Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2013Թ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՈՐԱԿԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ

Կազմակերպված խորհրդակցության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց 2013 թ. արձանագրված արդյունքները:

Նա նշեց, որ 2013 թվականին նույնպես բանակում առաջնորդվել են «ՀՀ զինված ուժերի պատրաստությանը և պաշտպանական բարեփոխումներին որակական առաջընթաց» կարգախոսով՝ տարին հայտարարելով «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի»:

Հետադարձ հայացք գցելով նախանշված խնդիրների կատարման ընթացքին, Սեյրան Օհանյանը նկատելի համարեց բանակային կյանքի մի շարք ոլորտներում ապահովված որակական առաջընթացը. «Հաջողություններ ենք արձանագրել մարտական հերթապահության իրականացման, հետախուզական հնարավորությունների ընդլայնման, մարտական եւ նյութատեխնիկական խնդիրների լուծման առումով, հատկապես լայն թափ են ստացել ինժեներական աշխատանքները, տարին առանձնահատուկ է եղել դիրքերի ինժեներական կահավորման տեսանկյունից: Մենք ոչ միայն ամրապնդել ենք առաջին գիծը, այլեւ կատարելագործել ենք մեր ունակությունները դիրքերում անցկացված պարապմունքների եւ զորավարժությունների ընթացքում եւ ի զորու ենք անհրաժեշտության դեպքում բարձր մակարդակով օգտագործելու դրանք: Առաջին գծի ամրապնդումը լուրջ հիմքեր է ստեղծում, որ հակառակորդը զերծ մնա ռազմական նկրտումներից եւ մարտական գործողությունների ծավալումից: Ինժեներական կառույցները բացառում են դասական ոճով մարտական գործողությունների վարումը հակառակորդի կողմից, պետք է շարունակենք աշխատանքները 2014թ, որ հակառակորդը չկարողանա միլիմետր անգամ առաջ շարժվել: Հնարավոր մարտական գործողությունների դեպքում նույնիսկ մեկ միլիմետր հող կորցնելու իրավունք չունենք: Մենք պետք է ցանկացած մարտական գործողություն իրականացնենք հակառակորդի դաշտում, այսինքն` պետք է շարժվենք միայն առաջ»:

Անցած տարվա ընթացքում ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը, մեծ աշխատանք է իրականացվել զորակոչի արդարացի կազմակերպման համար. «Կարելի է ասել` այս ոլորտում հեղափոխություն ենք իրականացրել, այժմ գրեթե բացառվում են կոռուպցիոն ռիսկերն ու կաշառակերությունը զորակոչի ընթացքում»:

2013 թ. մշակվել է հավելավճարների համակարգը: Այն հնարավորություն է տալիս ավելացնելու վաշտ-մարտկոց եւ գումարտակ-դիվիզիոն օղակներում ծառայողների հավելավճարները, նաեւ` այն զինծառայողների, ովքեր առաջին գծում իրականացնում են ինժեներական, հետախուզական եւ մի շարք այլ առաջադրանքներ:

Ռազմական կրթության ոլորտում արձանագրված առաջընթացն էլ պայմանավորված է հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով: Անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շնորհիվ էլ բարձրացվել է ղեկավար կազմի ընդհանուր պատրաստության մակարդակը:

Նախարարն անդրադարձավ նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը եւ նշեց, որ համագործակցելով տարբեր երկրների հետ` ընդլայնել ենք մեր մարտական կարողությունները, ՌԴ պայմանավորվածության շրջանակներում էլ` անվտանգության մակարդակը. «Այսօր շատ բարդ ժամանակներ ենք ապրում, բարդ այն առումով, որ անվտանգության միջավայրը մեր տարծաշրջանում փոփոխական է»:

Նախարարն անդրադարձավ նաև ռազմական արդյունաբերության զարգացմանը. «Վերջին տարիներին նկատելի է, որ մեր զինանոցում ավելացել են տանկեր եւ հրետանի, ձեռք ենք բերել նաեւ հեռահար միջոցներ, ընդլայնել ենք մեր հակաօդային եւ հակատանկային պաշտպանության հնարավորությունները, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները հանգեցնելու են նրան, որ չենք զիջելու մեր մրցակիցներին»:

Դրական արդյունքներ են արձանագրվել նաեւ նյութատեխնիկական ապահովման, գնումների, մատակարարման, շինարարության, ֆինանսաբյուջետային պլանավորման ոլորտներում:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


16/01/2014