Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ



Մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել այս երեւույթի մասին. մարդիկ աշխատում են չհիշել նրանց, ովքեր ձեռք են բարձրացրել իրենց անձի վրա:
Ամբողջ աշխարհում մահվան պատճառների շարքում ինքնասպանությունը զբաղեցնում է 3-րդ տեղը: 19-րդ դարի սկզբից ինքնասպանության մշտական եւ համաչափ աճ է նկատվում բոլոր երկրներում, եւ սրա պատճառը Աստծուց հեռացումն է:
Ընդունված է կարծել, որ ինքնասպանության տանող հիվանդությունը դեպրեսիան է՝ ընկճախտը: Դեպրեսիայով հիվանդների 70%-ի մեջ նկատվում է հակում ինքնասպանության հանդեպ եւ դրանցից 15%- ն է այն իրականացնում: Գիտությանը հայտնի են դեպրեսիայի առաջացման բազմաթիվ պատճառներ, բայց գիտական շրջանակներում ընդունված չէ խոսել ինքնասպանության առաջացման մի կարեւոր պատճառի մասին, որը մեղքն է:
Մեր ժամանակներում նեւրոզների (նյարդային լարված հոգեվիճակ) աննախադեպ աճը ոչ միայն պայմանավորված է սթրեսներով եւ գիտա-տեխնիկական ու ինֆորմացիոն ծանրաբեռնվածությամբ եւ լարվածությամբ, այլեւ առաջին հերթին համամարդկային բարոյական անկմամբ, որովհետեւ մարդկային պատմության ընթացքում միշտ էլ եղել են ե՛ւ պատերազմներ, ե՛ւ սով, ե՛ւ աղետներ, ե՛ւ տնտեսական ճգնաժամեր:
Ինչո՞ւ նեւրոզների խնդիրն այսքան սուր է վերջին ժամանակներում: Պատճառը մեկն է` աճող անհավատությունը, հոգեւոր հիմքի կորուստը մարդկության մեջ, իսկ սրա հետ մեկտեղ կյանքի իրական իմաստի կորուստը:
Եկեղեցու սուրբ Հայրերը կարծում են, որ հոգեկան բոլոր տանջանքների հիմքում ընկած են մարդկային հպարտությունն ու այլ կրքեր: Ուստի նեւրոզից ազատվելու համար պետք է հնարավորինս խոնարհեցնենք մեր անձը: Հուսահատությունը, դժվարությունները հաղթահարելու կամքի բացակայությունը, տարատեսակ մեղքերը` ահա ինքնասպանության իսկական պատճառները:
Հեթանոսները ինքնասպանությունը համարում էին հերոսություն, ուժեղ կամքի դրսեւորում: Սակայն քրիստոնեության տեսակետից ինքնասպանը հերոս չէ, այլ՝ վախկոտ եւ դավաճան, քանի որ իրական հերոսությունը ոչ թե հոգեկան եւ ֆիզիկական դժվարություններից եւ խնդիրներից փախչելն է, այլ՝ դրանց արիաբար դիմակայելու պատրաստակամությունը: Ընդ որում, հնավանդ իմաստությունը վկայում է, որ ամեն մարդու տրվում է այնքան տառապանք, ինչքան որ նա կարող է տանել: Չկա այնպիսի փորձություն, որ Աստծուն ապավինած մարդը չկարողանա դիմանալ:
Ինքնասպանության հանցանքն այն է, որ ինքնասպանը հակառակվում է աստվածային արարչությանն ու նախախնամությանը, նաեւ իր կարեւոր առաքելությանը՝ ինքնակամ կտրելով իր կյանքի թելը, որը ոչ միայն իրենն է, այլեւ Աստծունը եւ մերձավորներինը: Կյանքը Աստծուց տրված է մեր բարոյական առաջընթացի համար: Ինքնասպանը անտեսում է նաեւ բնական օրենքը.«Որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն»(Եփեսացիներ 5:29):
Ինքնասպանությունը, որ կատարվում է մտածված եւ գիտակցորեն, եկեղեցին համարում է ավելի ծանր մեղք, քան ուրիշի կյանք խլելը:
Մարդու կյանքը Աստծո պարգեւն է, հետեւաբար նա, ով ինքնակամ խլում է իր կյանքը, սրբապղծորեն արհամարհում է այն: Այսպիսի արարքը Աստվածային նախախնամության հանդեպ թերահավատության եւ հուսահատության հետեւանք է: Նախախնամություն, առանց որի. «ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի: Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21:18-19): Այդպիսիք խորթ են Եկեղեցուն եւ Աստծուն եւ համարվում են հետնորդները Հուդայի, ով հրաժարվեց եւ մերժվեց Աստծուց. «գնաց ու ինքն իրեն կախեց»(Մատթ. 27:5): Ինքնասպանության մեղքը աններելի է:
Մարդու ինքնասպանության հիմնական մեղավորը սատանան է: Ինքնասպանների մեծ մասը իրենց վերջին քայլն անում են «ի սկզբանե մարդասպան»(Հովհ. 8:44) դեւերի անմիջական ազդեցությամբ: Համարյա ցանկացած ինքնասպանություն դեւերի կողմից մարդու սպանությունն է՝ մարդու իսկ ձեռքով: Մարդ միայն թուլակամորեն համաձայնում եւ անտեսանելիորեն վերցնում է իր վրա սատանայի մեղքը: Իսկ սատանայի դեմ պայքարի միջոցը մեկն է Աստծո օգնությանն ապավինելը: Մեկ զղջման աղոթք, մեկ խաչակնքում, եւ թշնամու ծուղակը քանդված է, մարդը Աստծո զորությամբ փրկված է իր մոտալուտ կորստից:
Աղոթքը եւ պահքը, աշխատանքով լցված կյանքը, մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի խոսքերով, միակ միջոցն է մեզնից հեռացնելու չարը` իր փորձություններով ու գայթակղություններով հանդերձ:
Այսպիսով, ինքնասպանությունը` կատարված թե՛ հոգեկան խանգարման եւ թե՛ առողջ հոգեվիճակում, հետեւանք է անհավատության: Նա, ով ոչ միայն ընդունում է Աստծո գոյությունը, այլեւ սրտի մաքրությամբ զգում է Նրա մտերմությունը, երբեք չի կարող մտածել աստվածային ամենաթանկ պարգեւի` մարդկային կյանքի վրա ձեռք բարձրացնելու մասին:

Տ.ՊՍԱԿ քհն. ՄԿՐՏՉՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Հոգևոր-մշակութային


24/03/2011