Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ



Նկարում՝ ձախից Ժիրայր Սարգսյան, Հովսեփ Սարգսյան, Վարդգես Մխիթարյան, Պետրոս Ղեւոնդյան (Պետո)

Ժիրայր Հայկազի Սարգսյանը ծնվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում: Գյուղի սասունցի մեծերից, իր ծնողներից լսած պատմությունները անմոռաց տարեթվեր, դեպքեր էին դրոշմել նրա հոգում, և նա տարիների հետ դրանք այնպես էր պատմում, վերհիշում այդ օրերը, ասես ինքն էր ականատեսը: Տարիներ անց, երբ Ժիրայրն արդեն դուրս էր եկել հայոց ազատամարտի և իր կռիվն էր մղում հայրենի սահմաններին, ու երբ ազատագրված Արցախի անկախության օրը պետականորեն հաստատվեց սեպտեմբերի 2-ը, նա հպարտությամբ ասում էր` «Սեպտեմբերի 2-ը նաև իմ ծննդյան օրն է, ինչ իմանաս, որ 1959-ին այդ օրը ինձ համար նախանշված չի եղել»:

Երբ սահմաններում սկսվեցին ադրբեջանցիների ոտնձգությունները, Ժիրայրի առաջին գործը եղավ այն, որ ընկերների հետ սահմանամերձ բնակավայրեր տեղափոխեց հակակարկտային հրանոթները, որոնք արդեն մատնված էին անգործության: Նա լավ գիտեր, որ թշնամին հենց այնպես չի զիջելու ոչ մի թիզ հող և անցնելու է հարձակման: Իսկ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանությունը կարևորագույն խնդիր էր նրա համար: Հետո Թալինի ջոկատի տղաների հետ մեկնեց Շահումյան, այնուհետև Բերդաձոր, որտեղ խաղաղ բնակչությունը օգնության ձեռքի էր կարոտ: 1992-ին անդամագրվեց Շուշիի գումարտակին եւ մինչև պատերազմի ավարտը մասնակցեց Մարտունու, Մարտակերտի, Ֆիզուլու, Քարվաճառի ազատագրական մարտերին:

Ժիրայր Սարգսյանի մարտական կենսագրության մեջ նշված են բնակավայրեր, որոնց ազատագրման համար նա պայքարել է իր ընկերների հետ: Ու երբ ընկերները պատմում են նրա քաջագործություններից, ափսոսում ես, որ չես տեսել նրան, չես լսել նրա խոսքը, և որքան ծանոթանում ես նրա կենսագրությանը, այնքան մեծանում է ափսոսանքը:

«Շուշիի հարձակումից առաջ, ապրիլին, Ժիրոն ու ոսկեթասցի Վարդանը հետախուզության համար չորս օր մնացին Շուշիում: Երբ վերադարձան, ծիծաղելով պատմում էին, որ շատ ապահով են եղել, որովհետև թաքնված են եղել մզկիթում»:

«Լիսագորում, երբ թշնամու տանկը սլանում էր մեզ վրա, ու ճար ու հնար չկար, մեկ էլ Ժիրոն պոկվեց դիրքերից ու երկկողմանի կրակի տակ սլացավ դեպի տանկը: Բարձրանալով տանկի վրա` նա զինվորական բաճկոնով փակեց հրեշի դիտանցքը, և տանկը տեղում պտտվելով՝ կանգ առավ, որովհետև կողքը անդնդախոր ձորն էր, ու անձնակազմին ոչինչ չէր մնում անելու, քան հանձնվելը»:

«Գումարտակի «Կամազը» փչացել էր: Պետոն (Պետրոս Ղևոնդյան) անտրամադիր էր, հաջորդ օրը կարևոր մարտական առաջադրանք պետք է կատարեին, և առանց փոխադրամիջոցի դա անհնար կլիներ: Հանկարծ Ժիրոն մոտենում է Պետոյին ու ասում, որ առավոտյան «Կամազը» սարքին վիճակում կլինի: Պետոն չի զարմանում, Պետոն ուրախանում է, որովհետև խոսքն ասել էր Ժիրայրը, ու նրանք իրար ճանաչում էին դեռ պատերազմի առաջին օրերից:

Կեսգիշերն անց Ժիրոն Արագած Մկրտչյանի (Բոնդո) հետ մոտենում է թշնամու դիրքերին, որից երեսուն մետր հեռավորության վրա կանգնած էր «Կամազը»: Բոնդոն գնդացրով դիրքավորվում է կողքի բլրակին, իսկ Ժիրայրը անհրաժեշտ գործիքներով մոտենում է մեքենային: Առավոտյան արդեն մեր փոխադրամիջոցը սարքին վիճակում էր, իսկ դիմացի դիրքերից լսվում էր թշմանու աղաղակը»:

Բոնդոն պատմում է. «Անվեհեր էր, քաջ ու համառ, ինչպես բնորոշ է մեր էպոսի հերոսներին` ծռություն, խենթություն կար մեջը: Որտեղ Ժիրոն մասնակցում էր կռվի, գիտեինք, որ նրա կատարած քաջության, սխրանքի հետ նաև խենթություն պիտի լինի: Շուշին գրավելիս երկու ոտքից ծանր վիրավորվեց»:

Ժիրայրի երեք աղջիկներն էլ՝ Անին, Աննան, Նաիրան ամուսնացել են: Ժիրայրի Զաբել մայրը կարոտով ու թախիծով է պատմում իր ազատամարտիկ որդուց, պատմում է այնպես, ինչպես կպատմեին հայոց ֆիդայիներից: Այդ պատմությունները նման են ասք ու լեգենդի:

Ժիրայրը մահացավ խաղաղ պայմաններում` 2007 թվականի դեկտեմբերի 19-ին, մահացավ հին պատերազմական վերքերի մրմուռից: Ընկերներից ոմանք ասում են, որ իրականում նա զոհվեց, ոչ թե մահացավ: Իսկ ես կարծում եմ, որ նա ծնվեց երկնային կյանքի համար:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նկարում՝ ձախից Ժիրայր Սարգսյան, Հովսեփ Սարգսյան, Վարդգես Մխիթարյան, Պետրոս Ղեւոնդյան (Պետո)

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


23/01/2014