Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

3. ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՄԻՄՅԱՆՑ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ



Սկիզբը` նախորդ համարներում

ՕԲՅԵԿՏԻՎ ՀԻՄՔ` ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Եւ այսպես, Ռուսաստանի հզորացման պարագայում Հայաստանին կարող է մտահոգել միայն մի հարց. եթե Ադրբեջանն ապագայում նույնպես անդամակցի Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը, և եթե Թուրքիան անվտանգության հարցերում դառնա Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկը, արդյո՞ք այս կամ այն մոտավորությամբ չի կրկնվի 1921 թվականի իրավիճակը, երբ Ստալինի միանձնյա որոշմամբ Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում: Հարկ է նկատել, որ հատկապես ՌԴ նախագահ Վ.Պուտինի Հայաստան կատարած այցից հետո հայ հասարակության մեջ և ԶԼՄ-ներում սկսեցին հնչել մտահոգություններ` կապված Արցախյան հիմնախնդրի վրա ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցության հետ:

Փորձենք, նախ, հասկանալ, թե ի՞նչն է այդ մտավախությունների պատճառը: Ակնհայտորեն` նախևառաջ պատմական զուգահեռները 20-րդ դարի առաջին քառորդի իրադարձությունների և իրավիճակի հետ.

– ԽՍՀՄ ստեղծում – Եվրասիական միության (Մաքսային միության) ստեղծում,

– Լեռնային Ղարաբաղի բռնակցում Ադրբեջանին – ԼՂՀ անկախության չճանաչում,

– Անտանտի պետությունների դավաճանությունն իրենց դաշնակից Հայաստանի Առաջին Հանրապետության նկատմամբ – Արևմուտքի (ԱՄՆ, Եվրամիության) կողմից արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Հայոց ցեղասպանությունը չճանաչելն այսօր,

– բոլշևիկների ֆինանսական ու ռազմական օգնությունը քեմալականներին – ներկայիս Ռուսաստանի ռազմատնտեսական ակտիվ կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ,

– Թուրքիայի ագրեսիան Հայաստանի Առաջին Հանրապետության նկատմամբ – ներկայիս Թուրքիայի թշնամական քաղաքականությունը ՀՀ նկատմամբ և ռազմական աջակցությունը Ադրբեջանին,

– Հայաստանի շրջափակումը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր,

– Հայաստանում քաղաքական տարբեր ուժերի` ազգայնական եվրոպամետների, ռուսամետների և թուրքամետների առկայությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր,

– Ադրբեջանի թշնամությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր,

– Վրաստանի սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր,

– հայ ժողովրդի համար բախտորոշ հարցերի շուրջ բանակցություններին երրորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր,

– տարածաշրջանում և աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի արագ փոփոխությունն ու բարդությունը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր:

Այսպիսով, վերոնշյալ մտավախությունն օբյեկտիվ հիմքեր ունի:

ԱՐՑԱԽԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Այդուհանդերձ, 20-րդ դարասկզբի և ներկայիս իրավիճակների միջև կան էական տարբերություններ, որոնք բացառում են Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում, նույնիսկ եթե վերջինս անդամակցի Եվրասիական և Մաքսային միություններին` Ռուսաստանից դրա դիմաց պահանջելով ադրբեջանամետ դիրքորոշում ԼՂ հիմնահարցում: Այդ տարբերություններն են`

1. Արցախն ու Հայաստանը հաղթել են ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում և ազատագրել են պատմական Հայաստանի մի մասը: Պատմության օրենք է` արյունով ազատագրված հողերը բանակցությամբ չեն հանձնվում: Պատճառն այն է, որ հող ազատագրել նշանակում է հաղթել, իսկ հաղթողը, որպես կանոն, պատրաստ է նոր կռվի և հավատում է, որ դարձյալ կհաղթի: Հետևաբար` արյունով ազատագրված հողը բանակցությամբ հնարավոր է վերադարձնել միայն մի դեպքում. եթե հաղթողին հաջողվի բարոյալքել ու հասցնել հուսահատության: Թեև Ադրբեջանն ու Թուրքիան (և, միգուցե, արևմուտքում էլի ինչ-որ մեկը) դրա հույսն են փայփայում և գործնական քայլեր կատարում այդ ուղղությամբ, այսօր դա իրատեսական նպատակ չէ: Բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներով հանդերձ` հայ ժողովրդի և հատկապես արցախահայության և զինվորականների բարոյահոգեբանական վիճակն այսօր այնքան բարձր է, որ անհնար է պատկերացնել պարտվողական տրամադրությունների որևէ նախապայմանի «ծլարձակում» մեր հասարակության մեջ: Նույնիսկ գործող իշխանությանն արմատապես ընդդիմադիր ուժերը Արցախի հարցում վճռականորեն կողմ են նրա անկախությանը կամ Հայաստանի հետ վերամիավորմանը և դեմ են ազատագրված տարածքների վերադարձին: Սա նշանակում է, որ այսօր Արցախի հարցում գոյություն ունի համազգային կոնսենսուս, ինչը չկար 100 տարի առաջ:

2. Հայաստանն ունի հաղթանակած և մարտունակ բանակ` ի տարբերություն Առաջին Հանրապետության պարտված (1920 թ. հոկտեմբեր-դեկտեմբերի հայ-թուրքական պատերազմում) և բարոյալքված բանակի: Մեր բանակն այսօր ապահովված է սպառազինությամբ ու տեխնիկայով` ի տարբերություն Առաջին Հանրապետության բանակի: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է, քան Առաջին Հանրապետության օրոք, երբ սով էր: Հայաստանի ներքաղաքական իրավիճակն այսօր կայուն է և վերահսկելի, իսկ Առաջին Հանրապետությունը տառապում էր կուսակցական և այլ զինյալ խմբերի (բանդաների) կամայականությունից, մի քանի ամիսը մեկը փոխվում էին կառավարությունները:

Հայաստանի Առաջին Հանրապետության իշխանությունները սխալ էին կանխատեսել ռազմաքաղաքական իրադարձությունների զարգացման միտումները տարածաշրջանում և աշխարհում, ճիշտ չէին կողմնորոշվել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Սա ոչ միայն քաղաքական գործընթացների բարդության հետևանք էր, այլև տեղեկատվության խափանման և հավաստի տեղեկույթի պակասի: Իսկ այսօր գործում է ՀՀ ազգային անվտանգության ապահովման համակարգը, ՀՀ քաղաքականության մշակմամբ զբաղվում են ինստիտուտներ և գիտնականներ: Դե, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այսօրվա մակարդակը հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում արձագանքել ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխություններին:

Եթե մի բառով ասենք` ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն է` ի տարբերություն Հայաստանի Առաջին Հանրապետության:

3. 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին պառակտելու, Արցախն Ադրբեջանին հանձնելու գործում մեծ նշանակություն ունեցավ բոլշևիկյան ապազգային գաղափարախոսությունը: Այսօր ապազգայնությունը հայ հասարակության վրա ազդում է եվրոպական արժեքների, այսպես կոչված՝ եվրացենտրիզմի գաղափարախոսության միջոցով: Վերջերս Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյն ասել է. «Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «հայրենիք», «ազգային ինքնություն», «ժողովուրդ», անհրաժեշտ է նետել պատմության աղբարկղը: Նոր Եվրոպան ժողովուրդների իսպառ բացակայությունն է` բառի ավանդական իմաստով: Քանի որ Եվրամիությունը տուն է բոլոր եվրոպացիների համար, բոլորն ամենուր պետք է զգան իրենց ինչպես տանը»:

Սակայն Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունն ավելի մեծ է: Ռուսաստանը, նույնպես կրելով Եվրոպայի ազդեցությունը, այսօր առաջնորդվում է ավելի շատ ազգային արժեքներով և մերժում է ինչպես համասեռամոլությունը, այնպես էլ կոսմոպոլիտիզմը, թեպետ սոցիալական արդարության ու հավասարության գաղափարները նախկինի պես տարածված են այնտեղ: Նաև սրա շնորհիվ Հայաստանում նույնպես ազգայնականությունը վայելում է հասարակության մեծ մասի աջակցությունը:

4. Ավելին՝ ռուսական ազգայնականությունը թույլ չի տալիս, որ Ռուսաստանը գաղափարախոսական ընդհանրություն գտնի Թուրքիայի և Ադրբեջանի հետ և գաղափարախոսական նպատակներ հետապնդի այնտեղ: Հայաստանի թշնամիների հետ հարաբերություններում Ռուսաստանն առաջնորդվում է նախևառաջ տնտեսական շահերով, ինչը մեզ համար ավելի նախընտրելի է, քան, օրինակ, 20-րդ դարասկզբում Ռուսաստանի դաշինքը քեմալական Թուրքիայի հետ` հանուն համաշխարհային սոցիալիստական հեղափոխության հաղթանակի:

5.1921 թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն Արցախի պատկանելության մասին նախորդ օրվա իր որոշումը փոխեց միայն այն պատճառով, որ Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիմանովը Կենտրոնին ահաբեկել էր` ասելով. «Եթե Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը չթողնվեն Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ բացառված չէ հակախորհրդային հեղաշրջումը»: Այսօր Ադրբեջանը Ռուսաստանին նման հարցով շանտաժել չի կարող, որովհետև Արցախին իշխել կարող է միայն հաղթական պատերազմից հետո: Իսկ Ռուսաստանին պատերազմ պետք չէ. եթե ԽՍՀՄ-ի փլուզումը սկսվեց Արցախյան խնդրից, ապա ինչ ասենք Եվրասիական և Մաքսային միությունների մասին, որոնք, հազիվ ստեղծված, կփլուզվեն, եթե Ռուսաստանը փորձի Ադրբեջանն իր ազդեցության գոտում պահելու համար Արցախը «տալ Ադրբեջանին»: Հիմա 1921 թ. իրավիճակը չէ, երբ տարածքային հարցերը լուծվում էին Կովբյուրոյի որոշմամբ: Այսօր տարածքային հարցերը լուծվում են ժողովրդի կամքով և ապա` զենքի ուժով: Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանից Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող համարյա ոչինչ չի մնա (միգուցե՝ նաև Հայաստանից), ուրեմն ի՞նչ իմաստ ունի «Արցախը տալ նրան»: Էլ չասած՝ Ադրբեջանի արկածախնդրությունը կարող է համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ. Ռուսաստանին դա ամենևին պետք չէ:

6. 20-րդ դարասկզբին թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում կար մահմեդական բնակչություն, որը, բացի հայերի համար ֆիզիկական սպառնալիքի աղբյուր լինելուց, ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական բանակցություններում դիվանագիտական շահարկումների և քաղաքական շանտաժի առիթ էր դառնում: Այսօր այդ վտանգը չկա:

Այսպիսով, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների սերտացումն Արցախի հարցի արդարացի լուծման համար որևէ վտանգ չի պարունակում: Ավելին՝ Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են միմյանց հզորությամբ:

Հ.Գ. Ադրբեջանում շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման դիմաց Ղարաբաղը «սկուտեղի վրա ստանալ» այլևս չեն կարող: Պատահական չէ, որ օրերս ադրբեջանցի հայտնի քաղաքական գործիչ և քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել է. «Պետք է դեպի Եվրոպա շարժվենք. Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները շատ ավելի ցավոտ կլինեն, քան Մոսկվայի պատժամիջոցները»: Գուլուզադեի կարծիքով, Ռուսաստանն Ադրբեջանի դեմ միայն մի լծակ ունի` վիզային ռեժիմի սահմանումը Ադրբեջանի քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա Գուլուզադեն կարծում է, որ «Ռուսաստանն այդ խաղաքարտը Ադրբեջանի դեմ չի օգտագործի»: «Դա բացառվում է: Հայաստանն ինքը չի համաձայնի»,- ասել է նա:

Այլ կերպ ասած` Արցախն այլևս մեծ քաղաքականության մանրադրամ չէ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Փոխգնդապետ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


19/12/2013