Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ



1941թ. հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը գերմանական ֆաշիզմի վերմախտը, խախտելով միմյանց վրա չհարձակվելու մասին խորհրդա-գերմանական պայմանագիրը, առանց պատերազմ հայտարարելու, գաղտագողի հարձակվեց ստեղծագործ խաղաղ աշխատանքով զբաղված Խորհրդային Միության վրա։ Սկսվեց 1418 օր ու գիշեր տևած արյունահեղ Հայրենական մեծ պատերազմը, որը միայն մեր հանրապետությունից խլեց մոտ 600 հազար մարդու կյանք, որոնց թվում նաև սևանցիներ։ Դեռևս նոր կազմավորված այս փոքրիկ շրջանից ռազմի դաշտ մեկնեցին ավելի քան 4000 մարտիկներ (49 կանայք), որոնք քաջաբար պայքարեցին գերմանական ֆաշիզմի դեմ և բարձր պահեցին խորհրդային զինվորի պատիվն ու հեղինակությունը, հազարավոր անմոռաց հերոսական էջեր գրեցին Հայրենական մեծ պատերազմի քառամյա տարեգրության ոսկե էջերում։

Սևանի շրջանի Ծովագյուղում ծնվել և իրենց ծանր մանկությունն էին անցկացրել հին բոլշևիկներ Նիկոլայ և Հովհաննես Զանդյան եղբայրները։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նրանք զանազան տնտեսական ու կուսակցական ղեկավար պաշտոններ զբաղեցրին, լրջորեն օգնեցին 11-րդ Կարմիր բանակի զինվորներին Դիլիջանի լեռնանցքով Սեմյոնովկա և Ծովագյուղ մտնելու գործում։

Եղբայրներից Հովհաննեսն ակտիվորեն մասնակցեց Հայրենական պատերազմին։ Խորհրդային զորքերի կողմից գերմանական վերմախտի որջը՝ Բեռլինը, գրավելուց հետո գնդապետ Հովհաննես Զանդյանը նշանակվում և տևական ժամանակ կատարում է Բեռլին քաղաքի զինվորական պարետի դժվարին, պատասխանատու պաշտոնը։

Ծովագյուղում էր ծնվել նաեւ Մաթևոս Կիրակոսի Հակոբյանը (Ակոպով), որ սովորել էր գյուղի երկդասյա դպրոցում, այնուհետև մեկնել էր Բաքու, աշխատել նավթահանքերում, զուգահեռ սովորել և ավարտել էր միջնակարգ դպրոցը, Բաքվի պետական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Այնուհետեւ իրականացնում է իր վաղեմի երազանքը՝ դառնալ զինվորական և ընդունվում է Սարատովի զրահատանկային ուսումնարանը, որից հետո՝ 1931-ին, ավարտում է Լենինգրադի ռազմական ակադեմիան։

Երբ սկսվեց ֆիննական պատերազմը, առաջին օրվանից Մ. Հակոբյանի տանկային զորամիավորումն ստացավ իր առաջին մարտական մկրտությունը։ Ջախջախիչ հակահարված հասցնելով թշնամու գրոհող տանկային միավորմանը՝ խիզախ հրամանատարը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։

Սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։ Կիևի հատուկ զինվորական օկրուգի կազմում կենաց ու մահու պաշտպանական մարտեր էր մղում նաև Մաթևոս հակոբյանի տանկային գունդը, որն աչքի ընկավ առանձնապես Ստալինգրադի հերոսական պաշտպանության օրերին։ Ռազմաճակատում առաջացած վճռական բեկման արդյունքում մեր զորքերը սկսեցին առաջ շարժվել դեպի արևմուտք։ Գնդապետ Մ. Հակոբյանի զորամիավորումը մասնակցեց Մոսկվայի պաշտպանությանը և քաղաք քաղաքի հետևից ազատագրելով՝ հասավ Արևմտյան Պրուսիա։

Գունդը միայն մի մարտում ոչնչացրեց թշնամու 38 տանկ, 1300 զինվոր ու սպա, 100-ից ավելի թնդանոթ, ռազմամթերքի երկու պահեստ և այլն։ Այդ օրերին նրա անունն ու սխրանքը ռազմաճակատային բազմաթիվ թերթերի հիմնական նյութն էին։ Կալինինի (Տվեր) ռազմաճակատային թերթը գրում էր. «Ռժևի ուղղությամբ գործող գնդապետ Ակոպովի տանկային գումարտակը պատվով է կատարել իր մարտական առաջադրանքը, նաև կռվի նետվել ամենադժվարին տեղում և գործել աներկյուղ, ջախջախիչ հարված հասցրել թշնամուն։ Դրա համար էլ մարտիկները հրամանատարի տանկն անվանել են «Դյուցազն»։ Այն բարձունքում, որտեղ հակառակորդն ուներ ինժեներական ուժեղ ամրություններ, ծխի ու փոշու միջով առաջ շարժվող «Դյուցազնը» քանդեց այդ ամրությունները։ Քյոնիքսբերգ (Կալինինգրադ) քաղաքի մատույցներում գերմանացիներն ստեղծել էին պաշտպանական հզոր կառույցներ։ Այդ բնագծի գրոհին մասնակցելու և ակնառու հաջողությունների համար գումարտակի հրամանատար, գնդապետ Մաթևոս Հակոբյանը պարգևատրվեց Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով, որը նրա մարտական յոթերորդ շքանշանն էր։ Հենց Քյոնիքսբերգի ռմբակոծության ժամանակ էլ ողնաշարից ծանր վիրավորվեց խիզախ հրամանատարը և մեկընդմիշտ գամվեց անկողնուն։ Նա զինվորական փառավոր ուղի անցավ, ցուցաբերեց խիզախության բազում օրինակներ։ Նրա մարտական ուղուն է նվիրված «Մարդը զրահի մեջ» գիրքը։

Շարունակելի

ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Պատերազմի և աշխատանքի վետերանների Սևանի համայնքային
խորհրդի նախագահ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Պատմության էջերից


23/01/2014