ԻՍԼԱՄԱԿԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻԶՄ
XXI դարում կրոնական ծայրահեղությունը դարձել է լրջագույն մարտահրավեր` լինելով ոչ միայն մարդկության բնականոն զարգացման հիմնական արգելակներից մեկը, այլ նաև` անվտանգության լուրջ սպառնալիք: Մեր օրերում միջազգային հանրության առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը իսլամական ծայրահեղությունն է, մանավանդ նրա քաղաքականացված տարբերակը:
Միջազգային հանրության համար ներկայումս առավել մտահոգիչ է դառնում այն հանգամանքը, որ ոչ իսլամական պետությունների խոշոր մահմեդական համայնքները պահանջում են համամասնական ներկայացվածություն տեղական կառավարման մարմիններում, հավասար իրավունքներ, երբեմ էլ նույնիսկ՝ իսլամական որոշ ավանդույթների ներմուծում: Եվրոպական որոշ երկրների մարդասիրական օրենսդրությունները ազատ գործելու հնարավորություն են տալիս մահմեդականների տարբեր կառույցներին: Այն դեպքում, երբ կրոնական համայնքին որևէ արտոնություններ տալը ինքնին խաթարում է տվյալ պետության աշխարհիկությունը:
Մահմեդական համայնքները մեծամասամբ ֆինանսական և քաղաքական լուրջ աջակցություն են ստանում իսլամական երկրներից, որոնք վերջիններիս դիտարկում են որպես ոչ միայն արևմտյան երկրներում իրենց հետաքրքրությունները ներկայացնողների, այլ նաև «իսլամական համերաշխություն» գաղափարախոսության հիմնական կրողների: Իսլամական այսպիսի «գերտերություններից» են առաջին հերթին Թուրքիան և Սաուդյան Արաբիան, որոնք փորձում են օգտագործել Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ մահմեդական համայնքները` որպես իրենց ազդեցության գործակալների:
Միաժամանակ, իսլամական երկրներում խորանում է պատմականորեն ձևավորված «նեղացածությունը» քրիստոնեական գերտերություններից, մանավանդ որ իշխող վերնախավը երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդությունների համար հաճախ մեղադրում է արևմտյան երկրներին` չցանկանալով ընդունել սեփական սխալները: Նման պայմաններում մահմեդական բնակչության շրջանում ավելի է արմատավորվում այլադավանների նկատմամբ հակակրանքը և ուժգնանում ցանկությունը «մաքրազերծվել» օտարերկրյա ազդեցությունից, ինչն իսլամական ֆունդամենտալիզմի հիմնաքարերից մեկն է:
ՊԱՆԻՍԼԱՄԻԶՄ
Ձևավորման ընթացքում իսլամն իր մեջ ներառեց ոչ արաբական աշխարհի նկատմամբ բացասական վերաբերմունքի որոշ տարրեր, նոր կրոնը փոխարինվեց բազմաստվածությամբ ու հիմնվեց կրոնի վրա խարսխված միասնական պետություն: Ժամանակի ընթացքում այն վերածվեց բարդ համակարգի` փիլիսոփայա-աստվածաբանական (քալամ) և իրավական (շարիաթ) հենքով: Բայցևայնպես, բազմաթիվ բաղադրիչներով մահմեդականությունը շատ մոտ է քրիստոնեությանը և հուդայականությանը: Թեև մահմեդականության պահպանողական, հետադիմական բնույթը հանգեցրել է մահմեդական Արևելքի տնտեսական և մշակութային հետամնացության, բայցև, որպես ունիվերսալ գաղափարախոսություն, նպաստել է նաև ազգային-ազատագրական շարժումների աշխուժացման, որը XIX դարից դրսևորվեց պանիսլամիզմի տեսքով:
Պանիսլամիզմի հիմքում ընկած է մեկ կրոնապետական առաջնորդի (խալիֆա) իշխանության ներքո իսլամ դավանող բոլոր ժողովուրդների քաղաքական միավորումը: Այդ ուսմունքի առաջին քարոզիչը Ջամալ ադ դին ալ-Աֆղանին էր (1838-1897թթ), որի նպատակն էր ստեղծել մահմեդականների ընդհանուր միություն: Պանիսլամիզմը լայն տարածում գտավ Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդի օրոք և դրվեց պետական քաղաքականության հիմքում: Սուլթանի ազդեցությամբ պանիսլամիզմն սկսեց մերժել ազգերի ինքնուրույնությունը, ատելություն բորբոքել ոչ մահմեդական ժողովուրդների նկատմամբ: Երիտթուրքական կառավարությունն էլ պանիսլամիզմը ծառայեցրեց արաբական ժողովուրդների ազատագրական շարժումը կանխելու և ճնշելու նպատակով: Ներկայումս Սաուդյան Արաբիան և Թուրքիան պանիսլամիզմը իբրև ազդեցիկ գործոն փորձում են օգտագործել իսլամական աշխարհում իրենց դիրքերն ամրապնդելու համար: Միաժամանակ պանիսլամիզմը էապես տարբերվում է իսլամական ֆունդամենտալիզմից:
ԻՍԼԱՄԱԿԱՆ ՖՈՒՆԴԱՄԵՆՏԱԼԻԶՄ ԵՒ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Իսլամական ֆունդամենտալիզմը կրոնական ուղղություն է, որը պահանջում է վերադարձ դեպի Մուհամեդ մարգարեի (570 -632թթ) և նրա հետնորդների` «բարեպաշտ խալիֆների» օրոք գոյություն ունեցող իսլամին: Հաճախ «իսլամական ֆունդամենտալիզմ» անվան տակ միավորվում են տարբեր շարժումներ և ուղղություններ` չափավորներից սկսած վերջացրած ծայրահեղականներով, ինչպես նաև ընդունված է համարել, որ ֆունդամենտալիզմը Արևմուտքից իսլամական աշխարհ ներմուծվող քաղաքական և սոցիալական գաղափարների նկատմամբ պահպանողական հակազդեցությունն է: Արևմուտքում երկար ժամանակ գերակշռեց այն տեսակետը, թե ֆունդամենտալիզմի հետևորդները քրիստոնեական արժեքների ոխերիմ թշնամիներն են, մանավանդ, երբ նրանց գործունեությունը զուգորդվում է բռնությամբ, և առկա է համաիսլամական դավադրություն, որի նպատակն է խաթարել գործող իրավակարգը և փոխել համամարդկային արժեքները: Իրականում իսլամական ֆունդամենտալիզմի չափավոր դրսևորումը գրեթե չի տարբերվում քրիստոնեական և հուդայական ֆունդամենտալիզմից` բացառելով որևէ ֆիզիկական բռնություն: Չափավոր ֆունդամենտալիզմի օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետության պետական գաղափարախոսությունը:
VIII դարում որպես իսլամի սկզբնական դոգմաների պահպանման շարժում ձևավորվեց ֆունդամենտալիզմի ավելի ծայրահեղական ուղղություն` սալաֆիականությունը, որի հետևորդները մերժում էին բոլոր նորարարությունները և կոչ անում ապրել «բարեպաշտ նախնիների» կյանքով` հետևելով միայն Ղուրանին և Սուննաներին: Նրանց կարծիքով` մահմեդականները պետք է վերադառնան կրոնապետությանը և հետևեն միայն «Ալլահի օրենքի» (շարիաթ) չափանիշներին: Նրանք մեղադրում էին սունիներին և շիաներին հերետիկոսության համար, պնդելով, թե վերջիններիս պատճառով մահմեդական համայնքը հայտնվել է հոգևոր և սոցիալական ճգնաժամում: Նրանք նաև մերժում էին մահմեդական որևէ աշխարհիկ պետություն և աշխարհիկ օրենքներ, առավել ևս` եթե դրանք չէին բխում Ղուրանից:
Ֆունդամենտալ իսլամականների նոր և ծայրահեղական ուղղություններից է վահաբիզմը, որը ծագելով Արաբական թերակղզում XVIII դարում՝ դարձավ Սաուդյան տոհմի պաշտոնական կրոնաքաղաքական գաղափարախոսությունը: Թեև ուսմունքի հիմնադիրն է Մուհամեդ իբն Աբդ ալ Վահաբը, բայց նրա հետնորդներն իրենց համարում են սալաֆիականների ժառանգները: Վահաբիզմը նպաստեց Սաուդյանների իշխանության ներքո Արաբական թերակղզու մեծ մասի միավորմանը, խթանեց ազգային-ազատագրական պայքարը Հնդկաստանում, Հյուսիսային Կովկասում: Վահաբականները նախընտրում են շարիաթի նորմերի և ուժի վրա կենտրոնացած կրոնապետություն և իսլամի տարածում այլադավանների միջավայրում բոլոր եղանակներով։
Վահաբականները գիտակցելով, որ հավատքի ամրապնդման համար հարկավոր է նաև նյութական աջակցություն, հանդես են գալիս նաև սոցիալական հավասարության, մահմեդական եղբայրության նշանաբառերով։
Ի տարբերություն սալաֆիականների` վահաբականները գտնում են, որ իրենց առաքելությունն է պայքարել նաև իրենց հավատակից եղբայրների դեմ, ովքեր շեղվել են ճշմարիտ կրոնից: Նրանք զերծ չեն մնում ոչ միայն իրենց գաղափարական հակառակորդների նյութական արժեքները ոչնչացնելուց, այլ նաև չեն խորշում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, և ժամանակի ընթացքում արդարացրին ահաբեկչական ցանկացած բնույթի գործողություն թե ոչ մահմեդականների և թե իրենց ուսմունքը չկիսող հավատակիցների նկատմամբ: Դրանով իսկ իսլամական այս ֆունդամենտալիստների ահաբեկչական գործունեությունն ուղղորդվեց ոչ միայն Արևմուտքի դեմ:
Առավել ծայրահեղական կազմակերպություններից է «Մահմեդական եղբայրները», որը ձևավորվել է Եգիպտոսում 1929թ. և հանդես է գալիս որպես կրոնը պետությունից տարանջատելու հակառակորդ և շարիաթի վրա հիմնված կրոնապետության պաշտպան: 1948 թ. նրանք սպանեցին Եգիպտոսի վարչապետ Նուկրաշի փաշային, այնուհետև մահափորձ իրականացվեց նախագահ Նասերի, եգիպտական այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ժամանակի ընթացքում որպես քաղաքական ուժ «Մահմեդական եղբայրները» տարածվեցին Սիրիայում, Ալժիրում, Պակիստանում, Սուդանում և Լիբանանում, միաժամանակ արգելվեցին մի շարք երկրներում, առաջին հերթին` հենց Եգիպտոսում, որտեղ նրանք ժամանակավոր իշխանության եկան 2012-2013 թվականներին:
Իր հերթին վահաբիստական շարժումը մեծ թափ հավաքեց XX դարի վերջին Աֆղանստանում, քաղաքականապես անկայուն իսլամական որոշ երկրներում, իսկ 1988-ին ձևավորվեց վահաբական ամենահայտնի միջազգային կազմակերպությունը` «Ալ Քաիդան», որն ի սկզբանե հանդես եկավ ահաբեկչական գործողություններով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հովանավորությամբ վահաբականները արմատավորվում են նաև Ադրբեջանում:
ԻՍԼԱՄԻՍՏ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ
Վահաբիստական կազմակերպությունների ու Ադրբեջանի միջև կապը սկիզբ է առել դեռևս 1990-ականներին, երբ ադրբեջանական բանակը նահանջում էր` անհաջողություն և կորուստներ կրելով: Փորձելով փրկել իրավիճակը` ադրբեջանական ղեկավարությունը Հեյդար Ալիևի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում ներգրավեց ծայրահեղական իսլամիստ վարձկան մարտիկների` Գուլբեդդին Հեքմաթիյարի խմբավորումից, ինչպես նաև՝ Թուրքիայից` «Գորշ գայլերին» և այլն, Չեչնիայից` Բասաևի, Ռադուևի խմբավորումները: Չնայած հազարավոր վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությանը պատերազմին ադրբեջանական բանակի ագրեսիան ԼՂՀ դեմ ձախողվեց և Բաքուն ստիպված եղավ հրադադար կնքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի հետ:
Ներկայումս վահաբականների դերը Ադրբեջանի ներքին կյանքում դառնում է ավելի նշանակալի և վտանգում է բնակչության մեծ թիվ կազմող շիաներին ու ոչ մահմեդականներին: Ծայրահեղական կազմակերպությունները` պետական մարմինների լուռ համաձայնությամբ անդամագրում են երիտասարդ ադրբեջանցիներին, ուղարկում «վերապատրաստման» արտասահմանյան կենտրոններ: Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական և ծայրահեղական գործողություններին Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար տեղի ունեցող դիվերսիաներին:
2012 թ.-ից Ադրբեջանում հաճախակի են դարձել ծայրահեղ իսլամիստների և ադրբեջանական իրավապահ մարմինների, ինչպես նաև կրոնական այլ ուղղությունների միջև արձանագրված բախումները, որոնք շատ դեպքերում վերաճում են զինված ընդհարումների: Ադրբեջանական լրատվամիջոցները նման միջադեպերի պատճառ են նշում բախման մասնակից իսլամականների կրոնական տարբեր ուղղություններին պատկանելը (վահաբականներ և խարիջիներ) ինչպեսև կրոնա-դոգմատիկ բնույթի անհամաձայնությունները: Ըստ այդմ` հօդս է ցնդում ալիևյան վարչախմբի կողմից տարիների ընթացքում ներկայացվող միֆը, թե Ադրբեջանն ունի օրինակելի աշխարհիկ հասարակարգ:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական