էին բարձրանում հրթիռներով ու ռումբերով բեռնավորված ռմբակոծիչները, որոնք կամ անծայրածիր անտառի վրա էին թռիչքներ կատարում կամ էլ սլանում էին դեպի հյուսիս: Տեղի աշխատողներն ասում էին, որ գնում են ծով, նշանակետերը ռմբակոծում ու վերադառնում: Ես,Վարդանը, Նորիկն ու Սոսը պառկում էինք բարձր խոտերի մեջ ու գնահատում ինքնաթիռներից յուրաքանչյուրի թռիչքը: Մի անգամ կողքիս պառկած Նորիկին հարցրի.
-Կհամաձայնեիր, որ ԽՍՀՄ-ի սահմանի ամբողջ երկայնքով սահմանագիծը մի թիզ հետ քաշեին։
Նորիկը մտածեց -մտածեց ու ասաց.
-Չէ՛, չէի ուզի…
-Մի տես, այ ժլատ, տես, թե սահմանը որտեղով է անցնում` Հյուսիսային բևեռ, Սառուցյալ օվկիանոս, հետո էլ՝ Եվրոպա, Ասիա, Հեռավոր Արևելք…, մի թիզն ինչ է, որ չես տալիս։
-Ասացի չէ, համաձայն չեմ, էդ թիզ հողի վրա մեր պապերի թափած արյունը կա,-ասաց խիստ ու մի քիչ լռելուց հետո դարձավ ինձ.
-Ինչ է, դու կուզեի՞ր։
-Ե՞ս… իհարկե չէի ուզենա, բա էլ ինչի համար եմ հասել էստեղ, զինվորական օդանավակայանի ճանապարհը սարքում, սրա-նրա տները նորոգում:
-Նորոգո՜ւմ… ասա՝ ռեմոնտ, էլի,- վրա տվեց Սոսը:
-Տեսնես, Բեյրութում կռիվն ինչ եղավ, հայերի վիճակը ոնց է,-դինջ-դինջ խոսեց Պետյան:
-Երևի, լավ է, թէ չէ Բրեժնևը էս ինքնաթիռներից մի տասը հատ կուղարկեր՝ բոլոր հարցերը կլուծեին կգային,-համոզված ասաց Նորիկը:
-Մի երկու հատ էլ՝ Ռիգայի սուզանավերից,-ավելացրեց Սոսը:
-Պատկերացնում եք, էս ռմբակոծիչները հայտնվում են Բեյրութի երկնքում ու սկսում ոչնչացնել հայերի թշնամիներին,- ոգևորվեց Պետյան։
-Լավ կլիներ՝ կռիվը վերջացած լիներ, թէ չէ էստեղից Բեյրութ մի էսկադրիլիա ուղարկելը էնքան էլ հեշտ չի, Թուրքիան, Ամերիկան մեզ օդային տարածք չեն տրամադրի,- ասացի, ու բոլորով վեր կացանք դիմավորելու շաղախ բերող մեքենային:
♦♦♦
Կարտոֆիլն արդեն հասունացել, համով ուտվում էր: Գրեթե ամեն օր ձեռի հետ կրակ էինք անում, խորովում: Թեև անտառը լիքն էր տարբեր տեսակի սնկերով, բայց սունկ չէինք ուտում, որովհետև դրանք հիմնականում գունավոր էին, իսկ տեղացիները մեզ ասել էին, որ գունավորների մեծ մասը թունավոր է լինում: Մի անգամ էլ, երբ անտառում կրակի համար չոր փայտ էինք հավաքում, հանկարծ մոտերքում մարմանդ վառվող խարույկի հանդիպեցինք: Ինչ-որ մեկը մեզնից առաջ էր ընկել: Չոր փայտերը դրեցինք կրակին, ու այն կրկին բորբոքվեց: Վարդանը, իր սովորության համաձայն, սկսեց կրակը փորփրել, մեկ էլ շիկացած փայտածուխի տակից կարտոֆիլներ հայտնվեցին: Փորձեցինք, լավ էլ խորովվել էին ու շատ համով էին:
-Իզուր չեն բելառուսներին «բուլբաշ» անվանում, մարդիկ գիտեն, թե ոնց են կարտոլ խորովում, տեսեք ինչ լավ է մաքրվում,- ասաց Նորիկը:
Իրոք, խարույկ վառողը բանիմաց մարդ էր եղել: Հողի մեջ փոս էր փորել, մեջը մի դույլ կարտոֆիլ էր լցրել ու վրան կրակ վառել: Կարտոլը համաչափ շոգեխաշվել էր: Երբ կրակի տիրոջը գտնելու մեր որոնումներն ապարդյուն անցան, տղերքը որոշեցին, որ կարելի է գտած «ավարը» մարդավարի ուտել՝ աղով, կարագով, հացով… : Փող հավաքեցինք, ու ես գնացի մոտակա գյուղի խանութը: Երբ գնումներս արած հետ էի գալիս, հանկարծ տներից մեկի բակի դուռը բացվեց, ու մի շիկահեր կին, ժպիտը դեմքին ընդառաջ գալով, ասաց.
-Զինվոր, մի րոպե սպասիր, եկ, ներս եկ, խնդրում եմ…: Ես, անակնկալի եկած, մի պահ ընկրկեցի, բայց կնոջ դեմքն այնքան բարի էր, ու նա այնքան ջերմ էր ժպտում, որ առանց երկար մտածելու ընդունեցի նրա հրավերն ու բակ մտա: Պատի տակ դրված ինքնաշեն սեղանին մի մեծ սլա էր, մեջը՝ իրար վրա խնամքով շարված խնձորներ, և մի սափոր հյութ:
-Կեչու հյութ է, ինքս եմ քամել, խմիր, անուշ արա, իմ տղա,իմ ոսկի զինվոր,- ասաց ու հյութը լցրեց մեծ գավաթի մեջ: Անհնար էր հակառակել կնոջ սրտագին կամեցողությանը: Երկու գավաթ խմելուց հետո, շնորհակալություն հայտնելով, ուզում էի շարունակել ճանապարհս, երբ նա, վերցնելով սլան, ասաց.
-Տար խնձորները, քեզ համար եմ դասավորել, տեսա, որ խանութ ես գնում… տար, տար իմ ոսկի զինվոր, տար, ընկերներով կերեք: Սլան հետ չբերես, կթողնես կարտոֆիլի մարգի մոտ, ես կվերցնեմ:
Գնածս հացը, կարագը, աղը, լիմոնադները և խնձորով լի մեծ ամանը դոշիս դեմ արած արագ-արագ հետ եկա: Ճանապարհին շարունակ միտս էր գալիս Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից մեկը. «Դու պարզ ես այնքան, որքան Ռուսիայում ապրող հարյուր-հազար կին…»:Այս հասարակ ռուս կինն իր անկեղծ հյուրասիրությամբ մորս հեշեցրեց, ու կարոտը ուժգին սեղմեց կուրծքս, աչքերս լցվեցին…
Բայց ես որոշել էի արձակուրդ չգնալ, որովհոտև ասում էին, թե արձակուրդից հետո ծառայությունը շատ է դժվարանում:
Տղաներն ինձ բեռնավորված տեսնելով վազեցին օգնելու:
…Արդեն աշուն էր: Առավոտները կանաչ խոտերին սպիտակ եղյամ էր նստում, որն արևի շողերի դուրս գալուն պես վերածվում էր շաղի ու կամաց-կամաց ցնդում էր: Նախավարժանքից ու նախաճաշից հոտո մենք հանում էինք մեր զինվորական սապոգները, քանդում փաթաթանները և ոտաբոբիկ շրջում մաքուր շաղով պատված խոտի վրա: Լսել էինք, որ վաղորդյան շաղն ախտահանում է ոտքերը, չի թողնում, որ սնկային հիվանդություն առաջանա: Չգիտեմ՝ որքանով էր ճիշտ, բայց ոտաբոբիկ զբոսանքը թարմացնում էր մեր մարմինն ու հոգին…
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ