ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՏՂԱ՛Ս…
2013թ. հունվարի 5: Ոգեկոչման արարողություն է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի դպրոցում: Դպրոցը կոչվում է հերոսի անունով` Արա Հարությունյան: 1993 թ.-ի այս օրը Արան հերոսաբար զոհվեց Հադրութի Կավաքասար բարձունքի անհավասար մարտում: Անցել է քսան տարի: Ներկա են մարտական ընկերները, գյուղացիները, դպրոցականները: Դահլիճի առաջին շարքում նստած է Արայի ճերմակահեր Սաթենիկ մայրը: Նրա դեմքին մեկ լուսավոր ժպիտ է, մեկ թախիծ: Հայացքն ուղղում է այն կողմը, որտեղից լսվում է որդու անունը: Իսկ դահլիճով մեկ մի անուն է անցնում շուրթից շուրթ:
ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ասում է.
– Արայի նման տղաները ձյան հալոցքից ծնված, հայրենի լեռներից իջնող աղբյուրների նման զուլալ են: Նրանց աներևակայելի հերոսության շնորհիվ ազատագրվեց Արցախը, Հայոց աշխարհի պատմական տարածքը: 1993 թ.-ի այս օրը զոհվեցին չորս հայորդիներ` Արան ու Յուրա Կարապետյանը Հայաստանից էին, Տողի Վիգենն ու Աղբուլաղցի Արայիկը` Արցախից: Սա էլ իր խորհուրդն ունի` մեր միասնականության խորհուրդը:
Ցուցադրվում է «Մեր հաղթանակը» փաստավավերագրական ֆիլմաշարից Արային նվիրված ֆիլմը, և էկրանին Արան է, դահլիճում՝ ոգևորություն:
Արայի մարտական ընկեր Սարիկ Հայրապետյանն ասում է.
– Իմ ընկերները մեկը մեկից քաջ էին, մեկը մեկից հայրենասեր, անձնուրաց ու նվիրյալ: Ես խոսում եմ իսկական հերոսների մասին, իմ ընկերների, որոնց թվում էր Արան: Անցնող տարիների հետ իմ հերոս ընկերների ծննդավայրերն ինձ համար դարձել են սուրբ վայրեր: Ամեն մի բնակավայր ոտք դնելիս, թվում է` կհանդիպեմ նրանց: Ուզում եմ մեր հերոս տղաների ծնողներին ասել. «Ձեր զավակները հերոսներ են եղել, ես ականատես եմ եղել այդ հերոսություններին»:
Լսվում է դպրոցի սան, փոքրիկ երկրապահ Զարզանդի ձայնը. «Ես որ մեծանամ, Արայի նման քաջ զինվոր եմ դառնալու»: Արայի դասընկերուհի Անուշ Անդրեասյանը վերհիշում է . «Վերջին զանգին Արայի հետ գնացել էինք պաղպաղակ բերելու: Մինչև վերադարձանք, արդեն դասարանով լուսանկարվել էին: Հետո, երբ պետք է վալս պարեինք, ես խռովեցի, չպարեցի Արայի հետ` ասելով, թե կպտտացնես` կընկնեմ: Արայի հետ պարեց Լարիսան»:
Հետո եղբայրը` Ավետիքը, թանկարժեք նվեր է հանձնում ռազմահայրենասիրական «Հավերժի ճամփորդը» թեմայով շարադրության մրցույթի հաղթող Աստղիկ Մկրտչյանին:
Այդ օրը բացվեց դպրոցի Փառքի սրահ-թանգարանը, որտեղ ցուցադրված մասունքները պատմում են գյուղի տասնչորս զոհված տղաների մասին: Տնօրեն Սիլվարդ Թադևոսյանը պատմում է.
– Փառքի սրահ-թանգարան ոտք դնելիս անմեկնելի ապրումներ ես ունենում: Իմ աշակերտների իրերն են այնտեղ` ինձ ծանոթ, հուշեր արթնացնող: Կռիվ էր, պատերազմ, գյուղից 140 տղամարդ էր դուրս եկել ազատագրական պայքարի: Զոհվում էին տղաները, գյուղը սգում էր, ողբում: Զոհվածների հարազատների ձեռքով տնկված ծառերն ամեն գարուն ծաղկում են, հուշեր արթնացնում: Ամեն քայլի նրանք են` մեր հերոսները, մեր սիրելի Արան:
…Այսպես երկար շարունակվում է Արա Հարությունյանին նվիրված ոգեկոչման արարողությունը, և այդ ողջ ժամանակ առաջին շարքում նստած Սաթենիկ մայրը աշխատում է լսել-ամբարել, բաց չթողնել որդու մասին ասված ոչ մի խոսք, ոչ մի հուշ ու հիշողություն: Սաթենիկ մայրը մերթ ժպտում է, մերթ արցունքներն է մաքրում ու նորից ժպիտը ողողում է նրա խորշոմներով ծածկված դեմքը: Համբուրում եմ հերոս ծնած մոր ձեռքն ու անխոս նստում կողքին: Կամաց-կամաց դահլիճը դատարկվում է, հյուրերը մեկնում են նշելու Արայի ոգեկոչման, հիշատակի օրը: Դահլիճում մայրն է` հայացքը որդու մեծադիր լուսանկարին: Վառվող մոմերի լույսերը ինձ թվում են արեգակներ, որոնք ջերմացնում, լուսավորում են դահլիճը, ողջ Հայաստան աշխարհը: Եվ թվում է` այդ արեգակները իրենց ջերմությունն ստանում են անխոս ու անձայն նստած Սաթենիկ մայրիկի թախծոտ ժպիտներից: Հետո մայրը, հայացքը որդու մեծադիր լուսանկարին, ինքն իր համար շշնջաց.
Ես հպարտ եմ, Արա՛ ջան…
Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային