Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄՈՒՍԱՆԵՐԸ ՉԼՌԵՑԻՆ. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱՐՑԱ՛Խ»



Լույս է տեսել Սասուն Գրիգորյանի «Մուսաները չլռեցին. քեզ համար, Արցա՛խ» հուշատեղեկատու գիրք-հանրագիտարանը։ Այն պատմում է 1988-1995թթ. Արցախյան ազատամարտում զոհված գրականության, մշակույթի, գիտության, սպորտի, հոգեւոր ոլորտի մարդկանց մասին։ Նրանց, ովքեր պետք է շենացնեին հայ միտքը, սակայն գերադասեցին իմացյալ մահը՝ հանուն հայրենիքի։
Գրքում ներկայացված են ավելի քան 40 գրողներ, որոնց մեծ մասը՝ արդեն տպագրված գրքերի հեղինակներ, մոտ 60 նկարիչ, որոնցից շատերը ԽՍՀՄ նկարիչների միության անդամ էին…
Հեղինակի համոզմամբ, գիրքը նպատակ ունի մոռացությունից փրկել այն հերոսների անունները, որոնք գրիչն ու վրձինը, հոգեւոր սքեմը փոխարինեցին զենքով։
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Հայաստանի ազգային գրադարանում։ Դրվատանքի խոսքերով հանդես են եկել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, բանաստեղծ Արտաշես Ղազարյանը եւ ուրիշներ։
Ներկայացված ստեղծագործություններն ընտրված են «Մուսաները չլռեցին. քեզ համար, Արցախ» գիրք-հանրագիտարանից։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՐՅԱՆ

Տեր իմ, հիմա քեզ խնդրում եմ ես,
Մորս աչքերը դու միշտ չոր պահես,
Չթողնես կյանքում դու նրան մենակ,
Սա է խնդրանքս, խնդրանքս միակ…

ՍՊԱՐՏԱԿ ԲԱԿՈՒՆՑ

Ո՞ւմ են մնացել ծովերդ խորունկ՝
Անգութ քույրերը անջուր Սեւանի,
Ծով ալիքներիդ խոյանքին փրփուր,
Խաղաղ ծովերիդ հազար երանի։

Ո՞ւմ են մնացել արեւներդ բորբ,
Արշալույսներդ՝ հագած ծիրանի,
Երեկոներիդ մեղմությունն արդար,
Ջերմ արեւներիդ հազար երանի։

Քո զավակները արեւից անդին
Ուրիշ արեւ են որոնում հիմի։
Կարոտ են նրանք արեւիդ լույսին,
Լույս արեւներիդ հազար երանի։
1988թ.

ՌՈԲԵՐՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ամեն գիշեր քնելիս,
Երազում հյուր ես գալիս,
Բայց ինձ համբույր չես տալիս,
Ես ինչո՞վ եմ մեղավոր։

Ամեն գիշեր քնելիս,
Սիրտս լալիս է, լալիս,
Երբ երազում չես գալիս,
Դառնում եմ ես ընկնավոր.
Երբ դու ինձ համբույր չես տալիս
Ինչո՞ւ, ինչո՞ւ սիրելիս։

Թող իմ գիշերը մթնի,
Սիրտս խոր, խոր քուն մտնի,
Բայց երազս քեզ գտնի,
Ռիտա, իմ աստղ լուսավոր։
1993թ.

ՌՈՒԶԱՆ ԵՍԱՅԱՆ

Սենյակիս լուռ մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն
Եվ հեքիաթ է հյուսում անտես
Սենյակիս լուռ մթության մեջ։
Ու ես՝ նրա դուստրը միակ,
Երազներիս դուռն եմ թակում,
Լուռ սենյակիս մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն։

ՅՈՒՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դու գիտե՞ս՝ ինչ է պոետի սերը,
Ես քեզ պոետի սիրով կսիրեմ,
Եվ այս աշխարհում իմ ողջ երկերը
Ես քեզնով, քեզնով լցված կերգեմ։

Ես կգուրգուրեմ քեզ իմ երկերով,
Իմ երգերի մեջ հովն է օրորվում.
Ես այրվում եմ միշտ քո անմար հրով,
Ա՜խ, մի՞թե, մի՞թե դու ինձ չես սիրում։

ԿԱՐԵՆ ԴՈՒՐԻՆՅԱՆ

Ես իմ բնական մահով չեմ մեռնի,
Քանի որ սիրտս կանչում է կռվի,
Քանի որ հոգիս այրվում է արդեն
Անմահ վրեժից։

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աշխարհն այս փշոտ
Կսեղմեմ կրծքիս,
Ու լուռ կտանեմ
Մի անփուշ երկիր։
Թեկուզ մինչեւ վերջ
Արնաքամ լինեմ։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Թափանցիկ վարագույր,
Նռներ՝ սեղանի վրա,
Վառած զույգ մոմեր,
Ծունկի իջած աղոթք,
Երկինք պարզած ձեռքեր,
Լռության մեջ հյուսվող
Սիրո երազ,
Տող դարձող խենթություն…

ԿՈՄԻՏԱՍ ՀԱԿՈԲՅԱՆ

…Ես կռվում եմ,
Ու կը-րա-կում եմ չափածո,
Տեղը պահում հանգն ու վանկը։
Տե՛ր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են
Իմ գրիչն ու ավտոմատը։

ՍԵՐՈԲ ՀԱՆԵՅԱՆ

Նստած սահմանում
Մորս եմ հիշում,
Հիշում եմ մորս
Ու մտահոգվում.
Ի՞նչ անեմ, մամ ջան,
Թանկ ես ինձ համար,
Զգում եմ, մամ ջան,
Կարոտած կլինես
Որդուդ հարազատ,
Բայց թե ինչ անեմ,
Երբ ինձ կանչում են
Հողը հայրենի,
Ջուրը մայրենի։
1992թ.

ԱՏՈՄ ԵԳՈՅԱՆ

Արցախ եմ եկել ես ոչ թե Մարսից,
Արցախ եմ եկել Արաքս-Մասսից,
Հանուն Արցախի թող մի օր զոհվեմ,
Զոհվածների մեջ չմոռանաք ինձ։
Հանուն Մասսի իմ կյանքը ի՞նչ է,
Մասիսը որ կա վեհություն, խիղճ է,
Թե զոհվեմ, դուք ինձ թաղեք Մասիսում,
Հանուն Մայր հողի զոհվելը քիչ է։
1994թ.

ՄՅԱՍՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ես գալիս եմ Մշո դաշտից, Աշտիշատից,
Հացեկացից բարեւ ունես, օ՜, Ղարաբա՛ղ,
Ես գալիս եմ Խնուսից եւ Բուլանուխից,
Պիտի հաղթես, պիտ հավերժես, իմ սուրբ Արցախ։
Ես գալիս եմ Արագածից դեպ Խրամորթ,
Դու Սիփանից եւ Նեմրութից բարեւ ունես,
Ես Վարդանանց քաջ տոհմից եմ աստվածամոտ,
Թշնամուս դեմ պիտի կանգնեմ միշտ պարզերես։
Քի՛րս եւ Մռո՛վ, ճամփա տվեք տարոնացուս,
Թուր Կեծակիս Թալեաթ, Էնվեր պիտի հնձի,
Ծովասարից Գանձասար սփռելու եմ ես լույսն հոգուս,
Թուրք-ազերին իմ նոր զարկից չի՛ պրծնի։
Ելե՛ք, տղե՛րք, դարձե՛ք մի սիրտ եւ մի բռունցք,
Արցախն արդար ինձ ու ձեզ է այսօր կանչում,
Մասիսն ու Վանքն են աշխարհում մեզ սուրբ բարձունք,
Մենք մեր ուխտից եւ մեր զենքից չենք ամաչում։
Հողիս համար թող ես կռվեմ, թող ես զոհվեմ,
Մա՛յր իմ, երբեք դու չտխրես, հպա՛րտ մնա,
Ռազմադաշտում ո՞վ է ասում՝ վերջին զոհն եմ,
Ես՝ մշեցիս, Արցախում պիտ անմահանամ։

ԲՈՐԻԿ ԹՈՒՆՅԱՆ

Ես մի պոետ առանց փառքի, կյանքս կտամ ես քո կյանքին,
Քո անբասիր վարք ու բարքին, ազատասեր քո ճախրանքին,
Մատուռներիդ հազարամյա ու մամռապատ քո սուրբ վանքին,
Միայն թե դու ապրես խաղաղ, իմ Ղարաբաղ, իմ Ղարաբաղ։

ՀԱՄԼԵՏ ՄԻՆԱՍՅԱՆ

Ես մինուճարն եմ հորս օջախի,
Հայոց սուրբ հողի պաշտպանը սրտանց,
Ա՜խ, եթե ընկնեմ հանուն Արցախի,
Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց.
Թշնամուն, տղե՛րք, վանեցե՛ք, ջնջե՛ք,
Որ հայոց հողում ես հանգիստ ննջեմ։
1991թ.

ՄԵՍՐՈՊ ՄԽԻԹԱՐՅԱՆ

…Գարուն է նորից, պայծառ, արեւոտ,
Անձրեւ է տեղում, չորացի՛ր, վառո՛դ։
Հո՛ղ իմ հայրենի, մնա՛ դու կանաչ,
Չի՛ ապրի երբեք քո որդին նահանջ։
Իմ ինչի՞ն են պետք փառքը եւ գույնը.
Թո՛ղ հար փողփողա իմ Եռագույնը…
Գարուն է նորից, մայիս է պայծառ,
Ա՜խ, ե՞րբ պիտ ծաղկես, վիրավոր Արցախ։
1993թ.

ԷԴՎԱՐԴ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ

Կատակ է թվում մահը ինձ համար,
Ծիծաղում եմ ես նրա դեմ այսօր,
Չի կարող խլել նա ինձ աշխարհից,
Սուր եմ ես պարզել նրա դեմ արդար,
Արցախ սիրելի, միայն քեզ համար։

Դիրքերում նստած արցունք չեմ թափում,
Ռումբից, ավերից սիրտս է ամպում,
Իմ, քո ոսոխի գանգը փշրելով,
Առաջ եմ նետվում անհուն վրեժով,
Արցախ սիրելի, միայն քեզ համար։

Կյանքն ու աշխարհը թանկ են ինձ համար,
Կարոտ ու սեր է սիրտս բոցավառ,
Մթնում է օրս դաժան մարտերում,
Բայց ես կռվում եմ, մահից չեմ դողում,
Արցախ սիրելի, միայն քեզ համար։

Կեսգիշերային մի խաղաղ պահի,
Երբ հրթիռներն են մահացու գոռում,
Երբ ռումերն են մահացու ոռնում,
Ես իմ դիրքերում կանգնած եմ համառ,
Արցախ սիրելի, միայն քեզ համար։
1994թ.

ՎԱՀԱՆ ԽԱՉԻԿՅԱՆ

Իմ հայ ժողովուրդ, դու՝ ուլունքաշար…
Քո հատիկները՝ աշխարհից աշխարհ,
Թափված գաղթաշատ, քո վսեմության
Երգն են ու վկան…
Թող որ իմ երգով Երթիդ միանամ,
Լուսաշող ճամփիդ մի ջահը դառնամ…

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Հոգևոր-մշակութային


24/03/2011