Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱԽՍԵՐՈՎ` ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ



Հարցազրույց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ գնդապետ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

Գնդապետ Տ. Խաչատրյանը ծնվել է ՀՀ Նաիրիի շրջանի Պռոշյան ավանում: 1988թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն տարում էլ ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Ակտիվորեն մասնակցելով Արցախյան շարժմանը՝ նա 1991թ. դադարեցնում է ուսումը համալսարանում և Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցում, նախ, Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, այնուհետև մեկնում Շահումյանի շրջան: Վերջինիս անկումից հետո նա չի վերադառնում տուն, այլ մնում է Արցախում և մասնակցում ԼՂՀ ազատագրման ու անվտանգության գոտու ստեղծման համար կատարված բոլոր նախապատրաստական ու մարտական գործողություններին: 1996թ. Տիրան Խաչատրյանը վերադառնում է Երևան և ԵՊՀ սահմանած հատուկ կարգով շարունակում և անհատական ծրագրով ավարտում է ընդհատված ուսումը:

Հետագայում նա սովորում և գերազանցության դիպլոմով ավարտում է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիան: Որպես զինվորական` նա ակնածանքի և ընդօրինակման արժանի ճանապարհ է անցել: Սկսելով դասակի հրամանատարից՝ զբաղեցրել է բանակում առկա բոլոր սպայական պաշտոնները` վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար, պաշտպանական շրջանի /զորամասի/ հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, հրամանատար, միավորման հրամանատար, ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական պատրաստության բաժնի պետ, ՊԲ հրամանատարի տեղակալ, շտաբի պետի տեղակալ: Առաջ ընկնելով ասենք, որ բոլոր զորամասերում, որտեղ ծառայել է գնդապետ Տիրան Խաչատրյանը, մարդիկ սիրով ու հարգանքով են հիշում նրան, խոսում նրա մասնագիտական հարուստ գիտելիքների, փորձի, կազմակերպչական հմտությունների ու հատկապես մարդկային հատկանիշների մասին:

Ծառայության ընթացքում գնդապետ Տիրան Վաչագանի Խաչատրյանը պարգևատրվել է երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», «Մարտական ծառայության», «Շուշիի ազատագրման», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ հուշամեդալներով, այլ պարգևներով: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Մոտ երկուսուկես ամիս առաջ գնդապետ Տիրան Խաչատրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ: Ինչպես ամենուր, այնպես էլ բանակում ղեկավար անձի փոփոխությունը տվյալ ոլորտի աշխատանքներում առնվազն ինչ-որ նորություն, նոր մոտեցումներ, նոր աշխատաոճ է ենթադրում:

Ներկայացվող հարցազրույցը գնդապետ Տիրան Խաչատրյան անհատի, զինվորական գործչի, ծառայողական նոր պաշտոնում նրա մտահղացումներին ծանոթանալու, ինչպես նաև տարեվերջյան ամփոփիչ քննություններից առաջ զորամասերում ուսումնական ծրագրերի կատարման ընթացքի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու փորձ է:

-Տիրան Վաչագանի, սովորաբար նոր ղեկավարներին հարյուր օր են տալիս իրավիճակին ծանոթանալու, տիրապետելու, առաջնահերթ լուծում պահանջող հարցերը կարգավորելու համար, սակայն հաշվի առնելով այն հանգամանք, որ ՀՀ ազգային բանակը Ձեզ նույնքան ծանոթ ու հարազատ է, որքան պաշտպանության բանակը, ասեք խնդրում եմ` արդեն մտե՞լ եք աշխատանքային լիարժեք ռիթմի մեջ, թե՞ դեռ շարունակում եք ուսումնասիրել գործունեության դաշտը:

-Գիտեք, աշխատանքը չի սպասում, աշխատանքները շարունակվում են` համաձայն ընթացիկ տարվա մարտական պատրաստության ծրագրի: Բանակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ինչ էլ լինի, հաստատված ծրագիրը պետք է ամբողջությամբ կատարվի: Մենք զինվորականներ ենք և շատ լավ գիտենք, որ հայրենիքի պաշտպանությունը չի սկսվում առավոտյան ինչ-որ ժամի և ավարտվում, ասենք, մութն ընկնելուն պես. այն անընդհատ, անդադար գործընթաց է բոլորիս համար` սկսած սահմանն աչալրջորեն հսկող զինվորից, վերջացրած պաշտպանության նախարարով ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետով: Այնպես որ՝ ամեն օր, ամեն ժամ ինչ-ինչ հարցեր ճշտելու, ուսումնասիրելու, լուծումներ առաջարկելու, ինչ-որ գործընթաց վերահսկելու, խնդիրներ առաջադրելու, կազմակերպելու, ապահովելու անհրաժեշտություն միշտ էլ լինում է, և իմ կողմից ոլորտը բավականաչափ ուսումնասիրված է` նմանատիպ հարցերում ճիշտ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու համար: Եթե ասեմ արդեն իրավիճակին ամբողջությամբ տիրապետում եմ, սխալ կլինի, ժամանակ է պետք:

-Բոլորովին վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակն անցկացրեց նախատեսված հերթական զորավարժությունը, որի ընթացքին հետևում էր ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համոզված եմ՝ զորավարժությանը Դուք հետևել եք, այսպես ասած, գնահատողի հայացքով: Ի՞նչն ավելի շատ Ձեզ դուր եկավ, կամ ո՞ր զորամասի, զորատեսակի գործողություններն էին ավելի տպավորիչ:

-Նախ՝ ասեմ, որ ստացածս տպավորությունը շատ դրական է. ինչպես միշտ, այս անգամ էլ պաշտպանության բանակի մեր ընկերներն իրենց գործին չափազանց լուրջ էին մոտեցել: Յուրաքանչյուր զորամաս, ստորաբաժանում, յուրաքանչյուր զինծառայող ձգտում էր իր հնարավորությունների առավելագույնը դրսևորել: Ինձ դուր եկավ նրանց նվիրվածությունը: Զորավարժությունն առանձնահատուկ էր ոչ ստանդարտ գործողություններով, ինչը խոսում է այն մասին, որ ՊԲ-ում աշխատում են, պրպտում, դուր եկավ ղեկավարման ներդաշնակումը, ղեկավարում, ինչը երևի ամենակարևորն է, որովհետև պատերազմի ժամանակ, որքան էլ միջոցները թույլ լինեն, եթե ստորաբաժանման ղեկավարը ճիշտ աշխատի, միանշանակ նրա ենթակա ստորաբաժանումն առաջադրված խնդիրների կատարումը չի ձախողի: Չեմ ուզում առանձին-առանձին անդրադառնալ զորամասերին, զորատեսակներին, որոնց հնարավորությունները ես լավ գիտեմ, ասեմ միայն, որ նրանց մարտունակությունը բարձր է, իսկ զորավարժության վերջնական գնահատականը տրվում է մանրամասն հաշվարկներից, ուսումնասիրությունից հետո:

-Մարտական պատրաստության պետի պաշտոնում Ձեր անմիջական ղեկավարությամբ անցկացվե՞լ է, արդյոք, մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Եվ ինչպիսի՞ն են եղել արդյունքները:

-Հոկտեմբերի առաջին տասնօրյակում պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն անցկացրեց հանրապետության հյուսիսարևելյան շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը, և պետք է ասեմ, որ տպավորությունս և գրանցված արդյունքները գոհացնող են, ինչը վկայում է, որ կատարելով մարտական հերթապահություն` զորամասը միաժամանակ հավուր պատշաճի զբաղվում է նաև ռազմական ուսուցմամբ՝ լիարժեքորեն օգտագործելով տեղի զորավարժարանի, եղած ուսումնանյութական բազայի ընձեռած հնարավորությունները:

-Այժմ ի՞նչ գործընթաց է գծային զորամասերում, ե՞րբ են սկսվելու ամփոփիչ քննությունները:

-Դեռևս շարունակվում է վաշտերի ներդաշնակման ուսումնական շրջանը, որին կհաջորդի ներդաշնակումը գումարտակների կազմերով: Այդ ընթացքում կանցկացվեն զորավարժություններ, կսկսվեն հսկողական կամ ամփոփիչ քննությունները: Վարչության մասնագետ սպաները տեղերում մեթոդական օգնություն են ցույց տալիս: Արդեն աշխատել ենք երեք զորամիավորումների տարբեր զորամասերում: Ես ձգտում եմ, որ զորամասերը մարտական բարձր պատրաստականության հասնեն ծախսելով ավելի քիչ միջոցներ, այսինքն՝ ընթանան ավելի «թույլ դիմադրողականության» ճանապարհով: Դրա համար հրամանատարական կազմը պետք է զինված լինի համապատասխան մեթոդներով:

-Պարոն գնդապետ, մարտական պատրաստության վարչության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն էլ կրտսեր հրամանատարների, մասնագետների պատրաստումն է: Հաշվի առնելով վերջին տարիներին ուսումնական զորամասերի համալրման, ուսման տևողության ժամանակի փոփոխության, ինչպես նաև մարտական զորամասեր մեկնելուց առաջ կուրսանտներին հանգստի հնարավորություն տալու փաստերը՝ թվում է՝ զինված ուժերի ղեկավարությունը կադրերի պատրաստման առավել արդյունավետ ձևեր է որոնում: Դուք ունե՞ք ուսումնական զորամասերի հետ կապված առանձին ծրագիր:

-Ինքներդ հարցի մեջ արդեն նշեցիք, որ որոնումները շարունակվում են: Այո, պետք է ձգտենք ընթանալ մեզ համար լավագույն ճանապարհով, ինչպես քիչ առաջ նշեցի` նվազագույն ծախսերով ստանանք ցանկալի արդյունք: Ես բավականաչափ ուսումնասիրել եմ ռազմական ուսուցման կարգը աշխարհի տարբեր բանակներում և չէի ասի, թե մենք նկատելիորեն զիջում ենք կամ հետ ենք մնում նրանցից: Այո, կան բանակներ, որոնք ունեն մեծ ու հարուստ պատմություն, ապահովվածություն, մինչդեռ մեր ունեցածը երիտասարդ պետության ու բանակի համար բավական տպավորիչ է: Բերեմ օրինակ. եթե մեր արտադրողներն ընդամենը տարիներ առաջ են սկսել վարժասարքեր թողարկել, որի արդյունքը մենք շոշափելիորեն տեսնում ենք, ապա կան երկրներ, որոնց զարգացած արտադրական միավորումները շատ վաղուց իրենց բանակների պատվերներն են կատարում: Բանակում կրտսեր հրամանատարից, մասնագետներից շատ բան է կախված, և նրանք հիմնականում ուսման չորսուկես- հինգ ամիսների ընթացքում են յուրացնում անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը, և եթե ուսման ընթացքում բացթողումներ են լինում, ուրեմն դրանց համար եղել են ինչ-ինչ պատճառներ: Ես գտնում եմ, որ պետք է աշխատենք և որքան հնարավոր է հարստացնենք ուսումնանյութական բազան, կիրառենք առավել արդյունավետ մեթոդներ, ստեղծենք պայմաններ, որպեսզի հրամանատարներն ու սպաներն էլ ոգևորությամբ աշխատեն:

-Ունե՞ք, արդյոք, զինվորական ստորաբաժանման մարտունակությունը գնահատելու Ձեր բանաձևը կամ չափանիշը:

-Ի պաշտոնե ստորաբաժանումների մարտունակությունը միշտ գնահատել եմ ընդունված չափորոշիչներով և առանձին բանաձև չունեմ: Կարծում եմ՝ զորքը մարտունակ է այն ժամանակ, երբ կամայական իրավիճակում իր առջև դրված խնդիրը սահմանված ժամանակում կատարում է: Երբ մենք զորավարժություն ենք անցկացնում, ստորաբաժանումներին տալիս ենք բոլորովին նոր, անսպասելի առաջադրանքներ:

-Դուք անցել եք հրամանատարական բոլոր աստիճաններով և, անկասկած, գիտեք հրամանատարի խոսքի արժեքն ու զորությունը անձնակազմի՝ սպայի ու զինվորի համար:

-Հրամանատարն է ոգեշնչում և առաջնորդում զորքին, բարձրացնում անձնակազմի մարտական ոգին: Եթե հրամանատարն ինչ-որ բան է ասում, բայց չի անում, ուրեմն նրան չեն հավատա, իսկ եթե չի ասում, բայց անում է այն, ինչ անհրաժեշտ է, ուրեմն ինչ էլ լինի` զորքն ու զինվորը կգնան նրա հետևից: Լավագույն հրամանատարը նա է, ով իր խոսքը գետնին չի գցում` ասում է և անում:

-Ձեզ չի՞ թվում, որ մեր զորամասերում շատ են զանազան այցերը. հանձնաժողովներ, տարբեր կարգի ստուգումներ, տեսակցություններ, հանդիպումներ, որոնք հրամանատարական կազմին կտրում են առօրյա աշխատանքից…

-Համաձայն եմ, իրոք որ այցելությունները շատ են: Կան շատ ու շատ հարցեր, որոնց համար պետք չէ հանձնաժողովներ գործուղել զորամասեր: Եթե սպային հրամանատար ենք նշանակում, ուրեմն պետք է վստահենք և թողնենք, որ ինքնուրույն աշխատի:

– Ինչպիսի՞ զորամասում կցանկանայիք, որ Ձեր որդին ծառայեր:

-Դժվարանում եմ որևէ մեկը առանձնացնել. դրանք շատ են: Ուստի ես նրան հանգիստ խղճով կճանապարհեմ բանակ:

-Պարոն Խաչատրյան, քանի որ Դուք մինչև վերջերս բարձր պաշտոն էիք զբաղեցնում ԼՂՀ պաշտպանության բանակում, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկայի ու սպառազինության, դրա շուրջ առաջացած անհանգստության մասին:

-Ադրբեջանը միշտ էլ մեզնից ավելի շատ ռազմական տեխնիկա, զենք-զինամթերք է ունեցել, չափազանց շատ, իսկ նրա սանձազերծած պատերազմի արդյունքը բոլորին է հայտնի: Կարծում եմ՝ մեր իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ ռազմատենչ ու ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող երկիրը սպառազինության հարցում մեր նկատմամբ լուրջ առավելություններ ունենա: Օրինակ` նրանք ունեն շատ ուղղաթիռներ և ինքնաթիռներ, իսկ մենք՝ հզոր ՀՕՊ համակարգ: Հարց է առաջանում՝ ի՞նչ են անելու այդ զենքերը, ասենք՝ «Սմերչը», որի մասին այդքան շատ են խոսում: Օգտագործելո՞ւ են, կրակելո՞ւ են, իսկ հետո՞, չէ՞ որ նրանց բազմաթիվ բնակավայրեր գտնվում են մեր հրետանային միջոցների ուղիղ նշանառության տակ: Ի՞նչ է, մենք չե՞նք կրակելու, չե՞նք ոչնչացնելու նրանց կրակային միջոցները… Մենք գերադասում ենք աշխատել և բարձրացնել մեր զորքերի մարտունակությունը:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Ազգային բանակ


12/12/2013