Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ



Ժնևում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Թեհրանի և «վեցնյակի» միջև վերջերս ձեռքբերված նախնական համաձայնությունը Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ստեղծում. եթե Թուրքիան իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականության պատճառով մղվում է առավել բարդ միջազգային հարաբերությունների տիրույթ, ապա Իրանը ձեռք է բերում Արևմուտքի համար նոր դերեկատարություն և հանդես գալիս ոչ թե որպես թիրախ, այլ արդեն որպես բանակցային կողմ: Նման իրավիճակի մասին են փաստում նաև Թուրքիայի արտգործնախարարի երևանյան հայտարարությունները:

Նոյեմբերի 24-ին Ժնևում տեղի ունեցավ Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը, որը, ի տարբերություն նախորդների, նշանավորվեց որոշակի փոխհամաձայնությամբ և երկկողմ պայմանավորվածություններով: Թեհրանը, տարիներ անց, վերջիվերջո, խաղաղ ատոմի ազատ մշակման հնարավորություն ստացավ` միաժամանակ պարտավորվելով երբևիցե չռազմականացնել այդ ծրագրերը: Նման փոխհանդուրժողականությունն ու ընդհանուր եզրերի ձեռքբերումը նախևառաջ պայմանավորված են արդեն երկու տարի Մերձավոր Արևելքում տիրող անկանխատեսելի իրավիճակից հոգնածությամբ: Արևմուտքում հասկացել են, որ, առանց Թեհրանի, տարածաշրջանային որոշ խնդիրների հանգուցալուծում գտնել հնարավոր չէ:

Արևմուտքի հետ հարաբերությունների ապասառեցման շնորհիվ Իրանի կողմից նոր դիրքեր գրավելու հավանականությունն առաջ է բերել տարածաշրջանի մի շարք երկրների հիմնավոր անհանգստությունը, առաջին հերթին` Թուրքիայի, մանավանդ որ Արևմուտքի հետ բանակցություններին զուգահեռ Իրանը փորձում է նոր որակի հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, ինչը փոփոխությունների է հանգեցնում Պարսից ծոցի երկրների վարքում: Վերջիններս շտապեցին ողջունել ժնևյան բանակցությունների արդյունքները՝ հուսավառվելով Թեհրանի «կառուցողական մոտեցումներով»:

Վաշինգտոնի ճնշման շնորհիվ որոշակիորեն մեղմացել է նաև Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ Թել Ավիվի դիրքորոշումը: Եթե հանդիպման նախօրյակին վարչապետ Նեթանյահուն հայտարարում էր, թե Իսրայելը երբեք չի ճանաչի բանակցությունների ոչ մի արդյունք և կպայքարի այդ ծրագրերի դեմ միայնակ, ապա Ժնևից հետո Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատմության մեջ առաջին անգամ պատրաստակամություն հայտնեց հանդիպելու Իրանի նախագահի հետ:

Արևմուտքի և Իսրայելի վարած քաղաքական ուղեծրի փոփոխությունը մեծ անհանգստություն առաջացրեց Անկարայում, որը «մեծ շուքով» տապալեց իր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը: Ուշագրավ է. վերջին տասնամյակներում Անկարան մշտապես որոշակի վերապահություն է ունեցել Արևմուտքի հակաիրանական բոլոր ձեռնարկումների նկատմամբ, ինչպես և զերծ է մնացել Իրանին բացահայտ վիրավորելու հարցում՝ մշտապես փորձելով պահպանել հարաբերությունների գործընկերային բնույթը: Իրանին կրկին սիրաշահելու մի փորձ է արվել նախանցած շաբաթ, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում երկու երկրների միջև ներկայիս հարաբերությունները համեմատել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հետպատերազմյան հարաբերությունների հետ՝ խոսելով դրանց ներուժի մասին: Անկարայում սակայն մտահոգված են. եթե նախկինում Թուրքիան Իրանի դեմ կապանքների միջոց էր, մինչդեռ ապագայում պատժամիջոցները կարող են լինել արդեն իսկ իր հաշվին` Սիրիայում և Իրաքում, որպես բուֆերային գոտի, քրդական որևէ պետական կազմավորում ստեղծելու միջոցով: Թուրքիայում լավ են հասկանում, որ Քրդական Ինքնավարության տիրույթներում կարող են հայտնվել նաև իր տարածքները:

Նման իրավիճակում Թուրքիան այլ ելք չունի, քան վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ` փորձելով համոզել Մոսկվային Հարավային Կովկասում երկուստեք շահավետ քաղաքականություն վարել (ի հակակշիռ Իրանի և Արևմուտքի): Սակայն թուրքական էլիտայի ցանկությունները հօդս ցնդեցին դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի` Գյումրիում ունեցած ելույթից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք Հարավային Կովկասից չի հեռանա: Անկարան ստիպված եղավ փոխել նաև հայտարարությունների ոճը Երևանում դեկտեմբերի 12-ին մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովում իր մասնակցության վերաբերյալ: Եթե մինչև Երևան ժամանումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն խոսում էր Արցախյան հիմնախնդրի ադրբեջանանպաստ լուծման, «տարածքային» կամ այլ պահանջների ոգով, ապա դեկտեմբերի 12-ին նա ստիպված էր արդեն Երևանում խոստովանել իր երկրի լրատվամիջոցներին, որ հայաստանցի իր գործընկերոջ հետ խոսել է «երկու ժողովուրդների միջև պատմական անցյալի բաց և թափանցիկ քննարկման, Կովկասում առկա խնդիրների համար մնայուն լուծումներ գտնելու, տարածաշրջանի տնտեսական զարգացման և Հայաստանի տնտեսության ինտեգրման կարևորության մասին»: Նախարարը շրջանցեց լրագրողների շիտակ հարցը, թե արդյոք խոսվե՞լ է Արցախի հիմնահարցի մասին՝ պատասխանելով միայն. «Մենք խոսել ենք երկու երկրների միջև երկխոսությունը զարգացնելու մասին»:

Ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է վերանայել իր նախկին քաղաքականությունը և, չցանկանալով կորցնել տարածաշրջանային իր դերակատարի կարգավիճակը, կփորձի իրոք առաջնորդվել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տրամաբանությամբ:

Եվ զարմանալի չի թվա, եթե Դավութօղլուի հաջորդ այցերը լինեն Սիրիա…

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


19/12/2013