ՀԱՅՐԵՆԱՊԱՏՈՒՄ
(հատված)
Օ՛հ, Աստվածամա՛յր, մի՞թե դու գոհ չես,
Այսքան քաջարի, այսքան տարաբախտ մի ժողովրդից,
Որ այսքան աղետ, կոտորած տեսավ,
Բայց չնահանջեց իր հավատամքից։
Հերի՛ք փորձության մատնես դու նրան.
Վասն հավատի, վասն հայրենյաց
Ավարայր մտած այս ժողովուրդը
Սարդարապատում հրաշքներ գործեց՝
Ապացուցելով իր ինքնությունը։
Մի՞թե հերիք չէր,
Ապացույցների էլ ի՞նչ կարիք կար…
Օ՜հ, Աստվածամա՛յր, քո որդու նման այս ժողովուրդը
Իր խաչը կրեց մինչև Գողգոթա ու դեռ ավելին.
Քո որդին միայն մե՛կ անգամ խաչվեց ու անմահացավ,
Ա՛յս ժողովուրդը խաչվում է դարեր…
Ուրեմն՝ կապրի
Կապրի
Քանի դեռ արյան ու ոգու կանչով,
Նոր Աստծո լուսե հայացքի մեջ էլ
Վառվում է ոգին հին աստվածների.
Նրանք չէին մեռել, չէին անհետացել
Որպես պաղ ձյունը թեժ արևի տակ։
Ու չեն մեռնելու, անհայտանալու,
Քանի աշխարհում ապրում է մեկ հայ։
Լուսեղեն ոգին՝ դարերից եկած,
Դարերի դիմաց թրծված, ամրացած,
Մաքառումներից ադամանդ դարձած,
Մոռացման փոշուց նոր ձերբազատված,
Ալեհեր Մասիսի հայացքից գերված,
Նոր թափ ու կորով իր հողից առած՝
Ի վերջո ուղղեց մեջքը կորացած։
Երկնեց վերջապես բանակ ու դրոշ՝
Դրոշ եռագույն ու զինանշան, վեր պարզած ձեռքեր։
Ու խենթե՜ր, խենթե՜ր, խենթեր անհամար…
Մայր հողի համար, իր ոգու համար՝ ապստամբ խենթեր,
Որ զենք չունեին՝ ունեին ոգի,
Ու գնում էին նոր չարիքի դեմ՝ անվախ, անվարան…
Գնում էին նրանք, որ պաշտպանեն,
Հողը հայրենի, մորը հարազատ,
Ու ամեն մեկը ասես դարձել էր մի-մի Արամազդ,
Վահագն էին դարձել՝ Աստղիկի սիրուց վառված, խենթացած,
Արա էին դարձել՝ սիրտը կարծրացած օտարի դիմաց,
Ու Հա՜յկ էին դարձել նվաճողի դեմ աղեղը լարած։
Դարձել էին Տիգրան, Արտաշես, Աշոտ,
Դարձել էին Վարդան, Անդրանիկ, Նժդեհ…
Դարձել էին Արամ… Դավիթ էին դարձել…
Դարձել Աղասի ու Մեծ Աբովյան։
Լուսեղեն ոգու կայծերն ամեն կողմ
Ցրվեցին-դարձան մի-մի արեգակ
Ու գոյի դաժան ճակատամարտում
Լուսավորեցին հույս ու նպատակ։
Ապրելու ուղին այլևս պարզ է,
Ու ճանապարհը անցնելու՝ երկար։
Գոյի վիճակը արդեն նետված է,
Եվ լուսե ճամփան չունի վերջ-վախճան։
ԳՅՈՒԼՆԱՐԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Խորագիր՝ #51 (1018) 26.12.2013 – 1.01.2014, Հոգևոր-մշակութային