ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ
1-ին բանակային զորամիավորումում նոր ուսումնական տարին մեկնարկեց մի շարք պլանային միջոցառումներով, որոնցից առանձնանում է հնգօրյա հրամանատարական հավաքը, որին մասնակցում էին ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, եւ որի բարձր մակարդակով անցկացման համար լրացուցիչ խթան եղավ պաշտպանության նախարարի` վերջերս զորամիավորում կատարած այցը, որի ընթացքում Սեյրան Օհանյանը, ի թիվս այլ հարցերի, կարևորեց վաշտ-մարտկոց օղակների դերը, որպես ուսուցման ու դաստիարակության կենտրոնների: Հրամանատարական հավաքի տեսական պարապմունքներն ընթացան անհրաժեշտ մեթոդական բազայով համալրված, լավ կահավորված լուսավոր լսարաններում, ցուցադրականը` շարահրապարակում, մարտավարական դաշտում և այլ բացազատված տեղամասերում:
Հավաքի պետ, զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը մասնակիցներին ասաց, թե իրենց պարտականություններին գերազանց տիրապետող հրամանատարների շնորհիվ է, որ 1-ին բանակային զորամիավորումը մշտապես ցույց է տալիս մարտական պատրաստականության, պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ, ուստի յուրաքանչյուրիս պարտքն է` վստահված գործի հանդեպ ցուցաբերել պատասխանատվության բարձր զգացում:
Մարտավարական, թիկունքային, ռազմաբժշկական պատրաստության շուրջ դասախոսություններով հանդես եկան զորամիավորման վարչակազմի ներկայացուցիչները, իսկ մարտավարամասնագիտական, կրակային, տեխնիկական և այլ պատրաստություններից գործնական և ցուցադրական պարապմունքներին` նաև ենթակա զորամասերի հրամանատարության ներկայացուցիչներն ու ժամկետային զինծառայողները: Ներկաներն ուշադրությամբ ունկնդրեցին տարբեր զորատեսակների մարտական կիրառման, պաշտպանության գոտում ինժեներական սարքավորումների կազմակերպման, դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ և այլ կարևոր թեմաներով դասախոսությունները` կատարելով անհրաժեշտ նշումներ, հանդես գալով հարցադրումներով ու պարզաբանումներով:
Ուսումնական կենտրոնի տանկավարժարանում ականատես եղանք, թե ինչպես լեյտենանտ Կարեն Համբարձումյանի հրամանատարությամբ տանկը մեկը մյուսի ետևից խոցեց 2 թիրախները: Հանդիպեցինք անձնակազմին, փոխանցեցինք թիրախների խոցումից ստացած տպավորությունները: Երիտասարդ սպան համեստորեն ասաց.
– 3 թիրախներից 2-ը ոչնչացրինք: Անձնակազմի գիտելիքները ճիշտ օգտագործելով՝ համատեղ ուժերով կարողացանք 4-րդ ուսումնական կետում տանկային ստուգողական վարժությունից ստանալ «լավ» գնահատական:
Վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Համբարձումյանը դրվատանքով տվեց նաև տանկի նշանառու-օպերատոր Արմեն Ավետիսյանի և մեխանիկ-վարորդ Կարեն Գալստյանի անունները:
Հավաքի մասնակից հրամանատարներն ու տեղակալները չէին թաքցնում իրենց գոհունակությունը ցուցադրական պարապմունքներում որպես ուսուցանողներ հանդես եկող զինվորների պատրաստությունից:
Սպայակազմի անցկացրած դասախոսություններից ու ցուցադրական պարապմունքներից ոչնչով ետ չմնացին սերժանտ Ավագյանը, կրտսեր սերժանտներ Օխիկյանը, Գրիգորյանը, Սարգսյանը, Սարիբեկյանը, շարքային Բաշաչյանը:
Ցուցադրական պարապմունքներն օգնեցին ավելի լավ պատկերացնելու մարտական խնդրի կատարման նախապատրաստական աշխատանքները: Հավաքի ընթացքում հրամանատարներն ու նրանց տեղակալները ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվեցին մարտավարական թռուցկահավաքից, մարտավարական և ֆիզիկական պատրաստությունից:
«Ստորաբաժանումն ընտանիք է, զորամասը` տուն, բանակը` ամրոց»: Նրանց համար զինված ուժերի «Մասնագիտական կատարելագործման և կարգապահության ամրապնդման» տարվա կարգախոսն արդեն գործնական կիրառության մեջ է դրվել:
1-ին բանակային զորամիավորման հնգօրյա հրամանատարական հավաքները ցույց տվեցին, որ մեր հրամանատարներն օժտված են ռազմական կրթության բարձր որակներով, գաղափարապես և հոգեբանորեն լավ նախապատրաստված են, ունեն հրամանատարին անհրաժեշտ հմտություններ ու կարողություններ:
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #04 (1022) 6.02.2014 – 12.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում