ԻՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՀԱՅՐԸ
ՄԱՆՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ծնվել է Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում՝ 1963թ. նոյեմբերի 28-ին, բազմազավակ ընտանիքում: 1981-1983թթ ծառայել է ԽՍՀՄ բանակի նավատորմում: Վերադառնալով ծառայությունից` մասնակցել է Արփա-Սևան թունելի շինարարական աշխատանքներին՝ մինչև Արցախյան շարժման սկիզբը, որին էլ անդամագրվել է առանց երկմտելու:
Մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին Խնձորեսկում, Կոռնիձորում, Ղափանում, ապա նաեւ՝ մարտական գոծողություններին Հադրութում, Կուբաթլուում, Զանգելանում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում, Լաչինում, Քելբաջարում, Հորադիսում:
Ռազմաճակատ մեկնելիս նա արդեն ամուսնացած էր և 2 դուստրերի հայր էր, իսկ անդրանիկ որդին 3 ամսական էր: Պատերազմի հաղթական ավարտից հետո նա անցնում է ծառայության ՀՀ նոր կազմավորվող զինված ուժերում` ծառայելով Սիսիանի զորամասում մինչև 2001թ., որից հետո տեղափոխվում է Վայք քաղաքի N զորամաս, որտեղ շարունակում է իր ծառայությունը մինչև 2013թ: Մանվել Գևորգյանը մայոր է, պարգևատրվել է մի շարք մեդալներով:
Օգոստոսյան մի խաղաղ, արևոտ օր, երբ մարդկանց տագնապած սրտերը ինչ-որ չարագուշակ լուրի սպասումով տրոփում էին անհանգիստ ու խուլ, հնչեց պատերազմի ահասարսուռ բոթը: Պատերազմ, որ ահով լցրեց բոլորի սրտերը եւ ծանր մաղձի պես չարագուշակ լռությամբ հանգրվանեց մարդկանց հոգիներում, որպեսզի վախի, սպասումի, անորոշության դառը առցունքներ քամի…
♦♦♦
Հայր Գևորգյանը որոշել էր մեկնել ռազմաճակատ, որոշել էր կնոջը թողնել իրենց 4-ամյա և 2-ամյա մանկահասակ դուստրերի, 3 ամսական նորածին որդու հետ և մեկնել ռազմաճակատ. «Ես որ չմեկնեմ ու չպաշտպանեմ մեր երկիրը, ուրիշ ո՞վ պիտի անի դա իմ փոխարեն իմ երեխաների խաղաղ ապագայի համար»,- ասաց: Որոշումը կտրուկ էր, հստակ և անբեկանելի:
Ես միշտ հպարտությամբ ամեն տեղ ասել եմ, որ իմ հայրը պատերազմի մասնակից է, բայց մինչև օրս էլ չեմ կարողանում առանց արցունքների ու հուզմունքի հիշել այդ դաժան ժամանակները, երբ ես` 3 կամ 4 տարեկան փոքրիկ աղջնակս, գիշերները հանկարծ արթնանում էի ու լալիս` հայրիկիս կանչելով (հետագայում` պատերազմի ավարտից հետո, երբ մայրս նրան պատմում է իմ գիշերային մղձավանջների մասին, պարզվում է, որ ես այդ ժամանակ հայրիկիս սպառնացող ինչ-որ վտանգ եմ կանխազգացել): Եղել է, երբ հայրս տուն է եկել մարտի դաշտից՝ երկար մորուքով, զինվորական մաշված ու կեղտոտ հագուստով, եւ մենք` երեխաներս, չենք ճանաչել նրան ու լաց ենք եղել այդ «օտար» մարդու ներկայությունից…
Հայրս անցել է պատերազմի ճամփաներով առաջին օրից մինչև վերջինը` ինքնապաշտպանությունից մինչև հաղթական ավարտ, սեփական մաշկի վրա զգացել այդ անմարդկային արհավիրքը` աչքի առաջ ունենալով ընկերոջ մահը, շատ դառը կորուստներ, զրկանք՝ սով, ցուրտ, հիվանդություններ… Ինքն էլ հաճախ հրաշքով է փրկվել մահից քանի՜-քանի անգամ… Մեր տանը մինչև հիմա պահվում է արծվի կեռ կտուցի նմանվող այն գնդակը, որը, 1 մմ- ի տարբերությամբ խոտորելով, խրվել էր հայրիկիս թիկունքը պահող պատի մեջ, հակառակ դեպքում պետք է սիրտը խոցեր… Այս անգամ էլ անխուսափելի թվացող մահը հայրիկիս կողքով էր անցել, որովհետեւ նա դեռ պետք է ուրիշ սխրանքներ գործեր ու սեփական ուժերով ձեռք բերած հաղթանակը զինակից ընկերների հետ կիսեր…
Մի անգամ հորս մարտական ընկերն ինձ ասաց. «Եթե երբևէ որեւէ մեկը քեզ ասի՝ քո հայրը չի զոհվել կամ հաշմվել եւ ողջ-առողջ տուն է վերադարձել, քանի որ լավ չի կռվել, դու վստահ նրան պատասխանիր՝ «իմ հայրը կռվել է առաջին գծում, առաջինն է նետվել գրոհի, անտեսելով սեփական անձի անվտանգությունը, պաշպանել է զինակից ընկերներին, բայց թշնամու գնդակը միշտ շրջանցել է նրան, քանզի «գնդակը վախենում է քաջից… Այո, քո հայրը իսկական հերոսի պես է կռվել»: Այսպես ասաց ինձ հորս ընկերը, երբ ես ընդամենը 10-11 տարեկան էի, բայց մինչ օրս չեմ մոռացել նրա և ոչ մի խոսքը…
…Գնդակը շրջանցեց հայրիկիս, ու նա դեռ պետք է տուն վերադառնար, դեռ պետք է երկրորդ որդին ծնվեր, որն այժմ ծառայում է այն նույն տեղում, որտեղից հայրս 23 տարի առաջ դուրս է քշել ոսոխին, որպեսզի իր որդին անվտանգ ծառայի եւ հսկի խաղաղ բնակչության անդորրը` խաղաղություն պարտադրելով թշնամուն…
Պատերազմից հետո էլ Մանվել Գևորգյանը շարունակեց ծառայել հայրենիքին՝ յուրաքանչյուր ամսվա 15 օրը 20 տարի շարունակ անցկացնելով դիրքերում` սահմանագծին: Այժմ նա 50 տարեկան է և որոշել է անցնել վաստակած հանգստի` մի քանի անգամ իր ծառայության ժամկետը պայմանագրով երկարաձգելուց հետո: Արդեն 23 տարի է, ինչ իր կյանքը նվիրել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` անտեսելով ամեն վտանգ ու զրկանք, որը նրա, մեր ընտանիքի անդամների կյանքի մի մեծ մասն է կազմել տարիներ շարունակ: Նա 4 երեխաների հայր է, 2 թոռների պապիկ: Նրանք բոլորն էլ հպարտանում են Մանվել Գևորգյան հորով և պապով, որ, անցնելով բազում արհավիրքների միջով, իր տառապած սրտի ջերմությունը միշտ վառ է պահել իր հարազատ զավակներին սիրելու, քնքշությամբ ու հոգատարությամբ պարուրելու համար:
ՄԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ.Գ. Հարգելի խմբագրություն, քանի որ հայրս սույն թվականի նոյեմբեր ամսվա վերջին արդեն պետք է թոշակի անցներ, բացի այդ նոյեմբերի 28-ն էլ նրա ծննդյան օրն է, ես շատ կցանկանայի, որ ընդառաջեիք իմ խնդրանքին և տպագրեիք հայրիկիս մասին պատմող նյութը, որն էլ իմ համեստ նվերը կլինի: Ի դեպ` նա տեղյակ չէ իմ մտադրության ու նախաձեռնության մասին:
Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Ճակատագրեր