ԿՈՄԻՍԱՐ ԲԵՆԻԱՄԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Լույս է տեսել պրոֆեսոր Արմեն Ալեքսանի Հովսեփյանի «Ասք կոմիսարի մասին. Բենիամին Գալստյան» պատմավավերագրական գիրքը` նվիրված Հայրենական մեծ պատերազմում մեծ զորականի հեղինակություն նվաճած, հայազգի փառապանծ գեներալ-մայոր Բենիամին Ալեքսանի Գալստյանին, որը հայտնի է Լենինգրադի պաշտպանության ժամանակ անձնակազմի շրջանում հայրենասիրության ոգին բարձր պահելու իր անձնուրաց գործով։ Լինելով ռազմաճակատի առավել մարտունակ բանակներից մեկի Ռազմական խորհրդի անդամ` նա մեծ աշխատանք է կատարել զինկոմիսարների ինստիտուտի հնարավոր վերացումը կանխելու և բանակում հրամանատարության միանձնյա սկզբունքը հաստատելու, զորքերում կուսակցական-քաղաքական աշխատանքը վերակազմակերպելու համար։
Բենիամին Գալստյանն իր արժանի տեղն է գրավում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալների շարքում: Նա ծնվել է 1902թ. Շիրակի մարզի Ճլոխվան գյուղում։ Երբ 1920թ. թուրքերը մտան Ալեքսանդրապոլ, 18-ամյա պատանին գնաց Թիֆլիս, կամավոր անդամագրվեց 11-րդ բանակին, մասնակցեց Թելավիի, Ղարաքիլիսայի, Զանգեզուրի ազատագրման մարտերին, Շիրակի ջրանցքի շինարարությանը: Նա ծառայել է Հայկական դիվիզիայի հրետանու գնդում, 1925թ. ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվան միացյալ դպրոցը, 1931թ.` Անդրկովկասյան հրետանային դպրոցը, 1937թ.` Լենինգրադի Ռազմաքաղաքական ակադեմիան: Ծառայությունը շարունակել է 30-րդ հեծելազորային գնդում: 1939թ. 70-րդ գվարդիական դիվիզիայում որպես կոմիսար մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրման մարտերին։
70-րդ գվարդիական դիվիզիայի հերոսական մարտական ուղին կապված է Կարելական պարանոցի, Ֆիննական ծոցի, Մաներհայմի հզոր ինժեներական գծի գրոհների հետ, որտեղ Բ.Գալստյանը, բացի հրամանատարական կառավարական կետերից, պարբերաբար լինում էր վաշտերի, գումարտակների, գնդերի դիրքերում, ոգեշնչում ռազմիկներին։ Դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Կիրպանոսը և Բ. Գալստյանը մարտերով գրավել են Սոլց և Մեդվեդ բնակավայրերը, ք. Վիբորգը, որի համար դիվիզիայի ավելի քան 1400 մարտիկներ արժանացել են շքանշանների, 17 հոգի` ԽՍՀՄ հերոսի կոչման, իսկ կոմիսարը` Լենինի շքանշանի։
1942թ. ամռանը գեներալ-ֆելդմարշալ Է.Մանշտայնը ստացավ Հիտլերի` «Լենինգրադի պաշտպանների հաշիվները մաքրելու» հրամանը։ Նրան հակազդելու նպատակով խորհրդային փորձառու դիվիզիաներից և զորամասերից կազմվեց հատուկ «Նևսկի» հարվածային օպերատիվ զորախումբը` գեներալ-լեյտենանտ Գուսևի և կոմիսար Գալստյանի գլխավորությամբ։ Այդ ժամանակ Լենինգրադի ռազմաճակատի հրամանատարն էր մարշալ Գ.Ժուկովը։ Նոր պաշտոնում կոմիսարն ամբողջ էությամբ անցավ գործի։ Սեպտեմբերին «Նևսկի» օպերատիվ չորս խմբի գնդերը հակառակորդի ականների ու արկերի պայթյունների տակ անցան Նևա գետը, մարտի բռնվեցին ձախ ափին՝ գրավելով պլացդարմն ու շարունակելով մարտնչել մինչև հոկտեմբեր։ Է.Մանշտայնի խոստովանությամբ, այդ ընթացքում հակառակորդը կորցրեց իր 18-րդ հարվածային բանակի մարդկային ներուժի և տեխնիկայի կեսից ավելին։
1942թ. հոկտեմբերին «Նևսկի» օպերատիվ խմբավորումից ձևավորվեցին 67-րդ բանակը` գեներալ Մ. Դուխանովի և 13-րդ ռազմաօդային բանակը` գեներալ Ս.Ռիբուլկովի հրամանատարությամբ: Նրանք մասնակցեցին Լենինգրադի ապաշրջափակմանը, շարունակեցին պայքարը մինչև վերջնական հաղթանակի հասնելը։ «Նևսկի» օպերատիվ խմբավորման մեջ ներառված էր նաև 70-րդ գվարդիական դիվիզիան։
…Պոկովի շրջանի Շելոնի անտառներում մղված մարտերում գերմանացիները հարձակման նետեցին իրենց տանկային ընտրովի միավորումը։ Խորհրդային զորքերը կանգնեցրին հակառակորդի գրոհը՝ շարքից հանելով տանկերի և հրետանու մեծ մասը։ Երկշաբաթյա ծանր ու արյունալի մարտերից հետո մեր դիվիզիան հետ մղեց թշնամուն՝ վերագրավելով Սոլց քաղաքը, ինչին հաջորդեցին նոր մարտեր Պուշկինի մոտակայքում և Նևայի վրա։ 1942թ. դեկտեմբերի 4-ին Պոլկովոյի մատույցներում արկն ընկավ այն խրամատը, որտեղ Բ. Գալստյանն էր… Նա զոհվեց։
Դեկտեմբերի 5-ին «Լենինգրադսկայա պրավդան» գրեց. «…Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլևս մեզ հետ չէ Բենիամին Հովհաննեսովիչը։ Սակայն խիզախ կոմիսարի հմայիչ կերպարը երբեք չի ջնջվի մեր հիշողությունից և մեզ կոչում է էլ ավելի դաժան պայքարի ատելի թշնամու դեմ»: Մահախոսականը ստորագրել էին Ռազմական խորհրդի անդամները, Լենինգրադի մարզկոմի և մարզգործկոմի ամբողջ ղեկավարությունը՝ քարտուղար Ա. Կուզնեցովը, Մ. Խուլինը, Ա. Շտիկովը, գեներալներ Գովորովը, Կռիլովը, Կուլիկը, Պանյուշկինը, Կուրոչկինը, գրող Ն. Տիխոնովը և ուրիշներ։
«Կրասնայա զվեզդա» թերթը տպագրեց Ն.Տիխոնովի հոդվածը` նվիրված Բ.Գալստյանի հիշատակին, որում ասվում էր. «Կենաց և մահու մարտերում սպանվում են հրամանատարներ, որոնք տեսել են մեծ ճակատամարտերի ամբողջ ահուսարսափը, ճաշակել ամենադաժան գրոհները… Մենք Գալստյանի անունը կգրենք հերոսների, Լենինգրադի պաշտպանների` ժամանակի կողմից չեղծվող ցուցակների մեջ, և այդ անունը կհիշենք միշտ՝ որպես մեր քաղաքի մի հիանալի հայրենասերի»։
Գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանը 1942թ. դեկտեմբերի 6-ին հուղարկավորվել է Լենինգրադի Ալեքսանդրա-Նևսկոյե մայրավանքի գերեզմանատանը՝ Կոմունիստների ծառուղում։ 1965թ. այստեղ փոխադրեցին նաեւ 1941թ. Նովգորոդի մոտ զոհված 70-րդ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Ն. Ֆեդյունինի աճյունը։ Այդուհետ հրամանատարն ու կոմիսարը հանգչում են կողք կողքի։
1955թ. Բենիամին Գալստյանի անունով է կոչվում փողոց` քաղաքի Լենինյան հրապարակի հարևանությամբ, ևս մեկ փողոց` Մոսկովյան շրջանում, 361-րդ դպրոցը։ Նրա հուշարձանը կանգնեցված է հայրենի գյուղում, որը 1945թ. դեկտեմբերի 7-ին վերանվանվել է գյուղ Բենիամին։ Գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես կոչվում է նրա անունով։
ՌՈՒԲԵՆ ԲԱԽՇՅԱՆ
գնդապետ