Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌ ԱՍՏՎԱԾ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ



Արտակարգ իրավիճակների նախարարության նվագախմբի դիրիժոր Հակոբ Սարգսյանը Քանաքեռում դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Ուսումնարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երաժշտական կոնսերվատորիայի զինվորական բաժինը և իր ցանկությամբ ծառայության անցել Գյումրիի ռուսական զորամասում: Յոթ երաժիշտներից (բոլորն էլ ազգությամբ հայեր) բաղկացած նրանց նվագախումբը մեծ հաջողությունների է հասել ինչպես Հյուսիսային Կովկասի, այնպես էլ Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի հայտնի զինվորական նվագախմբերի մրցույթում:

Որպես երաժիշտ` Հակոբն ասում է, որ երաժշտությունը դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհն է:
Ես տեսել-զգացել եմ, թե երկիր պահող զինվորի, երկրի քաղաքացու հոգում ինչ զգացմունքներ է արթնացնում երաժշտությունը` մարշը, քայլերգը, հայրենասիրական երգը,- ասում է Հակոբը, ապա շարունակում,- երկրաշարժի օրերին ամեն մարդ փորձում էր օգնել իր ժողովրդին, լինել նրա կողքին: Մեր նվագախմբի տղաներով նույնպես այդ օրերին մեր ուժերի ներածին չափով օգնության ձեռք էինք մեկնել: Մշտապես մեր երաժիշտ ընկերներից Քաջիկ Վարդանյանի կողքին էինք: Քաջիկը երկրաշարժի հետևանքով կորցրել էր իր երկու տղաներին: Հետո նրան համոզելով նորից վերադարձրինք երաժշտական աշխարհ: Եվ պատկերացնու՞մ եք` հրաշք տեղի ունեցավ` Քաջիկը երկրաշարժից հետո ունեցավ ևս երեք տղա, որոնք բոլորն էլ այժմ երաժիշտներ են: Ահա թե ինչու ես գտնում եմ, որ երաժշտությունը դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհն է և օգնում է մարդ արարածին դիմանալու ճակատագրի ամենադաժան հարվածներին:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային


30/01/2014