Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՋՐԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐԻ ԽԻԶԱԽ ԱՍՊԵՏԸ



Նվիրվում է պահեստազորի ծովակալ ՍՈԲԵՐՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ծննդյան 80-ամյակին

Սկիզբը՝ նախորդ համարում

ԱԶՆՎԱԲԱՐՈ ԿՅԱՆՔ. ՄԱՐԴԿԱՆՑ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

1969-71թթ. Սոբերտ Մանուկյանը ծառայել է որպես ԴՕՍԱԱՖ-ի Հայաստանի հանրապետական ծովային ակումբի ջրասուզական միակայմանավի (բոտ) կապիտան: 1972թ. նշանակվել է «ՀԱՅՋՐՓՐԿ» նոր կազմակերպված ընկերության Սևան քաղաքի և Սևանի ավազանի ջրափրկարարական ծառայության պետ: Սկզբում միակ հաստիքային աշխատողն էր, այնուհետև ղեկավարեց Հայաստանի ջրափրկարարական ծառայությունը, որի ջրասուզակ-փրկարարների Սեւանի ավազանի ծառայության գործունեության շնորհիվ ապահովվում էր քաղաքացիների, զբոսաշրջիկների, հովեկների, Սևանա լճի ափամերձ տարածքներում գոյություն ունեցող առողջարանների, մանկական ու տուրիստական պանսիոնատներում հանգստացողների կյանքի անվտանգությունը ջրային տարածքներում: Անձնական խստապահանջության ու գերազանց աշխատանքի շնորհիվ իր ղեկավարած տարիներին դժբախտ պատահարների թիվը հասցվել էր նվազագույնի, նույինսկ մի շրջան եղավ, երբ 4 տարվա ընթացքում ոչ մի ողբերգական դեպք չգրանցվեց: 1975թ. հունվարի 30-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը Սոբերտ Մանուկյանին պարգևատրեց «Խեղդվողների փրկության համար» մեդալով:

Սոբերտ Մանուկյանի հիշողության մեջ տպավորվել է հատկապես մի դեպք: 1976թ. դեկտեմբերի 16-ին, երբ Սևանը նոր էր սառցակալել, Մարտունի-Վարդենիկ հատվածում սառույցի վրա բարձրացած են եղել տեղի բնակիչները` սիրողական ձկնորսությամբ զբաղվելու: Այդ ժամանակ ուժեղ փոթորիկ է սկսվել: Եվ մի սառցակտոր` լայնությունը 15 կմ, երկարությունը 6 կմ, որի վրա էր 176 մարդ, պոկվելով ուղղություն է վերցրել դեպի լճի հյուսիսային ափը: Մարտունիից ստանալով տագնապի կանչը, Սևանում գտնվող բոլոր մեծ ու փոքր նավերը` թվով 26, փրկարար ծառայության կախովի շարժիչներով փոքրածավալ նավակները 1 ժամ 20 րոպեում հասել են աղետյալներին (2 ուղղաթիռ նաեւ Երևանից): Բարձր կազմակերպվածության եւ փրկարարական հմուտ գործողությունների շնորհիվ երեկոյան հաջողվեց առանց խուճապի եւ ցավալի կորուստների 176 մարդու դուրս բերել լողացող սառցաբեկորի վրայից:

Սոբերտ Մանուկյանն իր բոլոր աշխատակիցներին ներկայացրեց ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պարգևատրման: 1981թ. Սոբերտ Մանուկյանին ընտրեցին Երևանի Պատվավոր քաղաքացի:

1984թ. Սոբերտ Հարությունի Մանուկյանն արժանացավ պահեստազորի ծովակալի պատվավոր կոչման, քանի որ մոտորանավակով նրա զարգացրած արագությունը` 259 կմ/ժ, հատուկ է ռազմանավեր և ջրային ռազմական օբյեկտներ տորպեդահարող նավակներին: Պահեստազորի Ծովակալի կոչումը Ս.Մանուկյանին շնորհվեց Երևանում, անձամբ ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի Կենտրոնական Կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ Ծովակալ, Խոհրդային Միության հերոս Գեորգի Միխայիլի Եգորովի ձեռամբ` 1984թ. սեպտեմբերի 10-ին: Նա ստացավ նաև «Պատվո Նշան»:

1981թ. «Իզվեստիա» թերթի մի հոդվածում նշվում էր, որ այն լողամիջոցները, որոնք զարգացնում են 100 կմ/ժ արագություն, նրանց՝ ջրին բախվելու ուժգնությունը հավասարազոր է բետոնե պատին զարկվելու ուժին: Ջրային «ճակատամարտերում» 12 անգամ Սոբերտ Մանուկյանը այդպիսի ահարկու հարվածներ է ստացել` կրելով ծանր վնասվածքներ, բայց Աստծո կամոք հրաշքով ողջ է մնացել` կրկին ու կրկին վերականգնել ուժերն ու շարունակել իր հաղթարշավը:

Նրան հաճախ հարցնում էին. «Որտե՞ղ եք Դուք մարզվել, որ միշտ մեծ հաջողությունների եք հասնում, չէ՞ որ Հայաստանում չկան համապատասխան ջրային տարածքներ»: Իսկ նա պատասխանում էր. «Մենք ունենք մարգարիտ` Սևանա լիճը, որի երկարությունը 80 կմ է, լայնությունը` 40-45 կմ, իսկ ամենակարևորը` ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա է, ինչը նշանակում է թթվածնային քաղց, մարզումներ՝ մարդկային հնարավորությունների սահմաններում»:

***

1991թ.՝ Արցախյան պատերազմի ժամանակ, ԽՍՀՄ հավաքականի անփոփոխ ավագը կամավոր դիմում գրեց Մոսկվա` հավաքականի կազմից իրեն հանելու պահանջով: «Հայտնի է՝ ինչ ծանր օրեր էր ապրում Հայաստանը: 1992թ. ինձ դիմեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից. շտապ նախապատրաստել (կառուցել) 2 մոտորային կատերներ` վիրավոր մարտիկներին ու զինվորներին Սարսանգի ջրամբարի միջին գոտիով տեղափոխելու համար, քանի որ տարածքը համեմատաբար հանգիստ էր և չէր ենթարկվում հակառակորդի ռմբակոծություններին»,- պատմում է Սոբերտ Մանուկյանը:

Առաջադրանքը կատարվել էր:

2007թ.-ից Սոբերտ Մանուկյանը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ջրափրկարարական-ջրասուզական աշխատանքների ցիկլի պետն է, աշխատում է առ այսօր: Նա 6 տարվա ընթացքում պատրաստել է 35 ջրասուզակների:

Սոբերտ Մանուկյանը 4 անգամ պարգևատրվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Խիզախ Փրկարար» մեդալով: Ժամանակին նրա կողքին են կայացել ստորջրյա սպորտային լողի բոլոր ճանաչված մարզիկները, ինչպիսիք են վաստակավոր մարզիչ Միխայիլ Յացենկոն և իր որդին` Անդրեյը, Շավարշ Կարապետյանը և իր 2 եղբայրները, սպորտի վարպետներ Արմեն Ավանեսյանը, Արտակ Էլմասակյանը և ուրիշներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամերի կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դեկան, միջազգային կարգի փրկարար, փրկարար ծառայության գնդապետ Գևորգ Պատվականի Հովակիմյանը նշում է. «Սոբերտ Մանուկյանի մասին խոսելը անչափ պատվաբեր է, քանի որ գործ ունես մի արտակարգ մարդու հետ, որի կյանքը անվերջ սխրանքների շարան է՝ գերազանց կատարված աշխատանք, համաշխարհային ճանաչման նվաճումներ: Հայաստանի Հանրապետությունը չունի ջրային մեծ տարածքներ, իսկ նա կարողացավ գրավել այդ սպորտաձևի գերագույն բարձունքները: Եվ քանի որ նա իր վաստակով անփոխարինելի մասնագետ է, մենք սիրով կիրառում ենք նրա փորձն ու գիտելիքները` երիտասարդ սերնդին ուսուցանելու համար, որպեսզի նրանք էլ կարողանան կատարել պատշաճ փրկարարական-ջրասուզական աշխատանքներ Հայաստանի ջրային տարածքներում: Նա այսօր էլ պատրաստ է թիավարելու օրական 12 ժամ, մասնակցելու փրկարարական աշխատանքների, պատրաստ է ուսուցանելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է, իսկ դա պահանջում է վիթխարի էներգիա, ուժ ու նվիրվածություն»:

Սոբերտ Մանուկյանը տպագրության է պատրաստել իր հեղինակած «Ջրասուզական ու ջրափրկարարական աշխատանքների կազմակերպումը ջրային տարածքներում» ստվարածավալ գիրքը, որը 1-ին անգամ լույս կընծայվի Հայաստանում:

«Այժմ ուզում եմ բարձրացնել ջրամոտորային սպորտը` սկուտերը և գլիսերը: Մարդիկ կան, որոնք ուզում են սովորել: Ես էլ հետները կնավարկեմ, որպեսզի սովորեցնեմ, թե ինչպես պետք է վարել մոտորանավակը», – իր պլանների մասին ասում է 80-ամյա «ՍԵՎԱՆԻ ՊՈՍԵՅԴՈՆԸ»` Սոբերտ Հարությունի Մանուկյանը: Նա ուրախ է, որ Մոսկվան, «Հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը», «ՀԱՊԿ երկրների պաշտպանամարզատեխնիկական կազմակերպությունների միությունը» իրեն չեն մոռացել: ՀԱՊԿ ՊՄՏԿ միության կենտրոնական խորհրդի նախագահի 19.03.2010թ. հրամանագրով նա պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով:

ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի 2013թ. սեպտեմբերի 23-ի հրամանագրով Սոբերտ Հարությունի Մանուկյանը պարգեւատրվեց «Միջազգային կարգի փրկարար» կոչումով եւ ստացավ շքանշանը։ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Արկադի Իվանի Տեր-Թադևոսյանը նշում է. «Սոբերտ Մանուկյանն իր անունը ոսկե տառերով գրեց ջրամոտորային սպորտի համաշխարհային պատմության մեջ: Մենք հպարտ ենք, որ մեր կողքին ապրում է այդպիսի կյանքի ուղի ունեցող մարդ, որը փառավորեց մեր ժողովրդին ամբողջ աշխարհում»:

Փառապանծ ԴՕՍԱԱՖ-ականին, արտասովոր մարդուն ցանկանում ենք քաջառողջություն և երկար տարիների կյանք` ի փառս Աստծո և Հայրենիքի:

ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ճակատագրեր


30/01/2014