ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ
2000 թ. հունվարի 19-ին Վայոց ձորի լեռներում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով կործանվեց հայոց օդուժի ուղղաթիռը։ Օդային աղետի զոհ դարձան Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, մայոր Սերգեյ Հարությունյանը, նեյրովիրաբուժության բաժանմունքի պետ, կապիտան Կարո Հեբոյանը, վիրաբուժության բաժանմունքի անեզթեզիոլոգ, ավագ լեյտենանտ Տիգրան Հնեսյանը և ուղղաթիռի անձնակազմը` օդաչուներ Բորիս Խաչատուրովը, Գուրգեն Կիրակոսյանն ու Արթուր Հայրապետյանը։ Նրանք թռչում էին Արցախ` ծանր վիրավոր երկու զինծառայողի կյանք փրկելու։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով թռիչքը մեկ օրում երեք անգամ հետաձգվում է. վերջապես տրվում է թռչելու հրաման, և ուղղաթիռը ժամը տասներկուսին օդ է բարձրանում։
Վերջերս անձնական արխիվս դասավորելիս ձեռքս ընկավ տասնյոթ տարի առաջ Սերգեյ Հարությունյանի հետ իմ հարցազրույցի սղագրությունը։ Սերգեյ Իվանիչը, այդպես էին նրան դիմում և ճանաչում բոլորը, հայտնի անուն էր վիրաբուժության բնագավառում, անչափ սիրված ու հարգված մարդ միջավայրում, հասարակության մեջ։ 1993թ., երբ երկաթգծի հիվանդանոցը վերափոխվեց և դարձավ առաջին, միևնույն ժամանակ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, հիսունվեցամյա փորձառու վիրաբույժին առաջարկեցին վիրաբուժական բաժանմունքի պետի պաշտոնը։
Պատմում է Սերգեյ Իվանիչի կինը` բժշկուհի Աիդա Զաքարյանը։
-1955 թվականից, երբ Բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանող էինք, ճանաչել եմ նրան։ Շատ համեստ ու պարկեշտ անձնավորություն էր։ Ոսկի ձեռքեր ուներ։ Հնարավոր չէր՝ մի գործի կպչեր, և այդ գործը գլուխ չգար։ Տանն էլ ամեն ինչ իր ձեռքով էր պատրաստում։ Վերին աստիճանի նվիրված էր իր գործին։ Նա և՛ հոգատար ամուսին ու ծնող էր, և՛ հոգատար բժիշկ։ Օրերով տուն չէր գալիս, մնում էր հոսպիտալում։ Սերգեյ Իվանիչին սիրում և հարգում էին բոլորը։ Մարդկային և մասնագիտական բարձր որակների, աշխատանքի, հիվանդների և իր գործընկերների հանդեպ նվիրվածությունը, դրսևորած ջերմ, ուշադիր և հոգատար վերաբերմունքը նրան դարձրին բոլորի սիրելին։ Նա այդպես ապրեց, այդպես աշխատեց, այդպիսին էլ մնաց բոլորի հիշողության մեջ։
1960 թվականին ավարտեցինք Բժշկական ինստիտուտը, և մեր խմբից հինգ հոգու, այդ թվում՝ ինձ ու Սերգեյին, գործուղեցին Գավառի շրջանային հիվանդանոց, որտեղ Սերգեյն աշխատեց և՛ վիրաբույժ, և՛ տնօրենի բուժգծով տեղակալ։ Հինգ տարի անց նրան նշանակեցին աշխատանքի երկաթգծի հիվանդանոցում, որտեղ աշխատեց վիրաբույժ, իսկ մեկ տարի հետո նշանակվեց վիրաբուժական բաժանմունքի վարիչ։ 1978-88թթ. Հանրապետական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է եղել։ Այնուհետև հանրապետության երկաթգծի պետ Ղանդիլյանը նրան հրավիրեց աշխատանքի, և նա Հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեց երկաթգծի հիվանդանոց։
2012 թ.- ին լրացավ նորաստեղծ հայկական բանակի ռազմական վիրաբուժության հիմնադրի` Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի առաջին ղեկավարի, բ.գ.թ., բ/ծ մայոր ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ 75-ամյակը, իսկ այս տարի էլ` նրա զինվորական ծառայության անցնելու 20 տարին։
Ստորև ներկայացնում ենք այդ հարցազույցը որոշակի կրճատումներով։
-Պարոն Հարությունյան, Դուք ճանաչված վիրաբույժ եք, աշխատանքային երկարամյա կենսագրությամբ ու պատկառելի փորձով։ Հարգված, ընդունված բժիշկ, որի առաջ բաց է ցանկացած հիվանդանոցի դուռ։ Կարող էիք չգալ բանակ, մանավանդ Ձեր տարիքն էլ բանակայինի չէր, և Ձեր ապրուստը կարող էիք հրաշալի ապահովել` աշխատելով քաղաքացիական որևէ հիվանդանոցում։ Ի՞նչը բերեց Ձեզ բանակ։
-Ինձ բանակ բերեց սեփական պարտքի զգացումը։ Եթե հիշում եք, 1993-94թթ. անչափ ծանր տարիներ էին մեր բանակի համար։ Պատերազմը Արցախում մոլեգնում էր, Հայաստանի սահմանների անդորրը վտանգված էր։ Այդ օրերին անչափ մեծ էր վիրավորների հոսքը։ Հարկ էր լինում օրական մինչև տասը վիրահատություն կատարել` տարբեր բարդությունների։ Հասկացա, որ հենց այստեղ եմ ես պետք, որ անչափ կարևոր օղակ է, և հենց այստեղ է, որ դրսևորվում է անշահախնդիր մարդն ինքը։ Եվ հենց այստեղ է, որ ի հայտ կգա բժշկի նկարագիրը։ Խոստովանեմ, որ ունեցել եմ հիասթափության պահեր, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվեց։ Շատ տեղերում եմ աշխատել, բայց այստեղ՝ հոսպիտալում, այլ վիրաբուժություն է, ատիպիկ վիրաբուժություն։ Ոչ ոք չի կարող կանխագուշակել, թե հրազենային վիրավորումը ինչ կարող է առաջացնել։ Եվ հենց այստեղ է, որ պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշվել. ի՞նչ վիրահատություն անել, վերջնակա՞ն, թե՞ ժամանակավոր, մի գործողությամբ կյանքը փրկել, հետո նոր վերջնականի մասին մտածել։ Ռազմադաշտային վիրաբուժությունը շատ հետաքրքիր, յուրահատուկ ոլորտ է։ Ես ինքս հոսպիտալում իմ երեքամյա աշխատանքի ընթացքում շատ բան սովորեցի։ Փոխվեցի լրիվ։ Սկզբում դժվար էր։ Ինձ համար եթե դժվար էր, բնականաբար իմ կրտսեր կոլեգաների համար՝ ավելի դժվար, բայց, փառք Աստծո, կարճ ժամանակում կարողացանք ընտելանալ և ինչ-որ տեղ նաև հմտանալ։
-Սերգեյ Իվանիչ, վիրաբուժության համար երեսունյոթ տարին քիչ չէ։ Տակավին երիտասարդ Դուք Ձեզ նվիրել եք մարդասիրական մի վսեմ գործի, երբ կյանքի ու մահվան միջև հայտնված մարդուն Դուք գրեթե անհույս վիճակից նորից կյանք եք վերադարձրել…
-Բոլորովին վերջերս մենք ունեցանք մի շատ ծանր դեպք։ Ծառայական պարտականությունները կատարելիս ավտովթարից վնասվել էին երիտասարդ սպայի ներքին օրգանները։ Ծայրահեղ ծանր վիճակում բերվել էր մեզ մոտ, և մենք ստիպված եղանք վիրահատության ճանապարհով հեռացնել փայծախը, ձախ երիկամը։ Մեր բաժանմունքում այժմ էլ պառկած են նման հիվանդներ։ Բացառիկ էր զինվոր Արման Հովհաննիսյանի վիճակը, որին տարբեր հոսպիտալներում մի քանի անգամ վիրահատել էին։ Բավականին ծանր, կարելի է ասել՝ անհույս վիճակում՝ որովայնի առաջնային պատի մեծ ձեւախեղմամբ, ձեռքերի մեջ նռնակ էր պայթել, և նա զրկվել էր ձախ ձեռքից: Կատարեցինք հարկադրված վիրահատություն՝ կամ-կամ…։ Եվ հուրախություն մեզ բոլորիս, իհարկե, առաջին հերթին Արմանի ծնողների, հաջողվեց փրկել մի երիտասարդ զինվորի կյանք ևս։
-Առհասարակ ծանր ու երկարատև վիրահատությունից հետո վիրաբույժը լինում է հոգնած, անտրամադիր…
-Հոգնելու մասին ընդհանրապես չեմ մտածում, որովհետև բժիշկը եթե հոգնեց, ուրեմն գործնական վիրաբուժությունը վերացավ։ Փառք Աստծո, առողջությունս լավ է, ամուր եմ կանգնած ոտքերիս վրա։ Իմ տրամադրությունը կախված է միայն հիվանդի վիճակից։ Տրամադրությունս գցողն էլ, բարձրացնողն էլ հիվանդն է։ Եթե վիրահատությունից հետո հիվանդի ինքնազգացողությունը լավ է, ուրեմն ես էլ եմ ինձ լավ զգում։ Իսկ եթե ինչ-որ մի բան ինձ դուր չի եկել, ապա ներքուստ անհանգիստ եմ լինում, անտրամադիր։ Գիտեք, վիրաբույժը մարզիկի պես է, եթե ինքնատիրապետում չունեցավ, դատապարտված է ձախողման։
-Բժշկի, հատկապես վիրաբույժի մասնագիտությունը նախ և առաջ ինքնազոհողություն է պահանջում. բժիշկը կարող է օրերով տանը չլինել, զրկվել անգամ ընտանեկան ջերմ մթնոլորտում հանգստանալու անհրաժեշտությունից։
-Երեսունյոթ տարվա մեջ յուրաքանչյուր ամսվա տասը օրը, առանց չափազանցության, իմ սեփական անկողնում չեմ քնել։ Ճակատագիր է, բժշկի ճակատագիր։ Շատ-շատ անգամներ ես ինքս ինձ զրկել եմ կյանքի շատ հաճույքներից։ Ծնունդ է, կնունք է, հարսանյաց հանդես, թե որևէ հրավերք, պատրաստված դուրս ենք եկել, որ գնանք, մեկ էլ հեռազանգել կամ մեքենա են ուղարկել հետևիցս։ Չեմ հիշում այնպիսի մի օր իմ կյանքում, երբ բացակայեմ հիվանդանոցից, և բաժանմունքում տեղյակ չլինեն՝ որտեղ եմ։ Որովհետև չես կարող իմանալ, թե քո գնալուց հետո ում, ինչպիսի վերքով կամ վնասվածքով կբերեն։
Ընտանիքս էլ, ընկերներս էլ ընտելացել ու չեն նեղանում, որ շատ անգամներ չեմ արձագանքում հրավերներին, որովհետև քիչ չեն եղել դեպքերը, երբ ընկերներիս կամ հարազատներիս օջախում հենց քեֆ-ուրախության պահին էլ եկել են հետևիցս…
Ս.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ճակատագրեր