ՈՒՂԵՑՈՒՅՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ զինված ուժերում գործածության մեջ է մտել «Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության ուղեցույց-ձեռնարկ»-ը: Սույն ուղեցույցը նպատակ ունի հստակեցնելու ՀՀ զինված ուժերում ազգային գաղափարախոսության հիմնադրույթների և ազգային բանակի ավանդույթների կիրառման շրջանակները, համակարգել դրանց պահպանմանն ու արդյունավետ կիրառմանը, ազգային գաղափարականությամբ տոգորված զինվորականի ձևավորմանը միտված միջոցառումները: Ուղեցույցի դրույթներին համահունչ են հայ սպայի և զինծառայողի պատվի կանոնները, որոնք նպատակաուղղված են կարգավորելու զինծառայողի վարվելակերպը, վարքագիծը և փոխհարաբերությունները: Այն արծարծում է մի շարք բովանդակային հարցեր ազգային գաղափարախոսության հիմնադրույթների, քրիստոնեական հավատքի` որպես ոգեղենության և բարոյականության աղբյուրի և այլնի մասին՝ ազգային ավանդույթներն ու սովորույթները առանձնացնելով որպես հայ զինվորականի գաղափարականացման կարևոր գործոններ: Միևնույն ժամանակ ձեռնարկը ծանոթացնում է զինծառայողների ազգային-գաղափարական դաստիարակության ուղիներին և միջոցներին:
Ինչպես հայտնի է, մեր երկրի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերները բազմաթիվ են: Տարածաշրջանում առկա են հակասություններ, պետությունները որդեգրել են անվտանգության` տրամագծորեն տարբեր ռազմավարություններ, վարում են տարբեր դաշինքների և ուժային կենտրոնների հարելու քաղաքականություն: Մտահոգության գլխավոր աղբյուրն է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական դաշինքը՝ Հայաստանի ազգային անվտանգության շահերը վտանգող քաղաքականությամբ, Ադրբեջանի գերռազմականացումը: նդրահարույց է նաև մեր ներքին իրավիճակը: Սահմանափակ են ռեսուրսները, ժամանակի ընթացքում որոշակիորեն փոխվել են ազգային միաբանությունն ու միակամությունը, ունենք գաղափարական, դավանական, սոցիալական և այլ տարաբաժանումներ, առկա է մեր ինքնությունից հեռանալու վտանգը: Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջադրել, որի լուծումն անհնարին է առանց ազգային գաղափարախոսության` ազգի անդամներին (այդ թվում՝ զինվորականությանը), իրար հոգեպես ու գիտակցորեն շաղկապող, նրա ավանդական նկարագրից բխող նպատակները, վարքը և գործունեությունը սահմանող գաղափարների ու արժեքների համակարգի: Օտարվելով սեփական արմատներից՝ հայությունը չի կարող պահպանել իր կենսունակությունն ազգերի գոյության անհաշտ պայքարում: Այս գիտակցումը պետք է դառնա յուրաքանչյուր հայի սեփականությունը: Պատմությունը բազմիցս հաստատել է այս ճշմարտությունը, ապացուցել, որ մեր ցանկացած հաջողության գլխավոր գրավականը, հաղթանակների խթանիչ ուժն ու ապավենը միշտ էլ եղել է ազգային հենքը:
Ինքնության պահպանման հիմնաքարերից մեկը բանակն է, և ստեղծված պայմաններում առաջնահերթություն է դարձել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ազգային գաղափարախոսությունն արմատավորելու, ազգային բանակի լավագույն ավանդույթները զինվորական առօրյայում պահպանելու, ամրագրելու և կիրառելու խնդիրը: Ձեռնարկում ՀՀ զինված ուժերի որակական գերազանցության ամրապնդման և դրա հարատևման, բանակի հզորացման անհրաժեշտությունը դիտվում է որպես «Փոքր ուժերով` մեծ խնդիրներ» իրականացնելու պահանջ:
Եվ այսպես, նոր ուղեցույց-ձեռնարկի հիմնական նպատակը ազգային գաղափարականությամբ տոգորված զինծառայողի ձևավորումն է: Դրա իրականացումը մի շարք խնդիրների շուտափույթ լուծում է պահանջում: Թվարկենք դրանցից մի քանիսը.
– ազգային գաղափարախոսության հիմնադրույթներին, պատմամշակութային արժեքներին, զինվորական լավագույն ավանդույթներին հաղորդակից դարձնելով` զինվորականների ազգային ինքնաճանաչողության մակարդակի բարձրացում,
– ՀՀ զինված ուժերում հայրենասիրական և հոգևոր դաստիարակության համակարգերի կատարելագործում և դրանց արդյունավետության բարձրացման անհրաժեշտ պայմանների ապահովում,
– զինվորականության շրջանում պետականամետ մտածողության և դիրքորոշման, պետական ու ազգային խորհրդանշանների հանդեպ սիրո և ակնածանքի վերաբերմունքի ձևավորում,
– բանակ-հասարակություն կապի ամրապնդում, ցանկացած պահի համաժողովրդական բանակի վերածվելու ազգի պատրաստակամության ձևավորում:
Այս և մի քանի այլ խնդիրների լուծման շնորհիվ ազգային գափարով տոգորված, ինքնավստահ ու անպարտելի զինծառայողի ձևավորման թերևս գլխավոր նախապայմանն է ազգային ինքնաճանաչողությունը, դրանից բխող հայրենապաշտությունը: Ազգային ինքնաճանաչողություն, հայրենապաշտություն, պետականամետություն, ազգային միասնություն, հավատք: Այս ամբողջի միասնությունն է կայուն և զարգացած հայկական պետականության հզորության հիմքը, առաջնորդող գաղափարը, որի կրողն առաջնահերթ զինվորականությունը պետք է լինի: Իսկ ազգային բանակի ավանդույթների ձևավորման «դարբնոցները» ռազմաուսումնական հաստատություններն են: Ուսումնառության տարիներին հաղորդակից լինելով և անձամբ մասնակցելով տարբեր արարողությունների և միջոցառումների՝ կուրսանտները ՌՈՒՀ-ն ավարտելուց հետո արդեն զորքերում կդառնան նոր ավանդույթների քարոզիչները, իրականացնողներն ու զարգացնողները: Թեև հայ զինվորի գաղափարականացման գործընթացը չի կարող սահմանափակվել միայն զինված ուժերով: Այն ընդգրկում է ամբողջ հասարակությունը` ընտանիք, եկեղեցի, կրթօջախ, համայնք, աշխատանքային կոլեկտիվ:
Ինչևէ, գաղափարի զինվորը հիրավի անպարտելի է, բայց նման զինվոր պատրաստելու համար երկարատև ու դժվարին ճանապարհ պետք է անցնել: Ողեցույց-ձեռնարկում ներկայացված դրույթների ուսումնասիրումը կօգնի հրամանատարությանը և շարքային կազմին ամբողջական պատկերացում կազմելու ազգային գաղափարախոսության բովանդակության, ազգային գաղափարականությամբ տոգորված հայ զինվորականի ձևավորման գործընթացի նպատակների, խնդիրների, հայ մարտիկի ավանդական դիմագծի պահպանմանը միտված միջոցառումների կազմակերպման առանձնահատկությունների մասին:
Ուղեցույցը ՀՀ զինված ուժերում տվյալ ուղղությամբ աշխատանքները հստակեցնելուն և զինվորական լավագույն ավանդույթները պահպանելուն ու հարստացնելուն միտված առաջին ձեռնարկումն է, որը ենթակա է մշտական կատարելագործման և համալրման:
Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Բանակ և հասարակություն