Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ



Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան որակական իմաստով նշանավորվեց ոչ միայն իբրեւ նոր հերթական հանգրվան երկկողմ հարաբերություններում, այլ նաև արձանագրեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակ: Թեև այցի առանցքում Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցելու հետ կապված տնտեսական և իրավական հարցերի շուրջ քննարկումներն էին, ինչպես և տասնյակից ավելի պայմանագրերի ստորագրումը, այդուհանդերձ Ռուսաստանի ղեկավարի ներկայությունը Գյումրիում տեղակաված ռուսական 102-րդ ռազմակայանում և ռազմաքաղաքական համագործակցության հեռանկարների մասին հայտարարությունները տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից միանգամայն այլ բնույթ հաղորդեցին այցին:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Առաջին հայացքից` Ռուսաստանի նախագահի այցի շրջանակներում բոլոր քննարկումների, բանակցությունների և հայտարարությունների գլխավոր թեման վերը նշված միություններին Հայաստանի անդամակցելու հարցն էր: Երևանը վերահաստատեց իր որոշումը` միանալ ձևավորվող այդ միջազգային կառույցներին, միաժամանակ հասկացնելով իր հյուսիսային դաշնակցին, որ վերջինիս ձեռքում են գտնվում նաև տնտեսական զարգացման բազմաթիվ գործոններ:

Վ.Պուտինի այցը տեղի ունեցավ Եվրամիության կողմից Վիլնյուսում հրավիրված «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթնաժողովից հետո, և դա (չնայած նրան, որ վաղօրոք նախատեսված պետական այց էր) իրավիճակի զարգացման տեսանկյունից գրեթե ամփոփեց ԵՄ-ՀՀ համագործակցության զարգացման հերթական փուլը` ՀՀ-ԵՄ ասոցացման պայմանագիրը չնախաստորագրվեց: Թեև հայաստանյան հասարակական ու քաղաքական որոշ շրջանակներ իշխանություններին մեղադրեցին եվրաինտեգրման գործընթացի ձախողման և նույնիսկ ռուսամետության համար, բայցեւ այս պարագայում ԵՄ պաշտոնյաները որոշեցին Հայաստանի հետ ստորագրել հետագա համագործակցության մասին ոչ այնքան հստակ ձևակերպումներով հռչակագրային մի պայմանագիր: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ Ստրասբուրգում` ԵԽ Խորհդրարանական Վեհաժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթով վերահաստատել էր, որ Հայաստանի միանալը Մաքսային միությանը չի կարող հակասել ԵՄ հետ ասոցացմանն ու ազատ առևտրի գոտու շուրջ փաստաթղթերի ստորագրմանը:

Բրյուսելի նման գործելաոճը հնարավորություն տվեց Հայաստանին անկաշկանդ հաստատել Մաքսային միությանը անդամակացելու իր կուրսը, ինչի շնորհիվ Մոսկվան ռազմաքաղաքական իր դաշնակցին տվեց տնտեսական զարգացման համար կարևոր արտոնությունների երաշխիքներ: ՌԴ նախագահ Վ.Պուտինը բարձր գնահատեց Հայաստանի այդ վճռականությունը` նշելով. «Ի զարմանս մեզ` հայկական կողմը գործում է ակտիվորեն: Անկեղծ ասած, մեզ անհարմար վիճակում է դնում, մենք հետ ենք մնում մեր հայ գործընկերներից», իսկ ռուսական որոշ լրատվամիջոցներ շտապեցին հանդես գալ հրապարակումներով, թե «Հայաստանը չափազանց ջանասիրաբար է աշխատում այս ուղղությամբ` հետին պլանում թողնելով Ղրղզստանին, որը հավակնում էր դառնալ Մաքսային միությունում չորրորդ անդամը » («Կոմսոմոլսկայա պրավդա»):

Հայաստանի պարագայում ռուսական կողմը չսահմանափակվեց զուտ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին հայտարարություններով և երաշխինքերով, այլ դիմեց իրական քայլերի` ստորագրելով տնտեսական, ռազմական, էներգետիկ, միջուկային և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության կարևորագույն 12 փաստաթղթեր: Որոշում է կայացվել ՌԴ-ից Հայաստան առաքվող նավթամթերքներից և գազից հանել 30 %-ոց մաքսատուրքը, ավելին` գազի գինը սահմանել ռուսաստանյան ներքին գներին համապատասպան: Էներգետիկ ոլորտում նման դիվիդենդները թույլ կտան հայկական տնտեսությանը շարունակել վերականգնման և զարգացման ուղին, ինչպես նաև թուլացնել հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը: Հյուսիսային դաշնակիցն այդ կերպ փարատեց հայաստանյան որոշ ուժերի հոռետեսական կասկածը, թե Ռուսաստանը նպաստում է մեր երկրի «հայաթափմանը», քանի որ այս համատեքստում ռուսական կողմին շուրջ 500 միլիոն դոլարի հայաստանյան պարտքի մարումը կարող է լուրջ խթան դառնալ հայկական տնտեսության զարգացման համար:

Տնտեսական երաշխիքներից զատ, այցի կարևորագույն արդյունքներից էին ռազմատեխնիկական համագործակցության շուրջ նոր պայմանավորվածությունները: ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս Հայաստանը հնարավորություն ստացավ Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ռուսաստանյան ներքին սակագներով: Նման կերպ Մոսկվան հասկացրեց ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին, որ թույլ չի տա սակարկել Հայաստանի անվտանգության հարցի շուրջ, և բացի Համաձայնագրի շրջանակներից` պատրաստ է ապահովել հայաստանյան զինված ուժերի սպառազինության արդիականացումը երկկողմ համաձայնությունների հիման վրա:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՄԵՍԻՋԸ»

Այսպիսի պայմանավորվածությունն առավել ուշագրավ է Վ.Պուտինի մեկ այլ հայտարարության համատեքստում. Ռուսական 102-րդ ռազմակայան այցելության ժամանակ երկրի ղեկավարը շեշտեց, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից: Նման «մեսիջով» Մոսկվան հասկացրեց, որ հայ-ռուսական ռազմական երկկողմ պայմանագրի հիման վրա ռուսական ռազմակայանի հզորացումը Հայաստանի անվտանգության ապահովման էլ ավելի բարձր նշաձող կսահմանի: Սա Կրեմլի պատասխանն էր Մինսկից և Ասթանայից հնչած հոռետեսական այն արձագանքների, թե Հայաստանը դեռ պատրաստ չէ Մաքսային միությանն ինտեգրվելու, քանի որ «տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ»: Այս քայլով ռուսաստանյան քաղաքական էլիտան վերահաստատեց, որ երբեք անմասն չի եղել և չի մնա ԽՍՀՄ նախկին տարածքում առկա հիմնախնդիրներից, և որ իր ձեռքում է գտնվում նաև դրանցից շատերի հանգուցալուծումը:

ՌԴ նախագահն ընդգծեց Հարավային Կովկասում իր դիրքերի ամրապնդման կարևորությունն ու միաժամանակ հասկացրեց, որ Մոսկվան նպատակ ունի ամրապնդվել ԽՍՀՄ նախկին տարածքում: Նման կերպ Վ.Պուտինը Արևմուտքին զգուշացնում է, որ վերոնշյալ տարածքն իր համար կենսական նշանակություն ունեցող գոտի է և ցանկացած, մանավանդ ԵՄ ասոցացման համաձայնագրի պես հավակնոտ ծրագիր նախագծելուց առաջ ԵՄ-ն առաջին հերթին պետք է նկատի առնի Ռուսաստանի ընդգծված հետաքրքրությունները:

Բացի Արևմուտքից, այդ «մեսիջն» ուղղված էր նաև տարածաշրջանային խաղացողներին` Թուրքիային, Ադրբեջանին և Իրանին: Մոսկվան հասկացրեց Անկարային, որ չի հանդուրժի Հարավային Կովկաս «մխրճվելու» նրա փորձերը: Փաստացի` այս հայտարարությամբ Վ.Պուտինը պատասխանեց անցած ամիս Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը հերթական անգամ շոշափել էր Հարավային Կոկվասում տիրող իրավիճակը, և մասնավորապես՝ ԼՂ հակամարտության խնդիրը:

Բաքվին Ռուսաստանի ղեկավարը հասկացրեց, որ Մոսկվան չի անտեսում ՀՀ-ի և ԼՂՀ-ի հասցեին ամեն օր հնչող սպառնալիքները, ռազմական ռևանշի վերաբերյալ հայտարարությունները՝ մատնանշելով, որ վերջինս միլիարդներ է ծախսում զենք գնելու վրա` ապարդյուն փորձելով հայկական կողմին սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել…

Ռուսաստանը դրանով փաստացի վերահաստատեց Անդրկովկասում գործող ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված իր դիրքորոշումը նաև Արցախյան հիմնահարցի տեսանկյունից: Քաջալերելով Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը` Կրեմլը որևէ կերպ չանդրադարձավ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի միջև չկա որևէ սահման, ավելին՝ հասկացրեց, որ Ղարաբաղի դեմ պատերազմի վերսկսման դեպքում պարտավորված կլինի ՀԱՊԿ շրջանակներում մասնակցելու հակամարտության կարգավորմանը: Դրանով է պայմանավորված Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ միջոցներով: «Մենք կցանկանայինք, որ այս տարածաշրջանում երբեք այլևս արյուն չթափվի»,- Երևանում շեշտել էր ՌԴ ղեկավարը:

Կարելի է եզրակացնել, որ Մոսկվայում շատ լավ հասկանում են պատերազմի վերսկսման դեպքում ռուսական քաղաքականության համար նոր մարտահրավերների ի հայտ գալը. Կրեմլը ստիպված կլինի քաղաքական որոշում կայացնել, քանի որ պաշտպանելով իր ռազմավարական դաշնակից Հայաստանին, Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի հետ երկխոսության բոլոր հնարավորությունները: Հետևաբար, սպասելի է, որ կձեռնարկվեն բոլոր հնարավոր քայլերը` ներկայիս հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ:

Թեհրանին Մոսկվան փորձեց հասկացնել, որ վերջինիս բոլոր մեղադրանքները, թե ռուսական կողմը չի կատարում ռազմական տեխնիկայի վերաբերյալ իր պարտականությունները, անհիմն են: Նման հայտարարությունը պատասխան էր նաև վերջերս Իրանի և ԱՄՆ միջև հարաբերությունների որոշակի ջերմացմանը:

Ըստ այդմ` ՌԴ նախագահի այցը Մերձավոր Արևելքում գտնվող իր միակ արտերկրյա ռազմակայան, ինչպես նաև Հայաստանին տրված երաշխիքներն ու ՌԴ նախագահի հայտարարությունները նպատակ ունեին տարածաշրջանային մակարդակով հասկացնել բոլոր դերակատարներին, որ Մոսկվայի շահերն անտեսելը անհնար է լինելու, իսկ հայ-ռուսական համագործակցությունը շարունակ ընդլայնվել է տարբեր հարթություններում` երկկողմանի հարաբերություններից, մինչև ինտեգրում միջազգային համատեղ տարբեր կառույցներին:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀՐԹԻՌՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հատկանշական է, որ Մերձավոր Արևելքում ստատուս-քվոյի փոփոխությունն ազդարարվեց ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին, երբ Միջերկրական ծովում Իսրայելը բալիստիկ հրթիռներ արձակեց: Բնական է, որ Թել Ավիվը չէր գնա նման քայլի` առանց Վաշինգտոնի հավանությունն ունենալու: Ուժի ցուցադրման նպատակը ոչ այնքան Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վախեցնելը կամ սիրիական ՀՕՊ համակարգի խոցելիությունը ստուգելն էր, որքան հենց եվրոպական տերություններին հասկացնելը, թե իրենց հետ այլևս հաշվի նստել չեն ցանկանում: Եվ ԵՄ պաշտոնյաների` ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի մոսկովյան հայտարարությանը հետևած պատասխանի պատճառը ոչ այնքան «նեղացածությունն» էր Երևանից, որքան, հավանաբար, այն շոկը, որն առաջացավ իսրայելական հրթիռների արձակումից:

Փաստորեն, սեպտեմբերի 3-ին ազդարարվեց աշխարհաքաղաքական նոր իրականության մասին` նոր դերակատարներով, բեմերով ու սցենարներով: Հայաստանի մուտքը Եվրասիական միություն ցույց է տալիս նաև, որ սկսվել է ՀԱՊԿ-ի վերաիմաստավորման գործընթացը. ԽՍՀՄ նախկին տարածքում նոր Միության ստեղծումը վերածվում է անշրջելի գործընթացի:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


12/12/2013