ՀԱՄԱՐՁԱԿ ԵՎ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵԸ
Փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանը գնդապետ Կ. Սեդրակյանի հրամանատարությամբ գործող զորամասի մոտոհրաձգային գումարտակներից մեկի հրամանատարն է: Այս անգամ զորամասի ամփոփիչ քննություններն ընդունում է հրամանատարի կազմավորած հանձնաժողովը: Նախորդ օրվանից սկսված ձնահողմն սպառնում է խափանել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների, մասնավորապես քննությունների անցկացումը: Տարածքը, շարահրապարակը մաքրելը դառնում է անիմաստ: Գումարտակի հրամանատարը լավատես է.
-Կհանդարտվի, քամին չի կարող անվերջ շարունակվել, ոնց էլ լինի՝ օրվա մեջ մի քանի ժամ դադար կտա, չհանդարտվի էլ, մենք մեր գործը կանենք, զինվորի համար եղանակը չպետք է լուրջ նշանակություն ունենա, հետո էլ մենք պետք է պատրաստ լինենք գործելու նույնիսկ ամենավատ եղանակային պայմաններում, պետք է կոփենք ինքներս մեզ: Եթե պատերազմ լինի, հակառակորդը օգտվելու է վատ եղանակային պայմաններից ու հարձակվելու է:
Ու մինչ սպասում ենք, որ հողմը հանդարտվի, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանին խնդրում եմ ներկայացնել, թե ինչպես է գումարտակն ավարտում ուսումնական տարին:
-Ասեմ, որ գումարտկում ընդգրկված են տարբեր ստորաբաժանումներ, իսկ կորիզը կազմում են զրահատեխնիկական միջոցները: Սկսած առաջին ուսումնական փուլից յուրաքանչյուր ամսվա մեջ մեկ շաբաթ, հիմնականում դաշտային պայմաններում, կազմակերպել ենք հավաք, որի ընթացքում անցկացվել են պարապմունքներ ցերեկային և գիշերային ժամերին, իսկ վերջում ընդունել ենք ստուգարքներ. մեխանիկ-վարորդների համար` մեքենավարումից, նշանառուները` գնդացիրներից… յուրաքանչյուրն իր զենքից: Մշտական պարապմունքների շնորհիվ մասնագետները կարողանում են ամբողջ տարվա ընթացքում պահպանել անհրաժեշտ մարտունակություն, հատկապես՝ տեխնիկայի վարումից և կրակայինից ստանալ «գերազանց» գնահատականներ: Առօրյա պարապմունքների միջոցով պատշաճ կերպով ենք անցկացրել ջոկերի, դասակների, վաշտերի ներդաշնակումը, իսկ այժմ գումարտակի ներդաշնակման վերջը համընկնում է ամփոփիչ քննությունների անցկացմանը: Գումարտակի մարտունակության հարցում ոչ մի կասկած չունեմ և հավատացնում եմ՝ ամբողջությամբ գիտեմ զինվորներիցս յուրաքանչյուրի հնարավորությունը: Ուզում եմ նաև ասել, որ գոհացուցիչ արդյունքը ոչ թե հրամանատարի, այլ ամբողջ սպայակազմի աշխատանքով է ձեռք բերվում, և պարտավոր եմ նշել վաշտի հրամանատար կապիտան Վահրամ Հարությունյանի, դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Էդգար Մարգարյանի, ավագ լեյտենանտ Գարեգին Մխիթարյանի, ականանետային մարտկոցի հրամանատար ավագ լեյտենանտ Կարեն Սիմոնյանի /համաբանակային մրցույթում մարտկոցը գրավել է երկրորդ տեղը/, ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ մայոր Սամվել Լալայանի, սպառազինության գծով տեղակալ մայոր Գարուն Էլազյանի ավանդը: Առանց համախմբված աշխատանքի ոչինչ չի ստացվի:
Կեսօրին մոտ ձնաբուքը մեղմացավ: Քննությունն սկսվեց: Առաջինը` տեխնիկական պատրաստությունից, ստուգվեցին նշանառու օպերատորներն ու մեխանիկ-վարորդները:
Շարքայիններ Մովսես Մկրտչյանը, Մհեր Զաքարյանը, Նարեկ Սաֆարյանը, Ժիրայր Բաղդասարյանը և մյուսները ցույց տվեցին, թե որքան վարժ են տիրապետում թեթև զրահով բազմակողմանի քարշակի վարմանը, շահագործմանը, ինչպես նաև ինքնուրույն և վերադասի օգնությամբ հակառակորդին հայտնաբերելու և ճիշտ նշանառությամբ ոչնչացնելու տեխնիկային: Պատասխանելիս զինվորներն առանձնանում էին համարձակությամբ, ինքնավստահությամբ, կարողանում էին անկաշկանդ արտահայտել մտքերը, խոսքը զուգորդել գործողություններով:
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի