Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ



-Ներկայացեք, խնդրում եմ:

-Սերգեյ Ղազարյան: Ուղիղ տասը տարի է, ինչ «Արգենտինյան Հանրապետություն» 76-րդ հիմնական դպրոցում նախնական զինվորական պատրաստության առարկան եմ դասավանդում:

– Լավագույն մասնագիտությունն ըստ Ձեզ:

-Մանկավարժությունը: Սա, եթե կուզեք, սուրբ մասնագիտություն է. չէ՞ որ նա կրթում է երեխայի, մարդու ոչ միայն միտքը, այլեւ հոգին: Մեր ժողովուրդը միշտ էլ մեծարել է Ուսուցչին: Ցավոք, վերջին ժամանակներս մի տեսակ կարծես ուսուցիչը նախկին հեղինակությունը չունի… Մենք պետք է վերականգնենք Ուսուցչի հեղինակությունը…

-Երջանի՞կ աստղի տակ եք ծնվել:

-Անպայմա՛ն: Ինձ եզակի բախտ է վիճակվել կռվել ու պաշտպանել հայրենիքս: Կամավոր մեկնել եմ պատերազմ եւ տուն եմ վերադարձել միայն հաղթական ավարտից հետո: Մի՞թե սա երջանկություն չէ: Երբ պատերազմ էի գնում, մտածում էի, որ ԽՍՀՄ ռազմածովային ուժերում ծառայած նավաստուս կոփվածությունը նաեւ ցամաքում պետք կգա, եւ պատկերացրեք՝ չսխալվեցի:

-Եթե հպարտանում եք, ապա ինչո՞վ…

-Որ մեր ազգային բանակի ստեղծման մասնակիցներից մեկն եմ, հազարներից մեկը… Մեր բանակը ծնվել է պատերազմի պայմաններում, դժվարին երկունքով, իմ աչքերի առջեւ, նվիրյալ մարդկանց ուժերով… Մեր պարտքն է սիրել ու հզորացնել մեր զինված ուժերը՝ յուրաքանչյուրս մեր հնարավորությունների սահմանում: Այսօրվա մեր ազատ կյանքի համար մենք առաջին հերթին պարտական ենք մեր հաղթական բանակին:

-Տղամարդու լավագույն հատկանի՞շը:

-Իհարկե, ազնվությունը եւ ապա՝ հայրենիքին սպառնացող վտանգի պահին զենք վերցնելու պատրաստակամությունը:

-Օրվա լավագույն պահը:

-Երբ առավոտ շուտ հանդարտ բարձրանում եմ մեր դպրոցի երկար ու վերձիգ աստիճաններով: Ինձ միշտ հիացրել է, մեր դպրոցի բարձր դիրքը. դեպի իմացության տաճար ձգվող ճանապարհը պետք է երկար ու վերընթաց լինի: Ինձ թվում է հենց այս փաստն են ցանկացել ընդգծել ճարտարապետները՝ դիքի վրա կառուցելով դպրոցի շենքը:

-Ի՞նչ ասել է զինվորական դաս:

-Ոմանց կարծիքով՝ ավտոմատ քանդել-հավաքել, զինվորական նախնական գիտելիքների փոխանցում… Իսկ ըստ իս՝ հայրենասիրության դաս, հոգու ազատության, տղամարդության, ազնվության դաս… Ես իմ սաներին ասում եմ՝ այսօրվա պատերազմում թեեւ շատ բան են որոշում ժամանակակից, առաջադեմ տեխնիկան, զենքերը, բայց վճռորոշը ոգին է… Վախկոտի ձեռքին ամենաառաջադեմ զենքն անգամ դատարկ առարկայի արժեք չունի. ոգին է հաղթանակի առաջին պայմանը: Ես փորձում եմ իմ սաների մեջ ամենից առաջ այդ ոգին արթնացնել…

-Դուք ձեզ երջանի՞կ մարդ եք համարում:

-Անպայման. անմնացորդ ծառայել եմ հայրենիքիս: Ունեմ լավ ընտանիք, աշխատում եմ լավ կոլեկտիվում, որտեղ հարգի են նվիրվածությունը, ազնվությունը, աշխատասիրությունը… Մեր կոլեկտիվում, մեծապես նաեւ տնօրենի՝ տիկին Ադամյանի ջանքերի շնորհիվ, նախնական զինվորական պատրաստության դասը դասավանդվող առաջնային առակաների թվում է: Այդ ուշադրությունը մի նպատակ ունի՝ մատաղ սերնդի նախապատրաստումը հայրենիքի պաշտպանությանը: Պատահական չէ, որ ռազմագիտության մեր դասասենյակը մայրաքաղաքի ամենից լավ կահավորվածներից մեկն է, ինչը հեշտացնում է առարկայի ուսուցումը…

-Ի՞նչ է Ձեզ ամեն օր հուշում երկարամյա փորձը:

-Որ պրակտիկան է ամենամեծ ուսուցիչը եւ սեփական կամ կենդանի օրինակն է դաստիարակության լավագույն միջոցը: Երեխաները սպունգի նման կլանում են իմ պատերազմական պատմությունները, օրինակները, որովհետեւ դրանք ոչ թե հորինովի, այլ իրական դեպքեր, իրավիճակներ են… Ահա այդ նպատակով էլ մենք հաճախ ենք զինվորական հայտնի դեմքերին, մեր բանակի, Արցախյան հաղթանակի հայտնի հրամանատարներին դպրոց հրավիրում… Երեխաները շատ բան ունեն սովորելու գեներալներ Արկադի Տեր-Թադեւոսյանից, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից, ՀՀ ՊՆ պատվո պահակային վաշտի հրամանատարի տեղակալ գնդապետ Աղագուլյանից…

-Ձեր բնավորության լավագույն գիծը:

-Սերը ուսման նկատմամբ. մինչեւ օրս էլ ձգտում եմ մեծացնել, ընդարձակել գիտելիքներիս սահմանը, թեեւ կյանքի մեծ փորձառություն ունեմ: Օրինակ՝ ես ամեն տարի մասնակցում եմ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվող «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման» դասընթացներին…

-Եթե պարգեւներ ունեք՝ ամենաթա՛նկը…

-Շատ մեդալներով եմ պարգեւատրվել, բայց ամենաթանկը ՀՀ ԶՈՒ ստեղծման 20-ամյակին նվիրված մեդալն է, որը ես հպարտությամբ եմ կրում. այն խոսում է մեր հաղթական բանկում իմ ունեցած համեստ վաստակի մասին…

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #50 (1017) 19.12.2013 – 25.12.2013, Բանակ և հասարակություն


19/12/2013