ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ՝ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին իսկ օրերից տարածքում սկսեց գործել «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամը, որը տարիների ընթացքում եւ այսօր էլ բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել, մշտապես կազմակերպել ծառատունկ: Նոր տարվա նախօրեին էլ Բերձորում էր հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: Մասնակցելով Քաշաթաղի շրջկենտրոնում կայացած ամանորյա տոնական միջոցառմանը՝ Գ. Մելիքյանը շնորհավորեց ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ ու նշեց, որ իր պարտքն է այս օրերին լինել արցախցիների կողքին: Այս անգամ նա շրջանի բոլոր աշակերտների համար բերել էր կիսաճտքավոր կոշիկներ, ինչպես նաեւ հումանիտար օգնություն կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքներին: Իր կատարած հայրենանվեր գործերի համար Գուրգեն Մելիքյանը դարձել է քաշաթաղցիների սիրելի բարեկամն ու հարազատը: Նրան հատկապես սիրում են փոքրիկները, եւ պատահական չէ, որ դիմում են՝ Գուրգեն պապի:
Զ.ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Բանակ և հասարակություն