«ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ Է ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ»
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ նախնական զինպատրաստության մարզադաշտի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Բանակ – հասարակություն և բանակ – դպրոց կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար կրթական հաստատության սաներն ու ուսուցիչները պարգևատրվեցին պաշտպանության նախարարության պատվոգրերով և խրախուսական նվերներով:
Պաշտպանության նախարարության աջակցությամբ ստեղծված մարզադաշտի բացման արարողությունը մեկնարկեց դպրոցականների շքերթով, որը նախապատրաստել էին ՆԶՊ ուսուցիչ Սերգեյ Մարտիրոսյանը և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ասյա Աթանեսյանը: Բացման խոսքում գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը բարձր գնահատեց դպրոցներում նախնական զինպատրաստության մարզադաշտերի առկայությունը, նշելով, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի այս հրապարակը օրինակելի է նաև այլ ուսումնական հաստատությունների համար: Նա հույս հայտնեց, որ մյուս դպրոցներում ևս կլինեն այսպիսի մարզադաշտեր, և մաղթեց, որ նման նախաձեռնություններով բանակ – դպրոց կապն էլ ավելի ամրապնդվի: Այնուհետ հյուրերին ներկայացվեց նաև դպրոցի վիրտուալ հրաձգարանը, որը ևս ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը շնորհակալության և գնահատանքի խոսքեր հնչեցրեց դպրոցում ռազմահայրենասիրական ոգու ամրապնդման համար` ծանոթանալով Փառքի սրահի և դպրոցի շրջանավարտ, ազատամարտիկ Դավիթ Սարապյանի (Դէվ) սենյակների գործունեությանը:
Ողջույնի խոսքում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի այն շրջանավարտներին, որոնք շարունակում են պահպանել կապը կրթօջախի հետ և շարունակում են աջակցել: Նա մասնավորապես հիշատակեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ռուսաստանցի բարերար Ռուբեն Վարդանյանի, բարերար Սարգիս Բադալյանի անունները: «Մենք շնորհակալ ենք մեր ընկերներին աջակցության համար: Պետք է հիշել, որ դպրոցաշինությունը համարժեք է եկեղեցաշինությանը», – ասաց նա:
Բանակ – հասարակություն և բանակ – դպրոց կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը կրթական հաստատության նախկին ու ներկայիս սաներին, ուսուցիչներին հանձնեց գերատեսչության պատվոգրերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի անունից խրախուսական նվեր-ժամացույցով պարգեւատրեց բարերար Արտակ Մելքոնյանին:
Բ.ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Բանակ և հասարակություն