Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՄՐՈՑԸ



ՀՀ Սահմանադրության հոդված 46. «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»։

Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է հերթական զորակոչը։ Մեր երիտասարդները, ովքեր զորակոչվել են Հայաստանի բանակ, պարտավոր են պատվով կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։ Փառք Աստծո, պետությունն էլ ապահովում է հավասար իրավունքներ և հնարավորություններ, որ մեր երիտասարդները պատշաճ ծառայեն և առողջ վերադառնան իրենց օջախները։ Դեռևս 2012թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արագածոտնի մարզում հանդիպելով զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ հայտարարել է, որ հայկական բանակի հիմնական անգնահատելի ռեսուրսը մնում է մարդը, որ Հայաստանի Հանրապետության զինվորի երակներով հոսող արյունը հազար անգամ ավելի թանկ է, քան խողովակներով հոսող ադրբեջանական նավթը։ Մենք համոզված ենք, որ ինչպես միշտ այդ խոսքերը տարիների ընթացքում կլինեն համոզմունքներով գործ, և մենք այլևս մեր բանակում չենք կորցնի մեր երիտասարդներին։ Կասկած չկա, որ իշխանությունները և հասարակությունը կանեն ամեն ինչ, որ մեր զինվորի կյանքն ունենա իր ուրույն արժեքը և թանկ լինի յուրաքանչյուրիս համար։ Բանակի մասին խոսելիս խոսքերի և գործերի միջև տարբերություն չպետք է լինի, այստեղ պետք է գործի միայն մեկ ցանկություն՝ մարդկային կյանքը պետք է արժևորվի բառի բուն իմաստով։ Բանակում մարդու արժեքը բարձրացնելուն ուղղված բոլոր իրական քայլերն ու ցանկությունները, ծրագրերը պետք է լինեն առաջին պլանում և պահպանվեն ու արժևորվեն մեր յուրաքանչյուրի կողմից։

Յուրաքանչյուր տարի մեր բանակում պետք է լինի կարգապահությունն ուժեղացնելու և ամրապնդելու, բացթողումները մեղմացնելու և վերացնելու տարի։ Հավատացած ենք, որ մեր բանակը որպես կանոն պատվով կկատարի խնդիրները, մենք կունենանք կայունությունն ու զարգացումը հաստատելու և հայկական բանակի հզորության ամրապնդման տարիներ: Բանակ, որի ձեռքբերումներով հպարտանալու ենք բոլորս։ Ինչպես մեր նախարարն է ասում՝ հայկական բանակը մեր տունն է, Հայաստանը պաշտպանող բերդ ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն միևնույն օրենքներով։ Հավատացած եմ, որ մեր բանակը բաց կլինի քաղաքացիական հասարակության վերահսկողության համար։ Մենք կհասնենք նրան, որ մեր քաղաքացիները բանակ զորակոչվեն վստահությամբ, լիարժեք, այն գիտակցումով, որ բանակում ծառայելը յուրաքանչյուրիս պարտքը կլինի հայրենիքի նկատմամբ։ Որ բանակում չծառայելը ոչ թե գլուխ գովելու երևույթ լինի, այլ բացասական արձագանք ստանա հասարակության կողմից, որ ոչ ոք երբեք չմտածի իր զավակին բանակից ազատելու մասին, այլ հպարտանա իր զինվոր զավակով։ Այս բոլորը լինի խորը համոզմունքի և հասարակական վերափոխված գիտակցությամբ։

Բանակի մարտունակության բարձրացումը մշտական գործընթաց է, և յուրաքանչյուրս պետք է պարզ պատկերացնի, որ որքան զարգացած ու հզոր է մեր պետությունը, այնքան էլ պետք է լինի մեր բանակը։ Ինչ անում ենք ու պետք է անենք, տա Աստված, որ անենք մեր բանակի նկատմամբ ունեցած հավատով և անմիջական ջերմությամբ։ Հանուն մեր Հայաստանի հզորության ու վերելքի, հանդուրժողականության և մեկս մյուսին հասկանալու և ներել կարողանալու ունակությամբ։ 2014թ. հուվարի 28-ին Հայաստանը նշելու է մեր բանակի 22-ամյակը, մենք բոլորս էլ մեր անվտանգության համար պարտական ենք մեր բանակին, որի 20-րդ դարի սխրագործությունները միշտ կհիշվեն ու վառ կգնահատվեն մեր կողմից։ Հաշվի առնելով հակառակորդի ռազմատենչ հայտարարությունները, լարվածությունը՝ մեր բանակը պետք է լինի կարգապահ, մարտունակ, պատրաստ լինի արձագանքելու և կանխելու ցանկացած ոտնձգություն, պատվով կատարել իր առաքելությունը։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրենիքի անկախության համար զոհված յուրաքանչյուր հայաստանցու և յուրաքանչյուրի հիշատակին։

Շնորհավորում ենք մեր զինված ուժերի բոլոր ներկայացուցիչներին բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ և հավատացած ենք, որ մեր զինված ուժերը մեր երկրում կլինեն խաղաղության և հետագայում մեր ինքնուրույն զարգացման ուղիների որոշման գրավականը։ Մեր բանակը կրկին ու կրկին մեր նախարարի ղեկավարությամբ ապացուցում է, որ մեր «թթվածինը» մեր Հայաստանում է։ Ես հավատում և վստահում եմ մեր բանակին, որովհետև խորին ակնածանքով ամեն անգամ հիշում եմ նրա ղեկավարին, գիտեմ նրա կենսագրությունը, հավատում եմ նրա գենետիկ կոդին, Հայաստանի Հանրապետությունում ստացած դաստիարակությանը, գիտեմ նրա ջերմ և հոգատար վերաբերմունքը զինվորի նկատմամբ։ Ուժ և կորով մեր զինված ուժերին՝ օպերատիվ արձագանքելու տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած փոփոխություններին։ Աղոթում ենք մեր բանակի համար, մեր տուն ամրոցի համար, որի ամենամեծ ձեռքբերումը խաղաղության պահպանումն է մեր երկրում, ինչու չէ՝ նաև տարածաշրջանում։ Մենք վստահ ենք, որ մեր բանակը հավատարիմ մնալով իր կոչմանը՝ կապահովի մեր երկրի սահմանների անվտանգությունն արտաքին ոտնձգություններից։ Հավատացած ենք, որ այս տարի մեր բոլորի օջախներում, անկախ ազգային պատկանելությունից, սեղանների շուրջ ամենաջերմ և անկեղծ կենաց խոսքը կհնչի մեր հայրենիքի պաշտպանների պատվին։ 2014թ. ձիու տարի է, իսկ ձին չի սիրում հակամարտությունը։ Ուրեմն՝ 2014թ. թող գործի դիվանագիտությունը։ Մենք բոլորս, մեր զինվորնները, սպաները լինենք խելամիտ, որպեսզի խաղաղ պայմաններում հասնենք հաստատուն հաջողության։ Թող տա Աստված՝ մեր բանակը իր ձեռք բերված սպառազինությունները օգտագործի իր առջև դրված խնդիրները լուծելու և խաղաղություն պահպանելու համար։ Մենք հզոր ու հպարտ ենք մեր բանակով։ Շնորհավոր տոնդ, Հայաստանի՛ բանակ, մեր տուն, մեր ամրոց, կեցցե Հայաստանի բանակը։

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Բանակ և հասարակություն


30/01/2014