ԹՇՆԱՄԻՆ ՍՈՒՍ Է ԱՆՈՒՄ, ՊԱՊԱՆՁՎՈՒՄ…
Ես երջանիկ էի, ես վայելում էի Արցախ աշխարհի ամենասիրուն, ամենաքաջ տղամարդու սերը։ Հաղթահասակ էր, քաջազուն, հաղթաբազուկ։ Թիկունքում երեք տղամարդ կարող էին պատսպարվել։ Երբ բարկանում էր՝ անխոս սեղմում, ջարդուփշուր էր անում ձեռքի բաժակը, և ամեն ինչ հասկանալի էր։ Դուրս էր գալիս դիրքեր ու իր հաղթանդամ հասակով կանգնում էր թշնամու դեմ, որը վախից պապանձվում, սուս էր անում…
Դա իմ ամուսինն էր՝ Արկադյա Սարգսի Ներսիսյանը։ Ծնվել, մեծացել էր Հարությունագոմեր գյուղում։ Սարգիս հայրը Հայրենական մեծ պատերազմից հետո ուսուցչություն էր անում գյուղում։ Երկուսիս էլ դաս էր տալիս։ Ես երկու դասարան ցածր էի Արկադյայից։ Ինձ հենց դպրոցական տարիներից էր հարսնացու ընտրել։ Ամուսնացանք, ունեցանք երեք զավակ՝ Նվեր, Նախշուն, Նորիկ։ Սկսվեց Արցախյան ազատամարտը։ Երբ մեր գյուղն անցավ թշնամու ձեռքը, Արկադյան որոշեց ինձ երեխաների հետ Հայաստան ուղարկել։ Նվերը 7 տարեկան էր, Նախշունը՝ 6, իսկ Նորիկը՝ 2։ Դա 1992-ի հուլիսի 1-ն էր։ Հրաժեշտին համբուրեց երեխաներին, Նախշունին ասաց.
-Իմացիր ում աղջիկն ես, հանկարծ քո արարքներով եղբայրներիդ անվան հետ չխաղաս։ Կսովորեք, կիրթ մարդիկ կդառնաք,- այսպես ասաց երեխաներիս։
Հետո մատից հանեց մեր ամուսնական մատանին, տվեց ինձ.
-Հենց նեղության մեջ կընկնես՝ կվաճառես, չթողես երեխեքը նեղություն կրեն։
Հուլիսի մեկին մեզ ճանապարհեց, հուլիսի 8-ին զոհվեց։ Երևի սիրտը կանխազգացել էր։
Ամուսնու մահից հետո ընտանիքի մայրն աշխատել է օրնիբուն, որպեսզի երեխաները քաղցած չմնան, խեղճ չմնան, և ամենակարևորը՝ ուսում ստանան։ Արկադյայի կենդանության ժամանակ նրան ճանաչում էին որպես համեստ, քչախոս, ամաչկոտ մի հայուհու։ Տիկին Սուսաննան փոխվել էր.
-Դուք պետք է սովորեք, գրագետ մարդիկ դառնաք, էնպես չլինի, որ ասեն՝ խեղճ են, անհեր։ Ամեն քայլափոխի մտածեք, թե ում երեխեքն եք,- այսպես էր ասում մայրն ու աշխատանքից հետո տանը ժինգյալով հաց էր թխում, հանձնում, որ տունը տաք լինի, երեխանց ուսումի փողը չպակասի։ Թե հարկ էր լինում՝ կացինը ձեռքն էր վերցնում ու անտառից չորացած ցախ էր տուն հասցնում։
-Մեծ տղաս՝ Նվերը, զինվորական է դարձել, աղջիկս՝ Նախշունը՝ նույնպես, Նորիկս՝ Մոսկվայի տնտեսագիտականի ուսանող է։
Ես ասել եմ, Նվե՛ր ջան, դու գեներալ պիտի դառնաս, որ գնալուց Արկադյային այդ լուրը տանեմ։ Նախշուն ջան, նույնը դու, պիտի լավ մայր, լավ հայուհի լինես։ Նույնը Նորիկիս՝ կիրթ, հայրենասեր քաղաքացի, որ գնալուց ամուսնուս՝ Արկադյային պատմեմ, թե ինչ երեխաներ ունի։ Ասեմ, որ Նվերս էլ, ինչպես ինքը, երբ դիրքեր է բարձրանում՝ թշնամին սուս է անում, պապանձվում է…
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Հոգևոր-մշակութային