ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏԸ
Հորեղբոր քառասունքի օրը` հուլիսի քսանվեցին եկավ գյուղ` Ջաջուռ։ Առանց տարբերանշանների զինվորական համազգեստ էր հագին։ Գերեզմանոցից հետդարձի ճանապարհին ինձ թևանցուկ արեց ու ականջիս շշուկով ասաց. «Մամ ջան, վաղը գնում եմ ռազմաճակատ։ Արցախում դրությունը օրհասական է»։
Սեղան էլ չնստեց` շտապում էր։
-Վազգեն Սարգսյանին խոստացել եմ` պետք է ժամը հինգին գնդի տեղակայման վայրում լինեմ,- ասաց ու մնաս բարով ասելով բոլորին` դուրս եկավ։ Հորաքրոջ տղան մեքենայով հասցրեց Երևան։
Վազգեն Սարգսյանի պատմական կոչը շատ հայորդիների սրտին դիպավ։ Մեծ ու փոքր, ծնող, որդի, տուն-տեղ թողած` շտապում էին նշանակման վայր` Մայրաքաղաքային գունդ։ Պահանջված հինգ հարյուրից մի քանի անգամ շատ մարդ էր հավաքվել։ Շատերին չվերցրին` մեկին տարիքի պատճառով, մյուսին` բազմազավակ լինելու… Շատերը նեղացած վերադարձան տուն: Տիկին Տանյայի պատմելով` Դավիթը շատ էր ուրախացել, որ իրեն չէին մերժել ու զինվորագրել էին։ Այսպես, ջաջուռցի Դավիթ Ռաֆիկի Գևորգյանը հատուկ նշանակության վեցերորդ գումարտակի կազմում դարձավ Արծիվ մահապարտ։
– Երբ Դավիթը գնաց, երկար ժամանակ չէի կարողանում խոսել։ Ավելի ճիշտ` խոսելս չէր գալիս։ Ոչ այն է ասես` մի գնա, ոչ այն է` չասես։ Մի կողմում ընտանիքն է, մյուս կողմում՝ հայրենիքը։ Հայրենիքի հանդեպ սերն ավելի զորեղ գտնվեց որդուս մեջ եւ հաղթեց մայրական սիրուն։ Երբ ասացի` բա ե՞ս, պատասխանեց` «Մամ ջան, այս պահին հայրենիքն է վտանգի մեջ, և ես պետք է գնամ»։ Հետո իմացա, որ եղբորը` Թաթոսին, որ իր մեծն է, խնդրել էր՝ եթե կռվից չգա տուն, անպայման որդի ունենա և անունն էլ Դավիթ դնի։ Այդպես էլ եղավ. Դավիթս զոհվեց, Թաթոսիս էլ Աստված արու զավակ պարգևեց` փոքր-ինչ սփոփելով մեր ընտանիքի վիշտը։ Թոռնիկս` Դավիթը, այսօր արդեն զինվորացու է և եկող տարի կզորակոչվի բանակ,- պատմում է հերոսի մայրը։
Անկողինը բացված չէր։ Դավիթը գյուղից միանգամից գնացել էր գնդի տեղակայման վայր։ Նա անձամբ Վազգեն Սարգսյանին էր խոստացել չուշանալ և չուշացավ։
Հարազատները Դավթի զինվորագրվելու մասին նրա ռազմաճակատ մեկնելուց մեկ-երկու օր առաջ են իմանում։ Վազգեն Սարգսյանի պատմական կոչից հետո նա զինվորագրվում է, նորաստեղծ գնդի կազմում տարատեսակ վարժանքների մասնակցում և այդ ողջ ժամանակահատվածում տնեցիք գլխի չեն ընկնում, թե ուր է գնում, որտեղից է գալիս…
-Դավիթիցս առաջ նրա եղբայրը` Թադևոսը ջոկատ կազմեց, որը կոչեցին Արամ Մանուկյանի անունով, մեկնեց հայրենի սահմանները պաշտպանելու։
Ինչպես մայրն է ասում, այդ ամբողջ ընթացքում Դավիթը լուռ հետևել է ավագ եղբոր գործունեությանը և մտքում ծրագրել իր հետագա քայլերը, որոնք նրան մղելու էին խիզախության, տանելու էին հերոսության արծվաբույն դարձած բարձունքները, որոնք այսօր մերն են, իսկ տղաները չկան։
Պատմում է հերոսի մայրը` տիկին Տանյան.
«Դավիթս ձեռքի շնորհքից էլ էր լավ։ Երբ քեֆը տալիս էր, մի բան պատրաստում էր։ Մի թուր ուներ, որ ինքն էր պատրաստել և պահել տան մի անկյունում։ Երբ մեկնում էր ռազմաճակատ, թուրը հետն էր վերցնում։ Զոհվելուց հետո թուրն իր մոտ էր պահել նրա՝ նույնպես հերոսաբար զոհված մարտական ընկերներից Գագիկ Շառոյանը։ Մի օր գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն ինձ հրավիրեց իր մոտ և ասաց` «Տանյա մայրիկ, Ձեր որդու` իմ մարտական ընկերոջ սուրը մեզ մոտ է, եթե կուզեք` կվերադարձնենք, պահեք ձեր տանը։ Ես էլ պատասխանեցի` «Պարոն գեներալ, ճիշտ է, որդուս սուրն ինձ համար սրբազան մասունք է, բայց, եթե կարելի է, թող մնա Մայր Հայաստան զինվորական թանգարանում՝ որպես Արցախյան պատերազմում տարած փառահեղ հաղթանակի լուռ վկայություն»։
2009 թվականին մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակը պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների համատեղ որոշմամբ անվանակոչվում է Արծիվ մահապարտ, «Արիության» մեդալակիր Դավիթ Ռաֆիկի Գևորգյանի անունով։
– Այս դասասենյակը մեր դպրոցի սաների համար սրբատեղիի արժեք ունի, պետք է տեսնեք, թե ինչքան զգույշ են այնտեղ ելումուտ անում,- ինձ հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն, բազմավաստակ մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը։
Նա նաև պատմում է.
«Անվանակոչությանը դպրոցը պատրաստվել էր հավուր պատշաճի։ Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նա շատ գոհ մնաց միջոցառումից, հատկապես իմ հեղինակած «Հայրենապատում» պիեսի բեմադրությունից, որի քսանվեց հերոսներին մարմնավորեցին դպրոցի բարձր դասարանցիները։ Հենց այդ օրը առաջին անգամ և՛ հերոսի հարազատները, և՛ բոլոր ներկաները նախարարի շուրթերից առաջին անգամ լսեցին, որ Դավիթ Գևորգյանի զոհվելու օրը` սեպտեմբերի 6-ին, ռազմաճակատի մի այլ հատվածում ծանր վիրավորվել է նաև Սեյրան Օհանյանը»։ (33- ամյա Դավիթ Գևորգյանը հերոսաբար զոհվում է Վաղուհաս-Չլդրան ռազմաճակատի Չլդրան-Հարությունագոմեր հատվածում)։
Դավիթ Գևորգյանի հուղարկավորությունը կատարվում է ծննդավայր Ջաջուռում։
-Ես միշտ այցելում եմ Եռաբլուր պանթեոն, որտեղ հանգչում են մեր հերոսները, և որտեղ հողին պետք է հանձնվեր նաև որդուս մարմինը։ Բայց մենք որոշեցինք նրան տանել գյուղ։ Մի ոտքս Ջաջուռում է, մյուսը` Եռաբլուրում,- արտասվախառն ձայնով պատմում է հերոսի մայրը։
Ջաջուռի գյուղական խորհուրդի որոշմամբ ազատամարտիկ, Արծիվ մահապարտ, «Արիության» մեդալի ասպետ Դավիթ Գևորգյանի անունով են կոչվում գյուղի մանկապարտեզն ու գլխավոր փողոցը։
Դավիթն ու իր զոհված-ապրող արծիվ ընկերները, Արցախյան ազատամարտի մասնակից յուրաքանչյուր հայորդի իրենց գործով ապացուցեցին, որ իրենք Հայաստան հայրենիքի նվիրյալ զավակներն են, որոնց շարքերը երբեք չեն նոսրանա։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր