ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՎԵՐՎԱԾ ՇՐՋԱՆԸ ԲՌՆԵԼ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻ
Դեկտեմբերի 3-ին նշվեց Քաշաթաղի շրջանի հիմնադրման 20-րդ տարեդարձը
Այս տոնական օրը շրջանի Իշխանաձոր գյուղում կայացավ տարածքի համայնքների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որը վարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ներկա էին նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, վարչապետի օգնական Արամ Մխոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Արմո Ծատրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգը:
Այնուհետև, շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրներին նվիրված զեկույցներից հետո, ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհավորեց տոնի առթիվ և կարևորեց այն հանգամանքը, որ պատերազմի հետևանքով գրեթե ամբողջությամբ ավերակված շրջանն արդեն բռնել է կայուն զարգացման ուղի: Ապագան ավելի լավ տեսնելու ակնկալիքով ասաց, որ Իշխանաձորում` որպես տարածքի կենտրոն, պետք է բնակարաններ կառուցվեն. կա փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ծրագիրը՝ կառուցելու նոր թաղամաս՝ մոտ 40 բնակելի տներով: Այժմ գյուղն ունի 210 բնակիչ, սակայն ըստ ծրագրի՝ բնակչության թիվը պետք է հասնի հազարի: Նպատակն այն է, որ խոշոր բնակավայրերում ստեղծվեն ենթակառույցներ, որպեսզի նրանց շուրջ զարգանան նաև հարևան բնակավայրերը:
Խորհրդակցության վերջում ԼՂՀ վարչապետը շրջանի հիմնադրման 20 ամյակի, ինչպես նաև ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար «ԼՂՀ վարչապետի հուշամեդալով» պարգևատրեց շրջանի 9 բնակիչների: Քիչ ավելի ուշ վարչապետը կառավարության անդամների և շրջվարչակազմի ղեկավարի ու աշխատակիցների հետ շրջեց Իշխանաձորում կառուցվող նոր թաղամասի տարածքում, Թովնասասարում: Նույն օրը ԼՂՀ վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արա Հարությունյանը Կովսականում կուսակցական տոմսեր հանձնեց կուսակցության նոր անդամներին, եղավ քաղաքի գրեթե պատրաստ հիվանդանոցի, կառուցվող մանկապարտեզի, սիրիահայերի բնակելի շենքերում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, խնդիրներին: Խոստացավ «ՆԻՎԱ» մեքենա հատկացնել հիվանդանոցին: Հանդիպեց նաև սիրիահայերին, որոնք զբաղված էին աշնանացանի համար բերված սերմացու ցորենը տեղավորելով:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Տարածաշրջան