Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԿՅԱՆՔԸ ՄԱՅԹԻ ՎՐԱ»



Մարդիկ կան, որոնք առաջին իսկ ծանոթությունից հետո դառնում են քո կենսագրության անբաժանելի մասը: Նմաններն իրենց ինքնատիպության կնիքն են դնում բոլոր նրանց վրա, որոնց հետ շփվում են, ճանաչում են, որոնց հետ մտերիմ են և առահասարակ՝ այն ամենի վրա, ինչին դիպչում են… Նմանները, ուզենաս թե ոչ, ուղեկցում են քեզ քո կյանքի բոլոր օրերում՝ շարունակելով կրթել քո մտածողությունն ու հոգին, քո էությունը… Հայրենական մեծ պատերազմի վերջին մոհիկաններից մեկը (ինչպես ինքն իրեն սիրում էր անվանել)՝ Լև Գրիգորի Ղուկասյանը, այդպես էլ խմբագրություն չբերեց իր «Կյանքը մայթի վրա» ձեռագիր ինքնակենսագրական գրքի խոստացված հատվածները. մեկ տարի առաջ Ռիգայից եկած հեռախոսազանգը գուժեց այդ ինքնատիպ արվեստագետի, ճշմարիտ մտավորականի ու բյուրեղյա մաքրության հոգու տեր մարդու մահը:

Նա իր խոհի բարձրությունից էր նայում մեր աշխարհին և վաղուց ապրում էր ուրիշ՝ ամեն կարգի պայմանականությունից դուրս, արևելքի թափառական փիլիսոփա-դերվիշներին բնորոշ կյանքով՝ հնամաշ հագուկապով, մի նշխարք հացով, մի կում ջրով ու աշխարհի չափ մեծ սրտով…

Բնությունը կատարյալ է։ Ցավոք, մարդը, լինելով բնության ծնունդ, կատարյալ չէ եւ ամեն ինչ անում է բնությունից հեռանալու, օտարանալու համար։ Սա մարդուն կկործանի։ Որքա՜ն գեղեցիկ է աշխարհը… Ամեն Աստծո օր արթնանում եմ ու զարմանքով արեգակին եմ նայում… Որքա՜ն շքեղ է, որքա՜ն հզոր։ Ես աշխարհին նայել եմ նկարչի աչքերով ու միայն գույներ եմ տեսել` դեղին, կարմիր, կանաչ, կապույտ, միմիայն վառվռուն գույներ… Հավանաբար, այդ պատճառով էլ հիմա յուրաքանչյուրն ուզում է ինձ` 90-ամյա ծերունուս դաս տալ, կյանք սովորեցնել. թե` տես, կյանքում նաեւ սեւ ու սպիտակ գույներ կան։ Միեւնույն է, ինձ համար աշխարհը ծիածանն է, որում չկան ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ։

Ես քաջ երիտասարդ եմ եղել, ոմանց ասելով` լոպազ։ Երբեք ոչնչից չեմ վախեցել` ո՛չ վայրենի գազանից, ո՛չ թուր ու թվանքից, ո՛չ մարդուց, ո՛չ մահից։ Մահը միշտ արհամարհել եմ ու արհամարհում եմ։ Եվ կարծես թե արհամարհանքը երկուստեք է, դրանից էլ, հավանաբար, երկար եմ ապրում։ Հիշում եմ` երիտասարդ օրերիս` պատերազմի ժամանակ, անընդհատ Մոցարտի «Ռեքվիեմն» էի դնդնում։ Էնքան էլ լավ էի նմանակում։ Բոլորին գժվացրել էի, զայրանում, կատաղում էին, ասում էին. «Դեն գնա, բայղուշ»։ Իսկ ես ծիծաղում էի։ Ծիծաղում էի նրանց վրա, ծիծաղում էի մահվան վրա։ Թշնամու գնդակը երբեք էլ ինձ չխոցեց, ընդամենը քերծեց, թեեւ ես միշտ բացճակատ, համարձակ եմ մահվանն ընդառաջ գնացել… Լոպազ շան որդի։

Կարմիրը քաջության գույնն է, բայց ես, չգիտես ինչու, ամենից շատ բալի գույնն եմ սիրում։ Սա իմ սիրած գույնն է։ Երիտասարդ ժամանակ վարդագույնն էի սիրում։ Էն ժամանակվա իմ կտավներում շատ վարդագույն կտեսնեք։ Երբեք սեւ գույնը չեմ սիրել. սեւը գույն չէ, սեւը մահն է։

Անհնազանդ մարդկանց շատ եմ սիրել, այսինքն` այն մարդկանց, որոնք սովորական չափ ու կշռից դուրս են, չեն ապրում բոլորի պես ու բոլորի նման։ Ինձ ընկերներս, ծանոթներս իմ անհնազանդության համար «մուստանգ» են ասել։ Եվ պարզ է, որ ինձ նման մարդկանց շատերը չեն սիրի։ Ասենք` ինչի՞ համար սիրեն։ Թերլեմեզյանում սովորելուս տարիներին մի քանի անգամ ինձ ուսումնարանից դուրս էին ուզում շպրտել, բայց ամեն անգամ հրաշքով մնում էի։ Ծաղրանկարներ էի անում, ծաղրանկարում էի բոլորին` ընկերներիս, դասախոսներիս։ Չարանում էին ու ինձ չէին սիրում։ Այսօր ես հպարտությամբ եմ հիշում, որ այդ տարիներին ինձ գեղանկարչություն Սարյանն է դասավանդել, որ եղել եմ պրոֆեսոր Ավետիսյանի ուսանողը, որ ինձ պատմություն է դասավանդել Գարեգին Լեւոնյանը` աշուղ Ջիվանու տղան։ Ի՜նչ մարդկանց հետ եմ շփվել, կյանքի, արվեստի ի՜նչ դասեր եմ առել… Ափսոս, իմ կյանքն այնպես չդասավորվեց, ինչպես որ պետք էր, ես երբեք մայրուղով չանցա, այլ միայն նեղլիկ մայթերով…

Ծնվել եմ Կրասնոդարում, 1922թ. մարտի 15-ին։ 1937թ. ծնողներիս հետ տեղափոխվել եմ Հայաստան։ Պապիս կողմից ղարաբաղցի եմ, Տեր-Ղուկասովներից, տատիս կողմից` լոռեցի, մեր Մեծ լոռեցու տոհմից։ Ասում են` Թումանյանն այն կարծիքին է եղել, թե ինքը հայտնի Մամիկոնյան տոհմից է սերել։ Ուրեմն` հոգու մեջ Թումանյանն իրեն Մամիկոնյան է համարել։ Թումանյանից ինչ-որ բան նաեւ իմ մեջ կա, ես դա զգում եմ։ Զարմանալի է մեր ճակատագիրը. հայրս Տրապիզոնում է ծնվել, մասնակցել է 1914թ. Համաշխարհային պատերազմին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հիշում եմ, նա անընդհատ կրկնում էր Լենինի հայտնի` «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» կոչն ու թունդ-թունդ հայհոյում. «Ռուսական զորքի անկանոն նահանջը հայ ժողովրդի համար ողբերգության վերածվեց։ Հայերն այդ կոչի զոհն են»։ Հայրս Ստալինի ժամանակներում անընդհատ թաքնվում էր մարդկանցից ու աշխարհից։ Լավ հիշում եմ Ձորագյուղի ջրաղացը, տակից հոսող ջուրն եմ հիշում։ Այդ ջրաղացը հորս թաքստոցներից մեկն էր։ Նա կանչում էր մորս ու ասում. «Արեգնազ, իմ հերթն էլ շուտով կհասնի, Մուքելին (մեր բարեկամն էր) որ տարան, ինձ էլ կտանեն»։ Հայրս Պետերբուրգում էր զինվորական կրթություն ստացել, գնդապետի կոչում ուներ` գնդապետ Գրիգորի Ավագովիչ Տեր-Ղուկասով…

Քանի՜ տարի է անցել պատերազմից, հազա՞ր… Ամեն գիշեր երազումս պատերազմն եմ տեսնում։ Այդ երազներից պրծում չկա, մտել են ուղեղիս մեջ ու դուրս չեն գալիս։ Հաճախ Սեւ ծովում ռմբակոծված ու հրդեհված այն նավն եմ տեսնում, որ խորտակվեց աչքիս առաջ։ Մեկ-մեկ ինձ թվում է, թե պատերազմը դեռ չի վերջացել, ու ես հոգնած քնել եմ բարակ մաղող անձրեւի տակ…

Աստվածավախ մարդ ինձ չեմ համարում, բայց Քրիստոս շատ եմ նկարել։ Մի քանիսը, երբ Ռիգայում էի ապրում, նվիրել եմ տեղի եկեղեցիներին։ Մինչեւ հիմա էլ երեւի այնտեղ կախված են։ Քրիստոսը մեծ է, շա՛տ մեծ։ Ասեմ` ինչու։ Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում եղած ժամանակ ասել է. «Ես աշխարհը սրով նվաճեցի, դրա համար էլ պարտվեցի, իսկ Քրիստոսը աշխարհը գրավել է սիրով։ Ահա թե ինչու նրա իշխանությունը վախճան չի ունենա»։ Սերն ամենահզոր բանն է աշխարհում։ Աշխարհը սիրով է ստեղծվել։

Երբեք Աստծով, սրբերով, ծնողներովս, երեխայովս չեմ երդվել։ Մի անգամ եմ երդում կերել, այն էլ` Հայրենական պատերազմի տարիներին` զինվոր ժամանակ։ Երդվել եմ, որ երբեք չպետք է գերի ընկնեմ։ Ես այն ժամանակ միայն հերոսանալու մասին էի մտածում, ուշքումիտքս քաջագործություններ անելն էր, մեդալ, շքանշան ստանալը… Ջահել էի…

Շքանշաններ, մեդալներ շատ ունեմ, սակայն ինձ համար ամենից թանկը Կովկասի պաշտպանության համար մեդալն է։ Հենց Կովկասյան լեռներից սկսվեց Հիտլերի անկումն ու մեր հաղթարշավը։ Այդ Մեծ հաղթանակում ես էլ իմ փոքրիկ մասն ունեմ, եւ այդ մեդալն իմ աչքի լույսն է։ Ինձ համար անմոռաց է նաեւ վերջին` «Մարշալ Բաղրամյան» մեդալի հանձնումը, որն ինձ անձամբ Վազգեն Սարգսյանը տվեց։

Մարշալ Բաղրամյանը ծանոթ է եղել հորս դեռ Սարդարապատի ճակատամարտի օրերից։ Հագիս տոնական կիտելը, որի վրա պատերազմական շքանշաններս ու մեդալներս են փակցված, հենց ինքը` Հովհաննես Բաղրամյանն է Ռիգայում ինձ համար կարել տվել։ Մի նայեք, որ մաշվել, խունացել է. գեներալական թանկարժեք կտորից է կարված, Բաղրամյանի պատվերով…

Պատերազմական ընկերներիս բոլորին հիշում եմ անուն առ անուն, հրամանատարներիս նույնպես։ Նալիմովին` հատկապես։ Ուկրաինայի ազատագրական մարտերից մեկի ժամանակ, երբ ես կարողացա գնդակների տարափի տակ վերականգնել ռմբակոծության հետեւանքով մեր գումարտակների միջեւ խափանված կապը, նա իր համազգեստից պոկեց Կարմիր աստղի շքանշանն ու փակցրեց իմ կրծքին։ Այդ շքանշանը նույնպես թանկ է ինձ համար, չափազանց թանկ։ Դա իմ եւ իմ զոհված հրամանատարի` Նալիմովի շքանշանն է։

Երկար եմ ապրել եւ իմ կյանքում շատ սխալներ եմ արել, սակայն իմ ամենամեծ սխալը մեկն եմ համարում` Ռիգայում` օտար երկրում տուն շինելս ու օտարի հետ ամուսնանալս… Ճիշտ են ասում` ամեն մարդ իր բոստանից պիտի ճիպոտ քաղի։ Այդ ճակատագրական սխալիս հետեւանքները ես ահա 90 տարի փորձում եմ շտկել ու չեմ կարողանում։

Որքան էլ զարմանալի է, ես իմ պատերազմական շքանշաններն ու մեդալները տոնական, ուրախ օրերին չեմ կախում, այլ միայն տխուր ժամանակ, երբ ինքս ինձ հետ մենակ եմ… Կախում եմ ու մարդամեջ մտնում։ Շատերը երբ ինձ տեսնում են շքանշաններով «զարդարված», հարցնում են. «Կռվե՞լ ես»։ Ասում եմ` հա՛։ Ասում են. «Մեզ համա՞ր ես կռվել»։ Հարցին հարցով եմ պատասխանում. «Բա ո՞ւմ համար եմ կռվել»… Նման օրերին ամբողջ գիշեր այդ մարդկանց դեմքերն են գալիս աչքիս առաջ։ Քունս չի տանում, անընդհատ մտածում եմ այդ մարդկանց մասին, մեր ժամանակի, մեր ժողովրդի մասին։ Ջահել ժամանակ ես շքանշաններս ցույց տալու կարիքը չեմ զգացել, ես առանց դրա էլ հարգանք-պատիվ ունեի։ Ես միշտ ֆրակով էի ման գալիս, նույնիսկ պճնասեր էի եւ հպարտ էի իսպանացի գրանդի պես… Հիմա, այո՛, կախում եմ։ Որովհետեւ ուզում եմ ուշադրություն, իմ անձի նկատմամբ հարգանք, ակնածանք կորզել մարդկանցից, բայց, ավաղ, իզուր։

Վա՜յ-վա՜յ, Սիրուն Լյովա, ո՞նց կռացար, ո՞նց բնությունը քեզ խեղճացրեց, կռացրեց մեջքդ, գետին խոնարհեց… Ինձ սիրող կանայք ասում էին. «Սիրուն Լյովա, հիշիր, քե՛զ էլ չի մնա»։ Էդպես էլ եղավ, ճիշտ էդպես։ Ի՞նչ եղան իմ սերերը, ո՞ւր թռավ իմ երիտասարդությունը։ Բոլոր սիրուն մարդիկ անբախտ են լինում, ես էլ բացառություն չեղա։

Երջանի՞կ եմ։ Անպայման։ Փառահեղ կյանքով եմ ապրել։ Շատերն ինձ հիմա խորհուրդ են տալիս, ասում. «Մեղք ես, լավ չես ապրում, հողդ, տունդ ծախիր, մարդավարի կապրես»։ Բայց ես չեմ դժգոհում իմ կյանքից. աչքս կուշտ է, կուշտ են նաեւ ինձ հետ ապրող շներս ու կատուներս։ Ամեն օր տեսնում եմ ծագող արեգակը, որ տաքացնում է մարմինս, ջերմացնում է հոգիս… Ո՞նց թե` տունդ ծախիր։ Իմ երեւանյան այս խարխուլ տունը պապս` Ավագն է կառուցել, հայրս է այս տան վրա չարչարվել, ես ինքս եմ մի ամբողջ կյանք շինել ու կարկատել այս տունը։ Այդ ամբողջ չարչարանքն ու տառապանքն ո՞ւմ վրա ծախեմ, ինչպե՞ս, ի՞նչ գնով ծախեմ։ Պատերազմից հետո` 50թ., ինձ գերմանական «Օպել» մակնիշի մի մեքենա էին նվիրել։ Այդ մեքենան մինչեւ վերջերս իմ բակում` ծիրանի ծառի տակ կանգնած էր։ Եկան, խնդրեցին, աղաչեցին, թե ծախիր, ինչի՞դ է պետք։ Ու հիմա փոշմանել եմ. ո՞նց դավաճանեցի իմ ընկերոջը։ Ի՜նչ չքնաղ հիշողություններ կային այդ մեքենայի հետ կապված։ Անշունչ երկաթն էլ, պարզվում է, հոգի ունի, էլ ուր մնաց տունը…

Ես արվեստի մարդ եմ, եւ իմ կենցաղը, իմ ապրելակերպը որքան էլ անապահով լինեն, ինձ համար հոգ չի։ Իմ միտքն ամեն օր թափառում է գինու, կոնյակի գործարանի նկուղներում ու սրահներում, բոլոր այն տեղերում, որտեղ իմ գործերը, իմ ձեւավորումներն այսօր էլ դեռ մնում են։

Երկար եմ ապրել, բայց, հավատացեք, ոչ ոքի նկատմամբ մեղք չեմ գործել։ Անգամ դեպի մրջյունի բույնը հոսող անձրեւաջրերն եմ փայտով հեռացնում։ Երեք տարի մեն մենակ պահել-խնամել եմ անդամալույծ, ծեր մորս։ Երեք տարի ամեն օր լվացել, լողացրել, հագցրել, կերակրել եմ նրան երեխայի պես` ձեռքերիս վրա եմ պահել։ Եվ համոզված եմ, որ մեռնելուց հետո հոգիս դրախտ է գնալու` մորս մոտ…

Պատրաստեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

2008թ., թիվ 24

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Հոգևոր-մշակութային


19/12/2013