Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՏԱՊԱՐՏԵԼ, ՈՉ ԹԵ ԱՐԴԱՐԱՑՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ



Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել` պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:

Այս ստորագրահավաքը մաս է կազմում թուրք ժխտողականների երկարատև ջանքերի` փոխելու համար Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհրդի (TDSB) 2008 թվականի որոշումը, որի համաձայն՝ աշակերտներին դասավանդում էին Հայոց, Հրեական և Ռուանդական ցեղասպանությունների մասին: TDSB-ի որոշումը հաջորդեց 2002 թվականին Կանադայի Սենատի և 2004 թվականին` Խորհրդարանի Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Բացի այդ, 2006 թվականից Կանադայի վարչապետները հաջորդաբար հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման տարեկան պաշտոնական հայտարարություններով` ի հեճուկս թուրքական կառավարության բուռն քաղաքական ճնշման ու տնտեսական շանտաժի:

Դեռևս 2008 թվականին թուրքական մեկ այլ նմանատիպ ստորագրահավաքով (ավելի քան 11 հազար ստորագրություն, հիմնականում Թուրքիայից) չհաջողվեց ստիպել TDSB-ին փոփոխելու ցեղասպանության վերաբերյալ ուսումնական ծրագիրը: Իսկապես, Անկարայի կառավարությունը և Տորոնտոյում վերջինիս թուրքական կամակատարները վերջին յոթ տարիների ընթացքում արել են հնարավոր ամեն ինչ՝ այս ուսումնական ծրագիրը խափանելու համար:

Ստորև մեջբերված են թուրքական դիմումնագրով ներկայացված անհիմն բողոքները TDSB-ի ցեղասպանության ուսումնական ծրագրի դեմ` դրանց հաջորդող իմ հերքումներով.

– Թուրքական դիմումնագիր . «Որպես Տորոնտոյի դպրոցներ հաճախող աշակերտների թրքախոս ծնողներ` մենք խորապես մտահոգված ենք «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ ներկայիս ուսումնական ծրագրի և 2008 թվականից TDSB-ի ընդունած ուսումնական նյութի բացասական ազդեցությամբ»:

– Իմ պատասխանը. Տորոնտոյի դպրոցներում ՈՉ մի բռնություն կամ ճնշում չի կիրառվել որևէ թուրք աշակերտի նկատմամբ, չնայած որ ցեղասպանության ուսումնական ծրագիրը մի քանի տարի դասավանդվում է: Պատճառն այն է, որ հայերն այսօրվա անհատ թուրքերին պատասխանատու չեն համարում այն ոճրագործությունների համար, որոնք Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից իրագործվել են գրեթե հարյուր տարի առաջ, բացառությամբ նրանց, ովքեր ժխտողականությամբ իրենց շաղկապում են այդ ոճիրների հետ: Մյուս կողմից՝ Թուրքիայի Հանրապետությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության շարունակվող հետևանքների համար: Ցեղասպանության փաստերի ժխտումը շատ ավելի լուրջ բացասական հոգեբանական ազդեցություն ունի հայերի համար, քան ուսումնական ծրագրում դրա ընդգրկումը` թուրքերի: Ավելին՝ ճշմարտությունը չի կարելի թաքցնել միայն այն պատճառով, որ այն չվիրավորի նրանց զգացմունքները, ովքեր ուզում են քողարկել պատմական իրողությունները: Կարելի՞ է արդյոք պաշտպանել հրեական Հոլոքոստի ջնջումը պատմության դասագրքերից ժամանակակից գերմանացիներին չվիրավորելու համար:

– Թուրքական դիմումնագիր. «Հայերի ցեղասպանության վերաբերյալ դասագիրքը և այլ գրքեր, ինչպիսին է Բարբարա Քոլորոսոյի «Արտասովոր չարիքը», անընդհատ վարկաբեկում են պատմական անցքերի վերաբերյալ մի համայնքի մեկնաբանությունը մյուսների համեմատ և բացասական ազդեցություն ունենում Տորոնտոյի դպրոցների թուրքական մշակութային ժառանգությամբ աշակերտների վրա»:

– Իմ պատասխանը. չի կարող երկու տարբերակ կամ երկու վարկած լինել Հայոց ցեղասպանության ապացուցված փաստերի վերաբերյալ: Կա միայն մեկ ճշմարտություն:

– Թուրքական դիմումնագիր. «Մենք խորապես համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և խաղաղ գոյակցության արժեքները կարող են ձեռք բերվել պատմության մասին ազնիվ և բաց երկխոսության միջոցով: Ավելին՝ արդար և անաչառ ուսուցումը պիտի հիմնված լինի պատմական փաստերի, այլ ոչ թե միայն ընտրյալ համայնքների պատումների վրա՝ անտեսելով մյուսներին: Պետք է նաև նշել, որ այս պատմական պնդումներից որևէ մեկի վերաբերյալ դատավճիռ գոյություն չունի, իսկ պատմաբանների կարծիքները տարբերվում են այս իրադարձությունների մանրամասների և սահմանումների առնչությամբ»:

– Իմ պատասխանը. «Փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և խաղաղ գոյակցությունը» չեն կարող ձեռք բերվել խեղաթյուրումների և կեղծիքների միջոցով: Միայն ճշմարտությունն ընդունելուց և համապատասխան հատուցումից հետո Կանադայի թուրքերը կարող են խոսել նման վեհ գաղափարների մասին: Բացի այդ, հակառակ թուրքական պնդումների, կան մի քանի դատավճիռներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ սկսած 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների վճիռներից մինչև արգենտինական, շվեյցարական և ամերիկյան դատարանների վճիռները: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնախումբը 1985 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին զեկույց է ընդունել: Ցանկացած ցեղասպանության ամենաճիշտ ատյանը Միավորված ազգերի կազմակերպությունն է, քանի որ Ցեղասպանության կոնվենցիան ՄԱԿ-ի փաստաթուղթ է:

Ամփոփելով նշենք, որ այս վերջին թուրքական դիմումնագիրը լիակատար ձախողման է դատապարտված, քանի որ դրա նախաձեռնողը` Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիան, առայժմ հավաքել է 2 հազարից էլ պակաս ստորագրություն, մինչդեռ պնդում են, թե Կանադայում ունեն 200 հազար անդամ: Հետաքրքիր է, որ ստորագրողների մեծ մասը ոչ թե Կանադայից է, այլ Թուրքիայից, որտեղ դիմումնագիրը լայնորեն տարածվել է կայքէջերում:

Կանադայի թուրքերի համար ավելի արժեքավոր նախաձեռնություն կլինի մի այլ դիմումնագիր ձեռնարկելը` կոչ անելով թուրքական կառավարությանը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում կատարելու այս հրեշավոր ոճրագործության զոհերի ժառանգներին Ցեղասպանության հարյուրամյակի առիթով:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը անգլերենից` Ռուզաննա Ավագյանի

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ռազմաքաղաքական


16/01/2014