ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
Լրացավ Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ ԱՇՈՏ ԱՄԱՏՈՒՆՈՒ ծննդյան 90-ամյակը
Նրանք 106-ն էին։ 106 քաջազուն հայորդիներ, որոնք ոչ ասացին ֆաշիզմին, մեկ մարդու նման զենք վերցրին` պաշտպանելու հայրենիքը` Խորհրդային Միությունը, և արժանացան այդ հսկա կայսրության ամենամեծ պարգևին` Հերոսի կոչմանը։ Այդ տարիներին կայսրության մի մասնիկն էր նաև փոքրիկ Հայաստանը, որի ոչ լրիվ մեկուկես միլիոն բնակչությունից հայրենիքը պաշտպանելու մեկնեցին ավելի քան 400 հազարը, իսկ պատերազմում թշնամու դեմ պայքարող հայորդիների ընդհանուր թիվն անցնում էր 600 հազարից. ռազմադաշտ էին մեկնել Ռուսաստանում ու Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, աշխարհի բազմաթիվ երկրներում ապրող հայեր, որոնցից ավելի քան 60-ը գեներալներ ու ծովակալներ էին։
Պատերազմն սկսվելու հաջորդ օրը` հունիսի 23-ին, կամավոր բանակ մեկնելու խնդրանքով Լենինականի (այժմ` Գյումրի) զինկոմիսարիատ մտավ 18-ը դեռ չբոլորած, Լենինականի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող Աշոտ Հաբեթի Ամատունին։ Որպես գնդացրորդ մասնակցեց Ուկրաինայի, Մոլդավիայի համար մղված մարտերին, Ստալինգրադի մատույցներում ծանր վիրավորվեց։ Կարճատև բուժումից հետո Սարատովի տանկային ուսումնարանում սովորեց տանկիստների պատրաստման արագացված կուրսերում և կրտսեր լեյտենանտի առաջին սպայական ուսադիրներով իրեն վստահված դասակը հասցրեց Օմսկ` տանկեր ստանալու և ռազմաճակատ մեկնելու համար։ Այնուհետև տանկային վաշտի, գումարտակի, գնդի հրամանատարը պարբերաբար նոր նշանակումներով մասնակցեց Կրիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիռասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: Միայն Սոխաչևի շրջանում նրա տանկային դասակը ոչնչացրել է 3 շոգեքարշ, 110 ավտոմեքենա, 2 հրանոթ, 2 զենիթային թնդանոթ, 6 ականանետ, 8 զինապահեստ և գերությունից ազատել 250 զինվորի և 150 քաղաքացու: Լյուբեն քաղաքի համար մղվող մարտերում Ամատունու դասակը օդանավակայանում ոչնչացրել է 17 ինքնաթիռ, իսկ Ինովրացլավում գրավել է 3 էշելոնացված շարժակազմ, ոչնչացրել 3 շոգեքարշ, 2 հրանոթ, 2 տանկ, օդանավակայանում` 10 ինքնաթիռ, ավելի քան 250 զինվոր: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 3-րդ տանկային գումարտակի հրամանատար գվարդիայի լեյտենանտ Ա. Հ. Ամատունուն ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունը 1945թ. փետրվարի 25-ի հրամանագրով շնորհել է Խորհրդային Միության հերոսի կոչում` պարգևատրելով Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով։ Բեռլինի գործողության ժամանակ՝ քաղաքի մատույցներում պատերազմի հաղթական ավարտից տառացիորեն ժամեր առաջ, Ամատունին նորից ծանր վիրավորվեց։
1951թ. Ամատունին ավարտեց Ստալինի անվան զրահատանկային և մեքենայացված զորքերի ռազմական ակադեմիան: 1952-1958թթ. ծառայեց որպես տանկային գնդի Տիռասպոլի, 1958-63թթ.` Բելցիի տանկային դիվիզիայի հրամանատար, 1963-73թթ.` Սիմֆերոպոլի կորպուսի հրամանատարի տեղակալ, 1973-84թթ.` Երևանում տեղակայված 7-րդ բանակի հրամանատարի տեղակալ: 1984 թվականին գեներալ-մայորի կոչումով Ամատունին զորացրվել է պահեստազոր: 1984-1995թթ. եղել է «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի տնօրեն, այնուհետև` թանգարանի պաշտպանության նախարարության համակարգ անցնելուց հետո` որպես գլխավոր խորհրդական և գիտական խորհրդի քարտուղար։ Ուկրաինայի կառավարության հրավերով այժմ ապրում է Սիմֆերոպոլում, ստացել է Ուկրաինայի բանակի գեներալ-լեյտենանտի կոչում, ակտիվորեն մասնակցում է ինչպես տեղի պատանիների և աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, այնպես էլ հայկական համայնքի գործունեությանը: Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահն է: Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, ՈՒկրաինայի մի շարք շքանշաններով ու մեդալներով։
Մաղթենք մեր փառապանծ հայրենակցին 2-րդ աշխարհամարտի Խորհրդային Միության հայազգի հերոսի ամուր առողջություն և հարյուրամյակը տոնելու ուժ, կորով ու հաստատակամություն։
ԱՍՔԱՆԱԶ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Ճակատագրեր