Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈՒԺ, ՈՐԻՑ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ՈՒ ՆԱԵՎ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ



Նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրեց զինծառայողների եւ ազատամարտիկների

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած եւ հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել են պետական բարձր պարգեւներով (տե՛ս էջ 4)։

ՀՀ նախագահի նստավայրում կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին եւ ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ։

«Հարգելի՛ պարգեւատրվածներ,

Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա եւ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ։ Ձեր առաքելությունն առանձնահատուկ է։ Դրա համար էլ այն կոչվում է ծառայություն եւ ոչ թե աշխատանք։ Մեր ողջ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվում ձեր գործին եւ երախտագիտության զգացում ունի մեր բանակի եւ հայրենիքի յուրաքանչյուր զինվորի նկատմամբ։

Այսօր այստեղ են թե՛ կադրային սպաներ, թե՛ զորակոչային զինծառայողներ, որոնք բոլորը միասին վերցրած մի հզոր, համաժողովրդական ուժ են, անպարտելի ուժ, որից հակառակորդը զգուշանում ու նաեւ վախենում է։ Դուք այն վահանն եք, որի ներքո ապրում ու արարում են մեր երկիրն ու ժողովուրդը։ Այսօր ինձ է պատիվ վիճակվել հանձնելու ձեզ Հայաստանի Հանրապետության պարգեւները, բայց դրանք մեր պետության եւ ամբողջ ժողովրդի կողմից տրվող գնահատականներն են։ Ապրե՛ք, կեցցե՛ք դուք, որ մարմնավորում եք մեր կարողականությունը եւ դրսեւորում եք մեր ժողովրդի լավագույն որակները։ Մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանկություն, անփորձանք ծառայություն։ Շարունակե՛ք ձեր սուրբ գործը, շարունակե՛ք ձեր նախորդների փառավոր ավանդույթները։ Շարունակե՛ք լինել այնպիսին, ինչպիսին կաք, բայց նաեւ շարունակեք կատարելագործել ձեր ունակություններն ու հմտությունները։

Այսօր մենք հիշում ու ոգեկոչում ենք մեր բոլոր հերոսներին անուն առ անուն։ Օրեր առաջ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ցուցաբերած վեհ կեցվածքը վճռական պահին եւ նրա ու ընկերների սխրանքը մեր բանակի իսկական նկարագիրն են ու օրինակը։ Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի զինվորի եւ արժանավոր հայորդու` Արմեն Հովհաննիսյանի պայծառ հիշատակը։

Շնորհակալ եմ։

Հարգելի՛ ներկաներ,

Դուք իրավամբ այն մարդիկ եք, Հայաստանի այն քաղաքացիները, ում առջեւ պատիվ է հնչեցնել Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձը (տե՛ս էջ 1), ինչը ես կանեմ ձեր թույլտվությամբ»։

ԱՐՄԵՆԻ ԾՆՈՂՆԵՐԸ ՀՊԱՐՏ ԵՆ

«Ես իմ տղայի խոսքերն եմ փոխանցում` պոստ պահող տղերքը թագավոր տղերք են։ Շնորհավորում եմ բոլոր տղաներին»,- լրագրողներին ասաց ադրբեջանական վերջին դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի մեդալով հետմահու պարգեւատրված Արմեն Հովհաննիսյանի մայրը։

«Նա գիտակցել է, թե ինչ քայլի է գնում։ Շատ հպարտ եմ իմ որդով։ Առաջին օրերին վիշտն այնքան խորն էր, որ լրիվ դատարկություն էր իմ մեջ։ Հետո, երբ ամբողջ աշխարհը խոսեց իմ զավակի մասին, այդ դատարկությունը քիչ-քիչ լցվեց։ Մինչեւ Արմենիս մոտ գնալը կզգամ, ինձ հետ կտանեմ այդ հպարտության զգացումը»,-ասաց Արմենի մայրը։

Արմենի հայրը` Լեւոն Հովհաննիսյանը, հայ զինվորներին անամպ երկինք, արիություն մաղթեց, խորհուրդ տվեց երբեք չհուսահատվել ու չվախենալ։

«Որպես հերոս տղայի հայր, հպարտ եմ։ Թող տղաս վերջին զոհը լինի, թող հերոսները շատ լինեն, շարունակեն ապրել իրենց հայրենիքում»,-ասաց Լ. Հովհաննիսյանը։

Խորագիր՝ #03 (1021) 30.01.2014 – 5.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


30/01/2014