ՆԻԶԱՄԻՆ
Փաստագրական վիպակ
-Վաղվա մաքրության աշխատանքները չենք անելու… Իվանովի դատն է,- ուրբաթ երեկոյան անվանականչին ասաց կապիտան Ֆյոդորովը:
Առավոտյան ժամը տասին անձնակազմը տեղավորվեց ակումբի դահլիճում: Եկան, բերեցին Իվանովին` նիհար, խուզած գլխով, աչքերը փոս ընկած: Դատավորը, պետական մեղադրողը, ատենակալները, դատապաշտպանը, բոլորը բարձրահասակ, փողկապավոր լուրջ մարդիկ էին: Երկու միլիցոներներ կանգնել էին աթոռին նստած Իվանովի կողքերը: Նայում էի ու մտածում. «Էս մարդուկն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ էսքան կարևոր մարդիկ նրա վրա ժամանակ են ծախսում»: Պետական մեղադրողը խոսում էր շատ խիստ, հուզված, նաև զարմացած: Իվանովը չորս օր, ամբողջ չորս օր ինքնագլուխ լքել էր զորամասը և տրվել հարբեցողության: Հանցանքը ծանր էր, հավասար պետական դավաճանության: Իվանովին հարցաքննում, նրա արարքի ճիշտ բնորոշումներն էին ձգտում տալ պետական մեղադրողը, ատենակալները, դատավորը, կապիտան Ֆյոդորովը, ավագ լեյտենանտ Շպակը…: Վերջապես դատավորն ու ատենակալները գնացին խորհրդակցական սենյակ` կինոմեխանիկի խցիկը: Մեկ ժամ անց վերադարձան, և դատավորը, նախ, հոտնկայս սկսեց դատապարտել հարբեցող շարքային Իվանովի արարքները, ապա սկսեց կարդալ, և նրա ընթերցանությունից պարզ դարձավ, որ Իվանովին սպառնում է ազատազրկում երեք տարի վեց ամիս ժամանակով: Հետո սկսեց խոսել դատավարության ամբողջ ընթացքում լուռ նստած դատապաշտպանը: Ընդունելով մեղադրյալի թույլ տված սխալները՝ նա բերեց հանցանքը մեղմացնող հանգամանքներ` Իվանովը ջահել է, զինվոր, սխալվել է չհասկանալով, բայց որևէ մեկին չի վնասել, բանտային կյանքը կարող է ընդմիշտ կործանել երիտասարդին և այլն: Նա առաջարկեց Իվանովի համար սահմանել երկու տարվա պատիժ: Դատավորն ու պետական մեղադրողն առանձնացան դահլիճի անկյունում: Քիչ անց դատավորն առաջ եկավ և կարճ ելույթից հետո հայտարարեց վերջնական վճիռը` երկու տարի վեց ամիս:
♦♦♦
Աշունն օր օրի գեղեցկացնում էր բելառուսական քաղաքը: Ծառերը, թփուտները դեղնում, կարմրում, նոր երանգներ էին ստանում: Սպասում էինք ձմռանը՝ ռուսական ձմռանը, որը մենք դեռ չէինք տեսել: Իվանովի դատից մեկ շաբաթ անց ավագ լեյտենանտ Շպակը ենթասպա Խապնցևին հանձնարարեց համերգ գնալու համար ցուցակագրել քառասուն զինվորի:
-Ի՞նչ համերգ է, ընկեր ավագ լեյտենանտ,- հարցրեց Մուրադյանը:
-Շատ լավ հնարավորություն է անմիջական կատարմամբ լսելու «Վերասի» անսամբլին, լավագույններից մեկն է միությունում:
-Ես չեմ գա, հոգնել եմ նրանց «դեղին տերևներից» ու չեմ ուզում տեսնել էն դմփանին,- ասաց Սոսը:
-Չես ուզում, մի արի, ես կգնամ, էն նիհար մենակատարը, որը նաև ֆլեյտա է նվագում, շատ դուրեկան աղջիկ է, կգնամ թեկուզև նրան տեսնելու համար,- ասաց Նորիկը և ինձ ու Վարդանին էլ համոզեց, որ գնանք:
Համերգը, որ տեղի էր ունենալու կայազորի մշակույթի տանը, մեծ արձագանք էր գտել:
Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ ձայնակցում էին կատարողներին, տեղերում կանգնած պարում էին: Մենք էլ լավ ուրախացանք, երգեցինք, պարեցինք: Նրանց հիթ դարձած «դեղին տերևները…» մեզ այլևս ցավ չէր պատճառում, ինչպես անցած աշնանը:
Հետևում էր մնացել մեր ծառայության մեկ տարին:
Հոկտեմբերի կեսերին կապիտան Ֆյոդորովը տեղափոխվեց Ռիգա: Մի քանի օր անց մենք էլ ծածկոցների մեջ փաթաթեցինք անկողնային պարագաները, պահասենյակից ստացանք շինելները, ենթասպա Խապնցևին հաջողություն մաղթեցինք ու ավագ լեյտենանտ Շպակի ղեկավարությամբ ուղևորվեցինք Ռիգա: Տեղ հասնելով՝ իմացանք, որ եկել է նավավերանորոգման արտադրամասը շահագործման հանձնելու ժամանակը, և Բալթյան նավատորմի շինարարական տարբեր զորամասերից այստեղ էին գործուղվել բազմաթիվ մասնագետ-զինվորներ: Նրանց մեջ կային շատ հայեր, որոնք մեզ հետ նույն գնացքով էին բանակ եկել: Քիչ չէին նաեւ Օստրովից գործուղվածները: Վերջիններիս համար Ռիգան ուղղակի դրախտ էր, որովհետև ազատվել էին Նիզամիի իշխանությունից: Ռիգայում էլ ինչ-որ բաներ փոխվել էին: Աբոն արդեն շինարարական գործիքների պահեստապետ էր, իսկ տեղի 12505 զորամասից Արթուրն ու Խաչիկը դարձել էին հնոցապաններ, Միշա Ափինյանը, որ բարձրագույն կրթություն ստացած ինժեներ-շինարար էր, ԽՍՀՄ-ում զինվորական մասնաագիտություններ սովորող Լիբիայի հեղափոխական բանակի զինվորների համար կառուցվող հսկայական համալիրի` հանրակացարանային տիպի զորանոցներ, բնակելի տներ, ճաշարան, ռեստորան, խանութներ, կենցաղսպասարկման օբյկետներ, շինարարությունն էր ղեկավարում: Վարչությունում շատ կային ինժեներ սպաներ, բայց այդ մեծ գործի ղեկավարումը Միշային էին վստահել: Հավանաբար հասկացել էին, որ ոչ ոք չի կարող նրանից լավ գլուխ հանել այդ աշխատանքից: Հպարտությամբ էինք լցվում, երբ տեսնում էինք, թե ինչպես է նա փոխգնդապետների, մայորների հետ «դիսպետչերական» անցկացնում, պարզաբանում նախագծերը, տալիս հանձնարարականներ: Մեր ընկեր՝ կռվարար, Խելառ Միշիկի շնորհիվ հայերի հեղինակությունը շատ էր բարձրացել: Նա իր մոտ թեթև, բայց պատասխանատու աշխատանք էր տվել Սահակ Սահակյանին, Ատոմ Պողոսյանին, մյուս հայերին: Զորամասի մեզ ծանոթ հրամանատար փոխգնդապետ Շալկունովը` Բորմանը, բաժնի պետի պաշտոնով տեղափոխվել էր վարչություն, բայց գրեթե ամեն օր զորամաս էր այցելում, զրուցում սպաների, զինվորների հետ: 12505 զորամասի մեզ հատկացված զորանոցը շատ փոքր էր, և անձնակազմի մեծ մասը տեղավորվել էր հարևանությամբ գտնվող ծովայինների զորանոցներից մեկի երրորդ հարկում, որտեղ նաև ժամանակավոր ճաշարան էին պատրաստել: Ճաշը եփում էին զորանոցի դեմ դիմաց գտնվող միհարկանի ճաշարանի խոհանոցում և թերմոսներով բարձրացնում վեր, հանձնում խոհարարին` ստեփանակերտցի Գենային: Նա էլ այն բաժանում էր զինվորներին: ՈՒտելուց հետո կեղտոտ ամանները նույն թերմոսներով իջեցնում էին ներքև ու լվանում:
Կապիտան Ֆյոդրովը, որն այստեղ գումարտակի հրամանատար էր նշանակվել, հասցրել էր շահել ինչպես սպաների, այնպես էլ զինվորների համակրանքը, իսկ մենք` Բիխովից եկած հայերս, որ նրա սիրելի զինվորներն էինք, ջանք չէինք խնայում առաջադրանքները հաջողությամբ կատարելու, մեր վարքով ու աշխատանքով օրինակ ծառայելու, Ֆյոդրովին աջակցելու համար, մանավանդ որ, քաջածանոթ լինելով տեղանքին ու գումարտակի խնդիրներին, մեզ զգում էինք հարազատ միջավայրում և տիրոջ իրավունքի զգացողությունը ունեինք: Ամեն ինչ կարծես շատ լավ էր, բայց հանկարծ իմացանք, որ Ռիգա է գալու նաեւ Նիզամին:
Նա եկավ Արսեն Դավթյանի եւ զորամասի նոր շտաբի պետ, փոխգնդապետ Կոնստանտինովի հետ: Զինվորները վերջինիս հասցրել էին արդեն Կաստիլ /հենակ/ մականունը կպցնել, որովհետեւ խոսքի մեջ գրեթե բոլոր նախադասություններն ավարտում էր «անիծված կաստիլ» արտահայտությամբ:
Ռիգա գալու առաջին օրերին մենք Նիզամիին առանձնապես բանի տեղ չէինք դնում, բայց պահում էինք տեսադաշտում եւ ուսումնասիրում վարքագիծը: Նրա ներկայությունից ավելի շատ նեղվում էին Օստրովում ծառայած մեր ընկերները եւ երիտասարդ զինվորները`թուրքմենները: Գրեթե ամեն օր վերջիններս մեզ բողոքում էին, որ Նիզամին իրենց նեղացրել է, հրել է, խփել ու կալանատուն տանելու սպառնալիքով ստիպել, որ կրկին լայնացնեն շալվարների /ԽԲ/ նեղացված մասերը: Բանակում հագուստը վերաձևելու, մասնավորապես լեն-լփոշ ԽԲ-ն նեղացնելու, սապոգների կրունկները կրկնակի բարձրացնելու, պայտելու, սրունքի հատվածը ձևափոխելու իրավունքն ամենուր պատկանում էր «տարեց» զինվորներին, բայց Ռիգայում մենք` հայերս ու վրացիները, ջարդել էինք այդ և ընդհանրապես երիտասարդ զինվորներին որևէ կերպ ճնշելու, նեղացնելու, արժանապատվությունը վիրավորելու բոլոր կարծրատիպերը: Գտնում էինք, որ ցանկացած զինվոր անհատականություն է և իրավունք ունի անելու այն, ինչ ընդունված է տվյալ միջավայրում: Մեր այս «գաղափարախոսության» հեղինակն ու ջատագովը Հովաննիսյան Ալբերտն էր: Նա բոլորից շատ էր խառնվում միջանձնային հարաբերություններին և նրա պարզաբանումներն ու դաստիարակչական աշխատանքները հաճախ ավարտվում էին նորակոչիկ ու երիտասարդ զինվորներին ճնշելու փորձ կատարած «տարեցներին» դնգստելով: Իշամեղվի բնավորություն ուներ Աբոն և եթե մեկին կպչեր, անպայման պիտի խայթեր: Լավ իմանալով ընկերոջս բնավորությունը՝ նման պարզաբանումների ժամանակ ես միշտ հայտնվում էի նրա կողքին, որպեսզի պահեմ թիկունքը և երկրորդ հարվածն ինքս կատարեմ, որովհետև փոքրամարմին Աբոն բարձրահասակ ու թիկնեղ սլավոնների հետ մենամարտում հաստատ տանուլ կտար: Մենք չէինք ուզում հրաժարվել մեր սկզբունքներից ու դրա համար էլ երիտասարդ զինվորներին խորհուրդ էինք տալիս չվախենալ Նիզամիի սպառնալիքներից ու իրենց գործն անել: Այսպես շարունակվեց տասը-տասնհինգ օր, երբ մեր մտերիմ թուրքմեններից մեկը` Ակաեւը, եկավ ու հուզված պատմեց, թե աշխատանքի պահին չի նկատել Նիզամիի թիկունքից մոտենալը, եւ որ վերջինս իրեն հայհոյել ու խփել՝ ասելով, թե ինչու սերժանտին պատվի չես առնում:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ