Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՊԿ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԸ 10 ՏԱՐԵԿԱՆ Է



2014 թվականի հունվարի 1-ին լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի գործունեության տասնամյակը: ՀԱՊԿ Միացյալ շտաբն ստեղծվել է ՀԱՊԿ Խորհրդի որոշմամբ և մշտապես գործող մարմին է, որը պատասխանատու է Պայմանագրի ռազմական մասը կազմող որոշումների նախապատրաստման և իրագործման համար: Միացյալ շտաբում ներկայացված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Տաջիկստանի Հանրապետությունը և Ուզբեկստանի Հանրապետությունը:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի խնդիրներն են` հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժերի ձևավորումն և գործունեությունը, ինչպես նաև` ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունների հետ հավաքական անվտանգությանն ուղղված օպերատիվ և ռազմական պատրաստության համատեղ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

Ներկայումս ստորագրված են շուրջ երեսուն միջազգային պայմանագրեր, որոնք անմիջապես կարգավորում են Պայմանագրի ռազմական ոլորտի համագործակցությունը: Ռազմական հարցերի շուրջ կայացվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ավելի քան 30 և ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ավելի քան 20 որոշումներ:

ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվել և գործում են.

– Հավաքական անվտանգության Արևելաեվրոպական տարածաշրջանում Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խմբավորումը,

– Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորումը,

– Հավաքական անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ ծավալման հավաքական ուժերը (ԱԾՀՈւ), որոնք նախատեսված են ագրեսիայի դիմակայմանը մասնակցելու, համատեղ համազորային, հակաահաբեկչական և հատուկ գործողությունների համար,

– ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (OԱՀՈւ), որոնք ստեղծվել են որպես ՀԱՊԿ անդամ-երկրների անվտանգությանն սպառնացող ժամանակակից մարտահրավերներին և վտանգներին արձագանքելու բազմակողմանի մեխանիզմ,

– ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են ռազմական, ոստիկանական և քաղաքացիական անձնակազմերը` նախատեսված խաղաղասիրական խնդիրների իրագործման համար,

– Արևելաեվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև ՌԴ և Ղազախստանի միջև հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգը:

ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերում ձևավորվել է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման համակարգ: 2004 թվականից Միջինասիական տարածաշրջանի ՀԱՊԿ ԱԾՀՈւ-ի հետ պարբերաբար անցկացվում է «Սահմանագիծ» զորավարժությունը, 2009 թվականից (ՀԱՊԿ ՕԱՀՈւ-ի մասնակցությամբ)` «Համագործակցում», 2012 թվականից (խաղաղապահ զորքերի մասնակցությամբ)` «Անխախտելի եղբայրություն» զորավարժությունները: Բացի այդ, ՀԱՊԿ Միացյալ շտաբը իրականացնում է օպերատիվ հավաքներ, շտաբային վարժանքներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ:

Արդի մարտահրավերների և վտանգների բնույթը ենթադրում է քաղաքական որոշումների ընդունման նոր պահանջներ, որոնք կապված են հավաքական անվտանգության շահերից բխող ռազմական ուժի կիրառման հետ: Ըստ այդմ` ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարությունները մեծ ուշադրություն են դարձնում Միացյալ շտաբի գործունեության կատարելագործմանը, լուծվող խնդիրների արդիականացմանը, կազմակերպության շրջանակներում համակարգող դերի ուժեղացմանը: Այդ միջոցառումները Միացյալ շտաբին հնարավորություն են տալիս արդյունավետ լուծելու ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման խնդիրները:

10-ամյակի կապակցությամբ հանդես է եկել ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա.Ստուդենիկինը.

«Սրտանց շնորհավորում եմ Միացյալ շտաբի գործունեության 10-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ ամուր առողջություն, խաղաղություն, բարեկեցություն և ՀԱՊԿ ամդամ երկրների հավաքական անվտանգության ապահովման գործում հետագա հաջողություններ», – նշել է նա:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրն ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վերացնում են իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-րդ հոդվածով, որի համաձայն՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև` ռազմական, ինչպես և ցուցաբերում են օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով: 1999թ. Հայաստանն ստորագրեց նաև Պայմանագրի երկարաձգման մասին Արձանագրությունը:

2002-ին Պայմանագիրը փոխակերպվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության, որի գործունեության հիմնական հարթություններն են` անդամ պետությունների արտաքին քաղաքականության համադրումը, ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցությունը և ժամանակակից սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելը:

ՀԱՊԿ մարմիններն են` Հավաքական անվտանգության խորհուրդը (պետությունների ղեկավարների ձևաչափ), ՀԱՊԿ արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդը, ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովը: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը հանդիսանում է ՀՀ անվտանգության ապահովման համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը:

Ա.ՊՐԱԶՅԱՆ
գնդապետ
ք. Մոսկվա ՀԱՊԿ Միացյալ շտաբ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ռազմաքաղաքական


23/01/2014