Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ` ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ



Հարություն Ներսիսյանը 18 տարեկան է: Նա զբաղվել է բռնցքամարտով, ամբողջ օրը անցկացրել է մարզասրահում, բայց այսուհետ նա արդեն զինվոր է. «Ստացել եմ ծանուցագիր դեկտեմբերի 9-ին զորակոչվելու մասին: Անհամբեր սպասում էի այս օրվան: Փառք Աստծո, պիտանի եմ ծառայության, պատրաստ եմ կանգնել ամենավտանգավոր դիրքում, սահմանի ամենաբարդ հատվածում եւ պատասխանատվությամբ ու եռանդով ծառայել»,- վստահաբար ներկայանում է Հարությունը:

Հարությունին եւ մյուս զորակոչիկներին հանդիպեցինք կենտրոնական հավաքակայանի սենյակներից մեկում, որտեղ անհանգիստ եւ հուզված ծնողների ներկայությամբ երիտասարդները տեղադրված երեք արկղերից վիճակահանության սկզբունքով թերթիկ էին դուրս քաշում, որի վրա նշված էր ապագա ծառայության վայրը, ապա զորամասի համարը ցուցադրում էին տեսախցիկի առջեւ, որն էլ ամրագրվում էր զինվորական գրքույկում:

Արկղերի վրա նշված «Ը», «Մ», «Ա» գրությունները հուշում են, որ «Ը»-ին մոտենան ընդհանուր հիմունքներով ծառայելու կանչված զորակոչիկները, «Մ»-ին` վարորդական մասնագիտացում ստացածները, ինչպես նաև մեխանիկ-վարորդի, կապավորի որակավորում ունեցողները, իսկ «Ա» մակագրությամբ արկղին` համապատասխան արտոնության իրավունք ունեցողները, ինչպես օրինակ` այն զինակոչիկը, որի հայրը, մայրը կամ էլ եղբայրը զոհվել կամ հաշմանդամ են դարձել Արցախյան պատերազմի ժամանակ եւ այլն։ Հաշվի առնելով զորակոչիկի ընտանեկան կարգավիճակը՝ նա ծառայության է անցնում տնից որոշակի հեռավորության վրա գտնվող զորամասում:

Ծառայության վայրի վիճակահանությամբ ընտրությունը 2013 թ. ձմեռային զորակոչի նորույթներից է:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը նշում է, որ վիճակահանության մեթոդը հնարավորություն է տալիս բացառելու կոռուպցիոն ռիսկերը, ապահովելու զորակոչի թափանցիկությունը եւ բարձրացնելու բանակի հանդեպ հասարակության վստահությունը. «Վիճակահանությունը նպաստում է, որ ծնողները խուսափեն ավելորդ միջամտությունից, նաեւ անիմաստ է դարձնում ավանդական իրարանցումը»:

Մինչ վիճակ հանելը, զորակոչիկները զորակոչային բաժնի տեսուչների ուղեկցությամբ շարժվում են դեպի սպասասրահ, որտեղից էլ, ըստ հաջորդականության, նրանց ընդունում է հավաքակայանի մանդատային հանձնաժողովը` փոխգնդապետ Ա. Ավանեսյանի գլխավորությամբ։ Վերջինս հետաքրքրվում է, թե արդյոք կան մարմնի վրա դաջվածքներ ունեցողներ, օտար լեզուների տիրապետողներ եւ այլն՝ նշելով պատասխանները գրանցամատյանում։

Այնուհետեւ տղաներին զննում են նյարդաբանը, թերապեւտը, վիրաբույժը եւ այլ բժիշկներ, զորակոչիկը վեց պատվաստում է ստանում ինը անուն վարակների դեմ: Բժշկական հանձնաժողովի նախագահ, բուժծառայության գնդապետ Գայանե Ղուկասյանն ասում է` պատվաստումն ամենակարեւոր միջոցառումներից է, քանի որ ապահովագրում է զորակոչիկին օրգանիզմի դիմադրողականության անկումից. «Յուրաքանչյուր նորակոչիկի անհատական մոտեցում է ցուցաբերվում, եթե խնդիր է հայտնաբերվում, տրվում է լրացուցիչ ժամանակ` կարճատեւ կամ երկարատեւ տարկետում»:

Զորակոչի մեկնարկից ի վեր զորակոչվել է նորակոչիկների շուրջ 20 տոկոսը: Կարիք է առաջացել լրացուցիչ հետազոտման ուղարկելու 9 նորակոչիկի: Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը խորհուրդ է տալիս խախտումների դեպքում դիմել պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովին, որը կքննարկի յուրաքանչյուր մասնավոր դեպք եւ անհրաժեշտության դեպքում միջնորդագիր կներկայացնի. «Ամեն ինչ արվում է, որպեսզի առողջական խնդիրներ ունեցող երիտասարդը չզորակոչվի»,-վստահեցնում է նա:

Ի դեպ, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը մեծ սիրով պատասխանում էր հավաքակայան եկած ծնողների հարցերին, փարատում նրանց մտահոգությունները, պարզաբանում ծառայության նրբությունները, նաեւ քաջալերում էր նորակոչիկներին, հայրաբար թփթփացնում նրանց ուսը, ոգեւորում եւ խորհուրդ տալիս անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները. «Դա թույլ կտա հաջողությամբ կատարել խնդիրները եւ կապահովի ծառայության անվտանգությունը»:

Զինակոչիկներից Գոռ Նավասարդյանն իր հերթին խոստանում է առաջադրանքները լավ կատարել եւ խնդրում է ծնողներին չհուզվել, թեպետեւ հասկանում է նրանց. չէ՞ որ տան միակ երեխան է: «Երկու տարին շուտ կանցնի, չեք էլ հասցնի աչք թարթել, եւ տանը կլինեմ»:

Կիրակոսյան Հրանտն էլ կծառայի ամենահեռավոր զորամասերից մեկում, սակայն ծնողներին խնդրում է շուտ-շուտ տեսակցության չգալ, որ կարողանա արագ հարմարվել բանակային կյանքին:

Ծնողներից Ժիրայր Ստեփանյանը նշում է, որ գոհ է բաշխման նոր համակարգից, վիճակահանությունը որակում է «արդար եւ թափանցիկ», որքան էլ որդին ծառայելու է սահմանամերձ զորամասում. «Մի քիչ հեռու, մի քիչ մոտիկ` ի՞նչ տարբերություն, ի վերջո՝ մեր հայրենիքն է: Ամենակարեւորը՝ պատերազմ չլինի, եւ մեր երեխաներն էլ խաղաղ պայմաններում ծառայեն»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #49 (1016) 12.12.2013 – 18.12.2013, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


12/12/2013