Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ 1-ԻՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ



2014 թ. նոր ուսումնական տարվա մեկնարկին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որին մասնակցում էին 1-ին բանակային զորամիավորման, Զանգեզուրի կայազորի զինդատախազության, Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության, Սյունիքի մարզի զինկոմիսարիատների ղեկավարությունն ու սպայակազմը, մարզպետարանի ներկայացուցիչներ՝ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ:

Ս.Օհանյանը նախ ամփոփեց անցած տարում բանակում կատարված աշխատանքը՝ հետադարձ հայացք գցելով մեր անցած ճանապարհին, մատնանշեց առկա խնդիրները, կարևորեց վաշտ-մարտկոց օղակները՝ որպես ուսուցման ու դաստիարակության կենտրոններ:

– Մեր նպատակներից մեկն էլ այն է, որ 1-ին գծում ձեռք բերված ահռելի փորձն ու հմտությունը պարապմունքների, մարզումների, զորավարժությունների ընթացքում զարգացնենք, հասցնենք որակական նոր մակարդակի: ԶՈՒ յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է կարողանա մարտական հերթապահության իրականացումից անցնի մարտական խնդիրների կատարման: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտի հարուստ փորձը, կարելի է ասել, որ դա առանձնապես դժվար չէ,- ասաց նախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին` նա նշեց, որ Հայաստանն ամեն ինչ անում է խնդրի խաղաղ լուծման համար: Այդուհանդերձ, եթե հակառակորդը փորձի վերսկսել մարտական գործողությունները, ապա տարածաշրջանում տնտեսական ու քաղաքական շահեր ունեցող գերտերությունների արագ արձագանքման շնորհիվ ռազմական գործողությունները կարող են դադարեցվել: «Իմ համոզմունքը մեկն է՝ որտեղ գծենք մեր սահմանը, այն անվերապահորեն մերը կլինի,- ասաց նախարարը:- Տարածքի կորստի մասին մտածելն իսկ անհարկի է, պատերազմի դեպքում ողջ ռազմական գործողությունները ամբողջությամբ կտեղափոխվեն հակառակորդի դաշտ: Մեր սկզբունքն է՝ «Միա՛յն առաջ»:

Պատրաստեց Վ.ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (1020) 23.01.2014 – 29.01.2014, Ազգային բանակ


23/01/2014