Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ՍՊԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՐԱՌԵԼ ԿԱՆԱԴԱՅԻ ՓՈՐՁԸ



Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության և Հյուսիսատլանտյան դաշինքի DEEP («Ռազմական ուսուցման որակավորում») ծրագրի շրջանակներում հունվարի 20-ից 24-ը Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում դասախոսություններ կարդաց կանադացի պահեստազորի գեներալ Էռնեստո Բ.Բենոն: Ինստիտուտի ուսանողները, ինչպես նաև դասախոսները հնարավորություն ստացան ծանոթանալու հրամանատարական անձնակազմի պատրաստման հյուսիսատլանտյան, մասնավորապես` կանադական փորձին:

Սա պահեստազորի գեներալ Էռնեստո Բ.Բենոյի երկրորդ այցն է Հայաստան: Մինչ այդ փորձագետը ռազմական ինստիտուտում հանդես էր եկել մարտավարական խնդիրների, մասնավորապես` օպերատիվ վարժանքների մասին դասախոսությունների շարքով, որը ուսումնական հաստատության ղեկավարությունը կազմակերպել էր կրտսեր սպայակազմի համար: Այս անգամ դասախոսությունների թեման առաջնորդության, օպերատիվ գործողություններում բարոյականության, հրամանատարային և առաջնորդության փիլիսոփայության, Կանադայում օպերատիվության արվեստի վերաբերյալ էր:

«Սա իմ երկրորդ այցն է, եւ ես նկատել եմ, որ բոլորն այստեղ ուսման մեծ ձգտում ունեն, ուստի երիտասարդ սպայակազմի համար սա շատ արդյունավետ դասընթաց է, քանի որ սովորեցնում է, թե ինչպես դառնալ հրամանատար, առաջնորդել տարբեր գործողություններում և հասնել հրամանատարական պատրաստության ավելի բարձր աստիճանի:

Շատ ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ի DEEP ծրագրի շրջանակներում ես կարողացա աշխատել այստեղ և հուսով եմ, որ իմ այցելությունը կօգնի հայ սպաներին ծանոթանալ այլ երկրների ռազմական փորձին, հասու լինել, թե ՆԱՏՕ-ն և, մասնավորապես՝ Կանադան, ինչպես են կազմակերպում գործողությունները, համեմատել դրանք հայկական փորձի հետ և, անհրաժեշտության դեպքում, քաղել այն, ինչ անհրաժեշտ է», – զրույցում ասաց Էռնեստո Բ.Բենոն, գոհունակություն հայտնելով դասախոսությունների անցկացման որակից, որոնք չեն զիջում նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում անցկացվող դասընթացներին:

«Դասընթացները շատ լավ են կազմակերպվել, համապատասխանաբար` ըստ սպայական աստիճանների, կոչումների: Եվ ունկնդիրները պատրաստ են ապագա հրամանատարաշտաբային գործողությունների համար: Շատ ուրախալի է, որ ունկնդիրների թվում էին նաև դասախոսները, դասընթացների կազմակերպմանն աջակցել է պաշտպանության նախարարությունը, մասնավորապես` կադրերի և ռազմական կրթության վարչությունը: Այս օժանդակությամբ ավելի լավ կադրեր կպատրաստվեն: Շատերի համար սա սովորելու լավ միջավայր է», – ասաց փորձագետը:

Էռնեստո Բ.Բենոյի կարծիքով` Կանադայի և ՆԱՏՕ-ի փորձը կարող է օգնել հայ սպաներին հասկանալու առաքելության ղեկավարման, գործողությունների պլանավորման հիմնական սկզբունքները:

«Չեմ ուզում ասել, որ Հայաստանը պետք է կիրառի ՆԱՏՕ-ի ընթացակարգերը, բայց կարող են հարմարեցնել այն, ինչը կհամարեն առավել ընդունելի և լավագույնը», – մաղթեց ՆԱՏՕ-ի պահեստազորի գեներալը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ազգային բանակ


06/02/2014