ԻՎԱՆ ԱՀԵՂԸ ԳՆԱՀԱՏԵՑ ՀԱՅԵՐԻՆ
Ռուսական տարեգրության մեջ շատ կան ուշագրավ հիշատակումներ հայերի մասին։ Ահա դրանցից մեկը։
1552 թվականն էր։ Ռուսական զորքերը պաշարել էին թաթարական Կազան քաղաքը, որտեղ այդ ժամանակ մեծ թվով հայեր կային։ Թաթարները բոլոր օտարերկրացիներին, այդ թվում՝ հայերին, թույլ չէին տալիս հեռանալ քաղաքից եւ նրանց ուժերն օգտագործում էին ռուսների դեմ։ Հայերի մեջ եղել են թնդանոթաձիգներ, որոնք, սակայն, չեն կամեցել կրակել ռուսների վրա։ Ռուս տարեգրի վկայությամբ՝ թաթարները նրանց բոլորին երկաթե շղթաներով կապել են թնդանոթներին, յուրաքանչյուրի մոտ կանգնեցրել մերկացրած սրերով զինվորների եւ ստիպել կրակել։ Տարեգիրը հիացմունքով գրում է, որ թաթարներին դա էլ չի օգնել՝ հայ թնդանոթաձիգներն այնպես էին նշան բռնում, որ արկերը կամ տեղ չէին հասնում, կամ էլ թռչում էին ռուս զինվորների գլուխների վրայով։
Կազանը վերջապես գրավելուց հետո Իվան Ահեղը, գնահատելով հայերի նվիրվածությունը ռուսական ցարին, ըստ տարեգրի՝ «մեծ ողորմություն» է ցուցաբերում նրանց նկատմամբ եւ բոլորին բաց է թողնում, որ գնան իրենց հայրենիքը։
Ավելին, 1552թ. Կազանը, ապա 1556թ. Աստրախանը գրավելուց հետո, երբ բացվում է Վոլգայի վրայով Կասպից ծով տանող ճանապարհը, Իվան Ահեղն արտոնություններ է տալիս հայ վաճառականներին, եւ հայ-ռուսական հարաբերություններն ստանում են ավելի գործարար բնույթ։
Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Հոգևոր-մշակութային