Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋՈ՛ՒՅՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՔԱ՛Ջ ԶԻՆՎՈՐ



Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն էին: Շատ կուզենայինք, որ դու քո ընտանիքի հետ նշեիր այդ հրաշալի և ուրախ տոները: Պատկերացնում ենք մայրիկիդ երջանկությունը, եթե դու նրա հետ լինեիր: Բայց համոզված ենք, որ ծառայությունդ չէիր թողնի, չէիր լքի քեզ վստահված դիրքերը, որովհետև հայրենիքի քաջարի զինվոր ես, գիշեր ու զօր հսկում ես երկրիդ սահմանը և քո թանկ ու հարազատ մարդկանց անվտանգությունն ես ապահովում: Շնորհակալ ենք քեզ, սիրելի՛ զինվոր, որ մեր երջանիկ ու խաղաղ, անվրդով մանկությունն ես պաշտպանում: Մենք գնահատում ենք քո կատարած վեհ ու հայրենանվեր գործը, քո երակներում մեր քաջարի նախնիների արյունն է հոսում:

Սիրելի զինվոր եղբայր, մենք` տղաներս, անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ կգանք քեզ փոխարինելու և կլրացնենք հզոր հայոց բանակի շարքերը: Ուզում ենք` համոզված լինես, որ քո վեհ գործի շարունակողներն ենք լինելու: Իսկ մենք` աղջիկներս, մեր մայրերի, քույրերի նման սատար կլինենք մեր եղբայրներին:

Հիմա քաղաքում ձյուն է տեղում` փափուկ, սպիտակ, ինչպես քնքուշ ու նուրբ շուշաններ: Մենք քեզ տեսնում ենք ճերմակաթույր փաթիլների հեղեղի տակ` զենքը ամուր սեղմած կրծքիդ, դեպի հեռուները` թշնամուն նայող սևեռուն, աչալուրջ, զգոն ու անվախ հայացքով: Քեզ չեն վախեցնում ո՛չ թշնամու կրակոցները, ո՛չ էլ արկերի պայթյունները: Հավատում ենք քեզ, քա՛ջ զինվոր, մենք կհաղթենք մեր համբերությամբ, բարությամբ և ուժեղ կամքով: Սպասում ենք քո վերադարձին և մտքում արտասանում ենք Տերունական աղոթքը, որը քեզ կպահպանի բոլոր վտանգներից և փորձանքներից:

Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր, հաջողություն, համբերություն, խաղաղ երկինք և բարի վերադարձ…

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոց,
IV «ե» դասարանի աշակերտներ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն


30/01/2014