ՆՈՐ ԴԻՎԵՐՍԻԱՅԻՆ` ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ
Հակառակորդի արկածախնդրության ցանկացած փորձ կկանխվի
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23։50-ից մինչեւ 00։15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ–րեւելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։
«ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության եւ հակառակորդին պատճառելով զգալի մարդկային եւ նյութական կորուստ` հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից` հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արմեն Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրությունում։
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Հունվարի 20-ին Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումը գնահատել են որպես սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականության հերթական դրսեւորում եւ այս շաբաթ ծրագրված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։
Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին եւ լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին։ Այդ մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններով։
Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին եւ լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ջանքերին` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի հերթական կոպիտ խախտումը, որը հանգեցրել է արյունահեղության, պետք է միջազգային հանրության կողմից արժանանա համապատասխան գնահատականի եւ վճռական դատապարտման»,-ասվում է հայտարարության մեջ։
«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպման նախօրեին Ադրբեջանը դիմում է անթույլատրելի արարքի, ինչը հերթական հարվածն է հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին,- հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։- Ռազմական դիվերսիայի նման փորձերն Ադրբեջանի ղեկավարության հայատյաց քաղաքականության արդյունքն են, եւ միջնորդ երկրները պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն այսկերպ սպառնալիքի տակ է դնում հակամարտության խաղաղ հանգուցալուծումը»։
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, իր ցավակցությունը հայտնելով երիտասարդ զինվորի, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին ու հարազատներին, վստահություն է հայտնել, որ ինչպես վերջին նման սադրանքների դեպքում, այս անգամ եւս հայկական կողմը մի քանի անգամ գերազանցող հարվածով կպատասխանի հակառակորդին։
Նա հերթական անգամ կարեւորել է միջազգային հանրության դիրքորոշումը եւ որ, ի վերջո, գնահատականներ հնչեցվեն կոնկրետ հասցեատիրոջը. «Նաեւ կարող եմ ասել, որ տեսանելի է քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ միջազգային հանրության եւ համանախագահների վերաբերմունքի մեջ դրսեւորվող փոփոխությունը։ Սակայն օր առաջ անհրաժեշտ է գնահատական տալ, ձերբազատվել հավասարազոր, ստանդարտ ձեւակերպումներից, ինչպես, օրինակ` «կողմերին կոչ ենք անում» եւ այլն, փոխարենը` անցնել ավելի հստակ, յուրաքանչյուրի դերակատարությանը կամ գործողությանը լիարժեք որակում տալու գործելաոճին, որը, կարծում եմ, ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, քան կեղծ դիվանագիտություն բանեցնելը»։
-Հայկական կողմը թշնամու նման գործողությունները երբեք անպատասխան չի թողնում։ Այս անգամ էլ սադրանքն անպատիժ չի մնա։ Հայաստանի հետ սահմանում հանգիստ է, եւ հայկական զինված ուժերը ոչ միայն վերահսկում են իրավիճակը, այլեւ հանդիսանում են թելադրող,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` փաստը, որ թշնամին չի կարողացել ներթափանցել երկրի խորքը եւ հակահարված ստանալով նահանջել է, արդեն պատասխան է նրանց։ Սակայն դրանով հայկական զինված ուժերի կողմից պատիժը չի ավարտվի, եւ հայկական կողմը ադրբեջանական արկածախնդրության առնչությամբ կկայացնի սառնասիրտ որոշում։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը ասել է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը նահանջելուց առաջ հարձակման ենթարկված մարտական հենակետերում քարտեզներ, զինամթերք, տեխնիկա, պաշտպանական միջոցներ են թողել։
Հավելենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով, ադրբեջանական կողմը 3-4 կորուստ է ունեցել, նաեւ վիրավորներ, սակայն հայկական կողմը վերջիններիս հնարավորություն է տվել սպանվածներին ու վիրավորներին դուրս բերելու չեզոք գոտուց։
«Դիվերսիայի հիմքում, անկասկած, պետք է տեսնել ռազմաքաղաքական բաղադրիչը եւ քաղաքական նկատառումը»,- այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նրա խոսքերով` հերթական անգամ ականատեսն ենք լինում այն երեւույթի, որ կարեւոր դիվանագիտական միջոցառումներից առաջ ադրբեջանական կողմն իր դեստրուկտիվ դիրքորոշումը ի ցույց է դնում։
Դիվերսիոն գործողությունից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդամենը հերթական անգամ ընդհանրական կոչով հանդես կգան եւ փոխվստահության մասին հայտարարություններ կանեն։ Իհարկե, ենթատեքստով խոսքը կվերաբերի Ադրբեջանին, սակայն հայտարարության մեջ Ադրբեջանի անունը, ցավոք, չի լինի, եւ հայտարարությունը կտարածվի երկու կողմերի վրա էլ։ Բնական է, որ այս իրավիճակը չի կարող նպաստել դրական առաջընթացին։ Նման տեսակետ է հայտնել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը` հավելելով, որ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հունվարին սպասվող, իսկ հետո նաեւ երկու երկրների նախագահների հանդիպումից սպասվող միակ ակնկալիքն այն է, որ սահմանի ողջ երկայնքով հետաքննության մեխանիզմ ներդրվի եւ իրականացվի։
«Նման գործողությունից հետո ամեն անգամ անհնար է փորձել դրանից թաքնվել, դրա պատասխանատվությունից խուսափել։ Միակ լուծումը հետաքննության մեխանիզմի ներդրումն է, որն առաջարկել են համանախագահները, սակայն Ադրբեջանի դիրքորոշումների տատանման եւ անկայունության պատճառով դա չի հաջողվում։ Երբ կա մարդկային կյանքերին սպառնացող վտանգ` բանակցությունների արդյունավետությունը միշտ կլինի հարցականի տակ։ Կարծում եմ, սա հասկանում են նաեւ համանախագահները»,- ասել է Կարեն Բեքարյանը։
Հայկական դիվանագիտությունը պետք է համապատասխան գնահատական տա ադրբեջանական սադրանքներին, եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պետք է հայտարարի, որ հրաժարվում է առաջիկայում կայանալիք հանդիպումից։ Նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` հավելելով, որ դիվերսիոն հարձակումն իրականացվել է «ի պատիվ» շուտով կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման, եւ նման ճանապարհով Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ հետաքրքրված չեն բանակցային գործընթացով եւ խնդրի լուծման համար կդիմեն այլ, ընդհուպ ռազմական գործողությունների։
Քաղաքագետի ներկայացմամբ` ամեն անգամ ներելով ադրբեջանական սադրանքներն ու թույլ տալով, որ դիվերսիոն հարձակումները գործնական ազդեցություն չունենան բանակցային գործընթացի վրա` հայկական կողմը հող է նախապատրաստում հետագա նման սադրանքների համար։ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հավելել է, որ սադրանքներն ուղղված են ոչ միայն հայկական պետությունների, այլեւ Մինսկի խմբի դեմ։
«Ժամանակն է հրաժարվելու ամեն ինչին հավասար դիրքերից նայելու ու բոլորին հավասար քննադատելու քաղաքականությունից։ Քանի դեռ Մինսկի խմբի համանախագահները չեն գիտակցում, որ եկել է իրերն իրենց անուններով կոչելու եւ բանակցությունների ընթացքը խաթարող կողմին մեղադրելու ժամանակը` ապա վտանգը, որ ԵԱՀԿ ՄԽ առաքելությունը կձախողվի` բավական մեծ է»,- նշել է քաղաքագետը։
Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական