Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐԻՆ



Դեկտեմբերի 22-ին «Արծիվ» մահապարտների գումարտակի մարտիկ Սպարտակ Մաթևոսյանը դարձավ 75 տարեկան։ Երբ 1992 թվականի օգոստոսի 15-ին հնչեց Վազգեն Սարգսյանի` մահապարտների հավաքագրման նպատակով աշխարհասփյուռ հայությանն ուղղված պատմական կոչը, Սպարտակ Մաթևոսյանը 54 տարեկան էր։ Նրա տարիքի զինվորականները վաղուց արդեն թոշակի էին անցել, բայց մեր հոբելյարը, ինչպես նորակոչիկը, առանց դույզն- ինչ երկմտելու, իրեն բնորոշ համառությամբ զինվորագրվեց և գնաց Հայրենիքը պաշտպանելու։ Այդ հինգ հարյուր, ինչպես այն ժամանակ շատ դիպուկ բնորոշել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ամենանվիրյալ, ամենախիզախ հայորդիների սխրանքը իր նշանակությամբ ոչ միայն իրադարձային ու բեկումնային եղավ ազգային ազատագրական պայքարի` թերևս ամենածանր ու բախտորոշ ժամանակահատվածի համար, այլև` պատմական։

Այդ օրերին տարիքով ամենաավագ մահապարտը իր սրտի խոսքն է ուղղում բախտակից ընկերներին` «Իմացեք՝ պատմությունը կերտում են մարդիկ։ Նրանք արարում են պատերազմում, պարզապես ապրում, իսկ հետագա սերունդները իմաստավորում են այդ ամենը, որ շարունակեն նախնիների գործը, իրակնացնեն անկատար նպատակները»։

Բնորոշիչ է Սպարտակ Մաթեւոսյանի մասին վաստակաշատ լրագրող Վալերի Հարությունյանի խոսքը. «Սպարտակը այսօր մեզ հետ, մեր կողքին է ապրում, Հայրենիքի հանդեպ երբեք պարտքը չմարած մարդու անհանգստությամբ, իր աննահանջ և արդար դիրքորոշմամբ մասնակից լինելով մեր ժողովրդի համար բախտորոշ հարցերի լուծմանը»։

ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը սրտանց շնորհավորում է «Արծիվ» մահապարտների գումարտակի մարտիկ Սպարտակ Մաթևոսյանին ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն և անհոգ ծերություն։

Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ճակատագրեր


19/12/2013