Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ



Ամանորի նախօրեին Քաշաթաղի շրջանի 3 համայնքներ ԼՂՀ կառավարության կողմից լավ նվեր ստացան՝ ամենագնաց «ՈՒԱԶ» մեքենաներ: Դեկտեմբերի 29-ին շրջվարչակազմի մոտից 3 մեքենաները Ձմեռ պապի և Ձյունանուշի ուղեկցությամբ ուղևորվեցին Ծիծեռնավանքի, Արտաշավիի գյուղական և Որոտանի քաղաքային համայնքներ:

Զինվորականների բազմահարկ շենքի մոտ Ձմեռ պապին ու Ձյունանուշին էին սպասում քաղաքի երեխաները, որոնցից մոտ 70 հոգի աշակերտներ են և հաճախում են հարևան Հայկազյան գյուղի Հայկազ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց: Մանուկներից շատերը հանդես են գալիս ասմունքով, երգով և արժանանում ծափերի ու նվերների:

Ավագ լեյտենանտ Մարտիկ Մալունցը ավարտել է ռազմական ինստիտուտը, և արդեն 4-րդ տարին է, ինչ կնոջ՝ Արաքսյայի և մեկամյա որդու հետ բնակվում է Որոտանում և ծառայում զորամասում: Գոհ են պայմաններից և մաղթում են, որ 2014-ը լինի հաջողությունների տարի, բոլոր մանուկները լինեն երջանիկ ու առողջ, իսկ հայ զինվորը՝ արի ու հաստատակամ:

Ներկաներին Ամանորի առթիվ շնորհավորեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և տեղեկացրեց, որ համայնքին հատկացվել է ավտոմեքենա, որը նվերներով լի բեռնված քշել-բերել է Ձմեռ պապը, որն էլ անձամբ համայնքի ղեկավար Կոմիտաս Դավթյանին հանձնեց մեքենայի բանալիները՝ մաղթելով, որ անփորձանք ծառայի բնակչությանը: Համայնքի ղեկավարը, որ նախկին զինվորական է, գումարտակի հրամանատար, շնորհավորեց Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առիթով, ապա տեղեկացրեց, որ քաղաքում կա 230-ից ավելի երեխա, և մանկապարտեզ բացելու ժամանակն է, հատկապես, երբ երեխաների ծնողները հիմնականում զինվորականներ են:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Բանակ և հասարակություն


16/01/2014