Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԵՎ ՊԱՏՐԱՍՏ… ՄԱՐՏԻ



ՃԻՇՏ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ

Անցած ուսումնական տարվա հաջողության նախադրյալները ներկայացնում է զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Վահագն Խաչատրյանը.

– Մարտական հերթապահությունից ազատված զորամասերի առջև դրվող խնդիրներն իրենց կարևորությամբ ոչնչով չեն զիջում առաջնագծում, ասել է թե` մշտապես մարտական պատրաստականության վիճակում գտնվող զորամասերի խնդիրներից: Ավելին, պահեստայինները, որոնք միմիայն ռազմական ուսուցմամբ, մարտական պատրաստությամբ են զբաղվում, պարտավոր են տարվա բոլոր օրերին պահպանել մարտունակությունը, որովհետև հնարավոր պատերազմի դեպքում հենց նրանք են իրականացնելու վճռորոշ գործողությունները: Այս ամենը մենք միշտ բացատրում-պարզաբանում ենք սպաներին, զինվորներին, մանավանդ ստորաբաժանումները նոր համալրածներին:

Իհարկե, խաղաղ պայմաններում միայն զորավարժությունների, փորձադաշտերում կատարած մարտական կրակի արդյունքներով է հնարավոր ճշտել մարտկոցների և հաշվարկների մարտունակության իրական աստիճանը: Զորավարժություններով ավարտված ճամբարային հավաքներ ենք անցկացրել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ուսումնական փուլերում: Կատարվել են համալիր, հսկիչ-համալիր, կրակի կառավարման մարզումներ: Ամառային ուսումնական փուլի զորավարժության ընթացքին հետևել են ԶՈՒ ԳՇ պետ գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մասնագետներ: Նրանք գոհ մնացին ստորաբաժանումների նշանակետերի հայտնաբերման, հաշվարկների և կրակի կատարման արագությունից: Ճշգրիտ նշանառությամբ կատարվեցին ինչպես պլանային, այնպես էլ ոչ պլանային առաջադրանքները:

Ինչ վերաբերում է ամենօրյա պարապմունքներին, ապա կարևոր են հատկապես հրացանահրետանային հրաձգարանում, ինչպես նաև «Արկադա», «Կառատ» համակարգչային վարժասարքերի միջոցով խնդիրների կատարումը, ինչը մշտական գործընթաց է:

Ուսումնական ծրագրի կատարման գործում անհնար է չնկատել դիվիզիոնի հրամանատար, մայոր Արմեն Հակոբյանի, մարտկոցների հրամանատարներ՝ կապիտաններ Սեյրան Բաշբերյակյանի, Նարեկ Ադունցի, մայոր Էդգար Կարապետյանի իրականացրած հետևողական աշխատանքը: Նրանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, գործում են շատ արագ:

ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամանորից օրեր առաջ նշանակված ամփոփիչ քննության անցկացումը ձախողման վտանգի տակ էր: Մտավախություն կար, որ ցուրտը, ուժեղ քամին կխանգարեն գիտելիքների հավուր պատշաճի ստուգմանը: Խորհրդակցելով՝ դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Էդգար Կարապետյանը և ԱՀՏԱ գծով դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Մարտիրոսյանը որոշեցին, որ պետք է օրվա առաջադրանքը կատարել, այսինքն՝ քննությունն ընդունել, այն էլ դրսում՝ նախատեսված ուսումնական կետերում, սակայն փոքր անձնակազմերով` հաշվարկներով:

Առաջինը մասնագիտական սարքավորումներով քննություն հանձնելու դուրս եկան ղեկավարման դասակի ստորաբաժանումները: Նախ՝ հետախուզական ջոկը կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ: Գրեթե առանց նախապատրաստվելու քննաթերթիկների հարցերին լիարժեք պատասխաններ տվեցին ջոկի հրամանատարը, հետախույզ-հեռաչափող, շարքային Դավիթ Առաքելյանը: Տպավորիչ էին սերժանտ Ժորա Մարգարյանի, ռադիոհեռախոսավար Գնունի Առաքելյանի ինքնավստահ ու սպառիչ պատասխանները:

Երկրորդ Դ-30 մարտկոցի առաջին կրակային դասակից «մարտավարամասնագիտական պատրաստությունից», «ընդհանուր մարտավարամասնագիտական նորմացույցներից» գոհացուցիչ էին հատկապես կրտսեր սերժանտ Արայիկ Վարդանյանի և իր հաշվարկի համարների (նշանառու շարքային Մուրադյան, հաշվարկի համար շարքային Կամսար Խաչատրյան, վարորդ, շարքային Գեղամ Գրիգորյան), կրտսեր սերժանտ Խաչիկ Գրիգորյանի հաշվարկի համարների` շարքայիններ Վիկտոր Նշանյանի, Վարդգես Առաքելյանի, Գևորգ Սպանդարյանի պատասխանները:

Զորամասում ամփոփիչ քննությունները շարունակվում էին, ավելի ուշ պարզեցինք, որ դրանք ավարտվել են հաջողությամբ, արձանագրվել են ցանկալի արդյունքներ:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ազգային բանակ


16/01/2014